Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում արտոնյալների գոյությանը հեղափոխությանը հաջորդած ամիսներին. «Երբ նոր էի ընտրվել վարչապետ, հանրապետականները զանգում էին իրար ու ասում, այ մարդ մի 3 ամիս սպասեք, էս ոգևորվածությունը կանցնի, ամեն ինչ տեղը կընկնի, այսպիսի թեզեր էին առաջ քաշում: Արդեն 3 ամիս է անցել, բայց հանրապետականների վարկանիշն այսքան ընկած երբևէ չի եղել, իսկ հեղափոխության վարկանիշն օր օրի բարձրանում է: Ժողովուրդը տեսնում է, որ մենք չենք խաբում, մենք չենք թալանում, մենք մեր խոստումները կատարում ենք ու ժողովրդին սիրում ենք, ժողովուրդն էլ մեզ է սիրում:
Մյուս թեզը, որ՝ վա՜յ, անփորձ են, անփորձ կադրեր են, էս ոնց են անելու: Ես էլի եմ հայտարարել՝ Հայաստանում սկսվել է նոր կառավարում՝ ժողովրդավարական ճանապարհով: Մենք այն, ինչ արել ենք, աշխարհում չկա մի երկիր, որ այդ փորձը ունենա: Ինձ ասում էին՝ ախր հեղափոխությունն այդպես չէին անում, եթե ուզում ես անես հեղափոխություն, պետք է գնաս սրա հետ պայմանավորվես, ոստիկանության ու ԱԱԾ-ի հետ պայմանավորվես, սա անես, նա անես, որ հեղափոխությունը լինի: Ասում էին՝ առաց դրա հեղափոխություն չի լինի, տեսա՞ք ոնց եղավ: Ընդանուր առմամբ, ես կարծում եմ, որ այո, Հայաստանն այսօր գտնվում է ժողովրդավարության աննախադեպ բարձր մակարդակի վրա: Այսպիսի մակարդակ երբևէ տեղի չի ունեցել: Ես ասում եմ որպես մարդ, որը Երրորդ հանրապետության առաջին օրերից տեղյակ է ու որպես լրագրող լուսաբանել է ՀՀ քաղաքական կյանքը: Հիշու՞մ եք, երբ ՀՀ-ում նոր կարգեր հաստատվեցին, որոշ անձինք ժողովրդավարությունն անվանեցին ամենաթողության սկիզբ, որովհետև սովոր էին, որ այդպես է լինելու: Իրականում ժողովրդավարությունն օրենքի գերակայության առումով ամենախիստ կառավարման մեթոդն է, որը ենթադրում է խստագույն կարգապահություն՝ որոշումներն ի կատար ածելիս: Մարդիկ կան, ասում են՝ մենք հեղափոխությունը բա պաշտպանել ենք, բա պետք ա առանց համարների ման գանք քաղաքում, բա մեր քյարը ո՞րն ա: Ես քանի վարչապետ եմ, իմացեք, Հայաստանում արտոնյալ չի լինելու: Ինձ հարցնում են՝ ինչի՞ ես շատ կոշտ հայտարարություններ անում, որոշ մարդիկ անվանում են դրանք էմոցիոնալ: Ես ասեմ, Հայաստանում հաստատված ավանդույթներ կան, որոնք մենք հիմա վերացնում ենք: Ես, օրինակ, բոլոր նախարարների ու պաշտոնյաների հետ խոսում եմ դուք-ով, նրանց դիմում եմ ազգանունով, ընդհատելու համար ներողություն եմ խնդրում, մի բան հանձնարարելիս գրում եմ՝ խնդրում եմ արեք, ինձ ոմանք զարմացած նայում են, ասում են վայ, էս իրենց մտածելակերպով ասած՝ ինտելիգենտա, ես սա ասում եմ, որ մարդիկ չմտածեն, թե եթե ժպտում ենք, մենք կատակում ենք, ոչ, մենք չենք կատակում ու ով սա մոռանա, օրենքի ուժը կզգա: Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի մոտիկ, բաջանաղ, վարչապետենց քուչի լավ տղա, սենց բաներ չեն լինելու: Քանի ես վարչապետ եմ, այդ բաջանաղ-ախպերական կամ 50 տոկոս փայ մտնող, արագ տեմպերով միլիոնատեր դարձող ախպեր, մարդկանց ավտոների վրա քշող վարչպետի ախպոր տղա չի լինելու: Հիմա մեզ ասում են՝ իմացեք, ձեր օգտին խորհրդարանում չենք քվեարկելու, ձեզ չենք աջակցելու, է այ քեզ բան, մի աջակցեք, ինչի մենք ձեզ երբևէ խնդրե՞լ ենք մեր օգտին քվերկել, էդպես ժողովուրդն է ուզել: Գնանք ձորերից քցվենք էլի, որ ձեր հույսին մնալու»,- ասաց Ն. Փաշինյանը: |