«Առաջին լրատվական»-ը գրում է․
Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները և որոշեց, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։ ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչներն այս օրերին լծված են նրա պաշտպանության գործին, անգամ չեն բացառում Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձը։ Կարո՞ղ է արդյոք Ռոբերտ Քոչարյանը դառնալ մոբիլիզացիոն ուժ հակահեղափոխական ուժերի համար։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Քոչարյանը պատահական չշտապեց Հունաստանից վերադառնալուց հետո ասուլիս տալ մինչև կալանքի որոշման ընդունումը և հայտարարել, որ ինքը պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն. «Իհարկե, Քոչարյանը այժմ այլ տարբերակ չունի, քան փորձել քաղաքական թիմ հավաքել, բայց դրա համար ռիսկերը շարունակում են մեծ մնալ, որովհետև ակնհայտորեն քաղաքական վեկտորը ոչ ոք բացահայտ չի շտապում սատարել, անգամ այն քաղաքական ուժերը, որոնք փորձեցին նրան ինչ-որ ձևով քաղհալածյալ դիտարկել, նրանք էլ բավականին զգուշավոր են, վախենում են հասարակական պարսավանքից և ընդվզումից։ «Բացի ֆեյք ակումբից, դժվար թե Քոչարյանին հաջողվի ինչ-որ լուրջ քաղաքական հենարան ձևավորել։ Փող շատ ունի, խնդիր չկա, բայց միջավայրը բացարձակապես այդ փողն աշխատեցնելու պայման չի տալիս Քոչարյանին»,- ասաց նա։ Քոչարյանը կփորձի ինչ-որ ձևով ազատություն ստանալ, և, Ստյոպա Սաֆարյանի խոսքերով, հեռանալ երկրից, քանի որ նա տեսնում է հասարակական վերաբերմունքն իր անձի նկատմամբ, և նա պիտի որ հասկանա, որ իր ժամանակները մեկընդմիշտ անցել են, եթե իհարկե այդպիսի ժամանակներ եղել են, որովհետև չի էլ եղել այնպիսի ժամանակ, երբ հասարակությունը նրան անվերապահ պահանջեր։
«Այսօր և՛ հասարակությունն է փոխվել, և՛ հասարակությունն է կուշտ նրա պաշտոնավարումից և նրա «սխրագործություններից», հետևաբար, նա կմտածի ավելի շատ ինչ-որ վիճակ ստեղծել, գործը կարճել տալ և Հայաստանից թալանածը վերցնել ու հեռանալ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
ՀՔԾ-ն, նրա խոսքերով, հստակ հասկացնել տվեց, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ։
«Դատական համակարգը, իհարկե, նեխել է, և այդ նեխելու հեղինակը կրկին Քոչարյանն է։ Եվ գրեթե վստահ եմ՝ դատավորը, որն ըստ էության իր ամբողջ կարիերայով, կյանքով և ունեցվածքով պարտական է Քոչարյանին, ուղղակի իր պարտքը կատարեց Քոչարյանին, և այստեղ արդարադատության մասին խոսելն ընդհանրապես աբսուրդ է, որովհետև ակնհայտորեն չգիտակցել, որ նման մեծ կարողություններ ունեցող մեկը կարող է խոչընդոտել քննությանը, ազդել վկաների ցուցմունքների վրա, կազմակերպել կեղծ ցուցմունքներ և ամեն ինչ, այստեղ իրավաբան լինել անգամ պետք չէ, բացարձակ ակնհայտ է՝ հասկանալու համար, որ դատական համակարգում այդ ազարյաններից մինչև քննչական մարմիններում նստած այլ ազարյաններ Քոչարյանը ունի, առավել ևս նկատելի է՝ վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը և նրա թիմը ուղղակի փողեր է, որ վատնում են սոցիալական ցանցերում, լրատվամիջոցների վրա՝ սեփական քարոզչությունը տանելու համար, հետևաբար, արդարադատության հետ կապ չուներ այն, ինչ արվեց, և ես ակնկալում եմ, որ դատախազությունն արագ կբողոքարկի այս որոշումը և կընդունի կալանքի որոշումը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Նրա դիտարկմամբ՝ ակնհայտորեն դատարանները դեռևս չեն սթափվել, ուղղակի պետք է հետաքննություններ լինեն՝ ինչ գործոնների տակ է նա կայացրել այս որոշումը, և ընդհանրապես ով է այդ դատավորը, արդյո՞ք նա կապ ունի արդարադատության հետ, թե նախկինում կազմակերպված հանցավոր խմբավորման մաս է, և իր առաքելությունն է եղել հանցագործներին միշտ հովանավորության տակ վերցնելը։
«Կարծում եմ՝ դատավորի գործունեության նկատմամբ մեծ հետաքննություն պետք է սկսվի։ Եվ եթե պարզ դարձավ, որ նա այդ կազմակերպված հանցավոր խմբի մի մասն է, բնականաբար, նա պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասաց նա։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի կարծում, որ Քոչարյանը այս պահին այն ուժն է, որի շուրջը կհավաքվեն հակահեղափոխականները, որովհետև Քոչարյանն իր կենսագրության մեջ ունի Մարտի 1, և հասարակությունը նրան չի ընդունում։ Նա հակված չէ մտածել, որ Ռոբերտ Քոչարյանը հակահեղափոխական ուժերին միացնողը կարող է լինել, բայց միևնույն ժամանակ նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը շեշտակի հարված է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ «Սրանով ևս մեկ անգամ ազդակ տրվեց պարոն Փաշինյանին, որ արտաքին քաղաքականության ոլորտում նա շատ զգույշ պետք է լինի։ Ես ավելի հակված եմ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը տեսնել արտաքին ուժերի և կոնկրետ ՌԴ-ի ազդեցությամբ»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ հիմա այսպես են Հայաստանի իշխանություններին հասկացնում, և մեր իշխանությունը պետք է զգույշ լինի։
«Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում. Քոչարյանի շուրջ տիրող իրավիճակը ուղղակիորեն ոչ առողջ մթնոլորտ է ստեղծել համացանցում։ Ես դա չեմ ընդունում և կարծում եմ, որ դա մեծ վտանգ է մեզ համար, որովհետև այն ինչ տեղի է ունենում սոցիալական ցանցերում երեկվանից, նորմալ չէ։ Չեմ ասի, որ Ռոբերտ Քոչարյանը շատ մեծ կողմնակիցներ ունի, բայց այն իրավիճակը, որ մենք տեսնում ենք սոցիալական ցանցերում, ուղղակիորեն բացահայտ պառակտում է հասարակությունը, որը մեզ համար ընդունելի չէ։ Մենք այն վիճակում չենք, որ պառակտվենք։ Ես կցանկանամ, որ կրքերը երկրորդ պլան մղվեն և ավելի սթափ մտածենք տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, քանի որ ես հակված չեմ մտածել, որ սա զուտ հայկական պրոցես է, արտաքին ուժերն էլ են շատ խառնված։ Ես երևի թե նոր բան չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը բավական տեղյակ է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից։ Ես շատ ուրախ կլինեի, որ ՀՀ-ն այնպիսի երկիր լիներ, որ իրոք կարողանար բացահայտ առճակատման գնալ Ռուսաստանի հետ, կամ իրոք վարեր այնպիսի քաղաքականություն, որի մասին մենք կերազեինք։ Բայց չմոռանանք, թե որտեղ ենք ապրում, ինչ հարևաններ ունենք, ինչ իրավիճակ է Մերձավոր Արևելքում, և ինչ խնդիրներ կունենանք մենք ապագայում։ Ես չեմ ասում՝ պետք է բացահայտ առճակատման մեջ մտնենք պաշտոնական Մոսկվայի հետ, բայց ամեն ինչ կարելի է լուծել բանակցությունների միջոցով։ Երբեք չմոռանանք մեր պատմության դասերը՝ սկսած Պապ թագավորից, վերջացրած 1920-1921 թվականների իրադարձություններով, որի հետևանքով ամենից շատը տուժեց հայ ժողովուրդը»,- ասաց Գագիկ Համբարյանը։
Քաղաքագետ Միքայել Զոլյանը չի բացառում, որ Քոչարյանի նպատակը հենց հակահեղափոխական ուժերի համար մոբիլիզացնող ուժ դառնալն է։ «Այստեղ կա հարցի երկու կողմ: Մի կողմից, ակնհայտ է, որ Քոչարյանն այսօր Հայաստանում ամենաատելի մարդկանցից մեկն է: Անգամ Սերժ Սարգսյանին այսօր, կարծում եմ, հանրության մեջ համեմատաբար պակաս բացասական են վերաբերվում, քան Քոչարյանին: Այնպես որ, գրեթե բացառված է, որ Քոչարյանը կարողանա հենց ինքը վերադառնալ մեծ քաղաքականություն և ստանալ ժողովրդի որևէ զգալի մասի աջակցությունը»,- ասաց Զոլյանը։
Բայց, նրա խոսքերով, դա չի նշանակում, որ Քոչարյանը չի կարող փորձել դառնալ հակահեղափոխական ճամբարի դե ֆակտո առաջնորդ։ «Քոչարյանն իրոք ունի մեծ ռեսուրս՝ նաև ֆինանսական առումով, բայց ավելի կարևորն այն է, որ պետական համակարգում աշխատող պաշտոնյաներից, ազդեցիկ բիզնեսմեններից շատերը հենց նրա օրոք և նրա շնորհիվ են հայտնվել իրենց տեղերում: Այդ մարդիկ այսօր սպասողական դիրք են բռնել, բայց հենց զգան հեղափոխության թուլությունը, կարող են հարված հասցնել: Եկեք չմոռանանք, թե ֆորմալ իրավական առումով որքան խախուտ է այսօր Հայաստանի ներքաղաքական հավասարակշռությունը: Եթե տեսականորեն վաղը Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ պատճառներով չկարողանա կատարել իր պարտականությունները, ԱԺ-ն պետք է նոր վարչապետ ընտրի, և, հաշվի առնելով ԱԺ ներկա կազմը, շատ կասկածում եմ, որ այդ նոր վարչապետը կլինի հեղափոխական թիմից: Այնպես որ, այս վտանգը պետք չէ թերագնահատել: Դրան գումարվում է այն, որ Քոչարյանը ժամանակին կարողացել էր Մոսկվայում ստեղծել տպավորություն, թե իբր ռուսամետ գործիչ է: Թեև իրականում նրա արտաքին քաղաքականությունը ոչնչով չէր տարբերվում նրա հետնորդ Սերժ Սարգսյանի քաղաքականությունից, բայց Սերժ Սարգսյանին Մոսկվայում բացասաբար էին վերաբերվում և լուրջ չէին ընկալում, իսկ Քոչարյանին համարում էին, այսպես ասած՝ մերոնքական: Իհարկե, չեմ կարծում, որ այսօր Մոսկվան կգնա ինչ-որ քայլերի, որ Քոչարյանին հետ բերի, դա Մոսկվային ներկայիս իրավիճակում պետք չէ, դրանից բացի՝ այնտեղ հասկանում են, որ դա իրատեսական չէ: Բայց Քոչարյանի կողմնակիցները, կարծում եմ, անպայման կփորձեն շահարկել այդ գործոնը: Այնպես որ, կարծում եմ, այսօր իրոք շատ կարևոր է ցույց տալ, որ նոր կառավարությունն ունի ժողովրդի մեծագույն մասի աջակցությունը, որպեսզի որևէ ուժերի մոտ, լինի երկրի ներսում, թե դրսում, չառաջանա գայթակղություն՝ գնալ ինչ-որ հեղաշրջման փորձի»,-ասաց քաղաքագետը։
Լուսանկարը՝ panorama.am-ի