1in.am-ը գրում է՝
ՀՀ ոստիկանության զորքերն այսօրվանից մեկնում են մարտական հերթապահության: Մեկնման արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ոստիկանության զորքերն այսօրվանից միանում են ՀՀ զինված ուժերին՝ պաշտպանելու ՀՀ պետական սահմանը, կանգնելու մեր զինվորի կողքին: Մենք եկել ենք իրականացնելու ոստիկանության զորքերի ծառայողների ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Նրանք հենց հիմա մեկնում են մարտական հերթապահության»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի նախաձեռնությունը բացառիկ քաղաքական նշանակություն ունի, որը նաև բացահայտում է նրա արժեքային համակարգը, մտածողությունը, ինչն արմատապես տարբերվում է նրանից, որ պետական վերնախավն ունեցել է անցած քսան տարիների ընթացքում։
Ներքին զորքերը տարիներ շարունակ ունեցել են ռեպրեսիվ նշանակություն՝ իշխանության թելադրանքով բարիկադներ քաշելով երկրի ներսում, որի մի կողմում դեսպոտ իշխանությունն էր, մյուս կողմում՝ անպաշտպան հասարակությունը։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում իրենց իշխանությունը պահպանել են բացառապես երկրի ներսում բարիկադներ կառուցելու, անտագոնիզմի, ոստիկանական մահակի, բռնաճնշումների միջոցով, այլ խոսքով՝ նրանց իշխանության գինը եղել է քաղաքական և հասարակական կոնսոլիդացիայի ինստիտուցիոնալ ոչնչացումը։
Թավշյա հեղափոխությունը երկրում արմատապես վիճակ է փոխել։ Վերանում են իշխանության և հասարակության միջև տասնամյակներով վեր խոյացած պատերը, հեղափոխությունը երկրի ներսում սրբեց-տարավ բարիկադները։ Հասարակության աննախադեպ վստահությունն ունեցող իշխանությունը քաղաքական նոր մշակույթ է արմատավորում, որը կառուցված է հասարակական կոնսոլիդացիայի հենքով։ Այս համատեքստում արմատապես վերանայվում է նաև ոստիկանության զորքերի ֆունկցիոնալ նշանակությունը․ իշխանությունը երկրի ներսում այլևս չունի թիրախներ, հետևաբար՝ բարիկադների անհրաժեշտություն։ Մտածողություն, փիլիսոփայություն է փոխվել երկրում․ Փաշինյանը կարծում է, որ ռազմական ստորաբաժանման տեղը պետական սահմանն է, նրա պոտենցիալ թիրախը՝ թշնամին։ Ոստիկանության զորքերի սպան, ծառայողն այլևս կարիք չունեն «հերոսանալ» Երևանի փողոցներում՝ ընդդիմության հանրահավաքները ցրելու կամ բողոքավորներին խոշտանգելու գործընթացում։
Երկրում պարտվել է բարիկադային մտածողությունը ու դա թավշյա հեղափոխության, հասարակական համերաշխության ամենակիրառական ձեռքբերումն է։
Ուշագրավ է, որ ոստիկանական զորքերն առաջնագիծ են մեկնում երկրում տեղի ունեցող շրջադարձային իրադարձությունների համատեքստում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Քոչարյանը տաս տարի առաջ վտանգել է երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, բանակային ստորաբաժանումները բերել է մայրաքաղաք իր արյունոտ իշխանությունը, թալանի իրավունքը պաշտպանելու, թշնամու փոխարեն սեփական քաղաքացիներին գնդակահարելու համար։ Փաշինյանը սեփական քաղաքացուց պաշտպանվելու կարիք չունի և փոխում է ոստիկանության զորքերի ֆունկցիոնալ նշանակությունը՝ նրանց ուղարկելով առաջնագիծ, որպեսզի ավելի ամուր լինի Հայաստանի պաշտպանությունը։
Սա այն դեպքն է, որ Փաշինյանի՝ ընդամենը մի նախաձեռնությունը ոչնչացնում է Քոչարյանին՝ ավելի բացահայտ դարձնելով վերջինիս բարոյական սնանկությունը։
Աղբյուր՝ 1in.am