Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հետ է վերադարձվել:
Նման որոշում է կայացրել դատավոր Հայարփի Զարգարյանը: Հայցադիմումը վերադարձվել է դրանում թույլ տրված խախտումները վերացնելու և եռoրյա ժամկետում դատարան կրկին ներկայացնելու պատճառով:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Քոչարյանը դիմել է դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաև Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ուժային կառույցի ղեկավարների զրույցը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին:
Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
Armtimes.am-ը Հայկ Ալումյանից տեղեկացել է, որ հայցադիմումը կրկին ներկայացրել են դատարան: Այս անգամ հայցադիմումը մակագարվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին: