Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով:
Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ Նոր Նորքի իր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ են խաղում:
Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ, ինչի հետեւանքով Անդրանիկ Հարությունյանը սպանվում է: Դեպքից անցել է 7 օր, եւ դեռեւս հայտնի չէ, թե ով կամ ինչու սպանեց Անդրանիկ Հարութունյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները գործը բացահայտելու համար ամեն ինչ անում են եւ հնչեղություն ունեցող անձանց պատեհ-անպատեհ կանչում են հարցաքննության` հասկանալու համար, թե ինչ գիտեն նրանք Անդրանիկ Հարությունյանի մասին:
Այս իրավիճակին զուգահեռ,«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, մի շարք մարդիկ իրավապահներին տեղեկություններ են հայտնել, սակայն նախաքննական մարմինը քննությունը գաղտնի է պահում, որ հանկարծ Անդրանիկ Հարությունյանի մտերիմները հաշվեհարդար չտեսնեն, եւ հերթական արյունահեղությունը տեղի չունենա: