Մեզանից ցանկացածը մեկ անգամ չէ, որ հայտնվել է դժվարին իրավիճակներում, որտեղ կյանքի հետ կապված խնդիրների հարցում որոշում կայացնելն առաջացնում է ներքին անհանգստություն, գրգռվածություն, աշխատունակության նվազում: Մշտական հոգնածությունը, անքնությունն ու վախի զգացողությունը, տրամադրություն չունենալը և որևէ բան դժկամությամբ անելը հաճախ անվանում են նևրոզ: Բայց ի՞նչ է այն իրականում։
Նևրոզը նյարդային հոգեկան խանգարում է, որի պատճառը տրավմատիկ հանգամանքներն են, որոնք սերտորեն կապված են մարդու կյանքում կարևոր հարաբերությունների հետ: Նևրոզը հոգեբուժական հիվանդություն չէ, այն վերաբերում է սահմանային հոգեվիճակին և երբեք չի հանգեցնում հոգեկան հիվանդության: Որպես նևրոզի հիմնական ախտանիշ՝ նշվում է լիովին չգիտակցված ներքին կոնֆլիկտը: Նևրոզի արտաքին նշանները կարող են նման լինել մարդու ներքին օրգանների որոշ հիվանդությունների ախտանշաններին:

Նևրոզի առաջացման պատճառները
Նևրոզի առաջացման պատճառ կարող են լինել տարբեր գործոններ: Սա բնորոշ է նյարդային համակարգին և մարմնի կառուցվածքային առանձնահատկություններին, ինչպիսիք են անձի տիպը, դաստիարակությունը, հիվանդությունները և կրթությունը:
Նյարդային համակարգի հորիզոնները նեղացնելուն հանգեցնում են նևրոտիկ հոգեբանական տրավմաները, կոնֆլիկտները և խնդիրները լուծելու բացասական փորձը, սթրեսը: Այդ հոգեբանական ցնցումները կարող են առաջանալ դեռ մանկության շրջանում և ուղեկցել մարդուն նրա ամբողջ կյանքի ընթացքում: Հետագայում, այս կամ այն ոլորտում բացասական փորձը կարող է ուղղվել գործունեության այլ ոլորտներ: Ավելի ուշ այն կարող է առաջացնել դեպրեսիա, կարող են ի հայտ գան վախեր և մշտական հոգնածություն, ագրեսիվություն, դյուրագրգռություն և, որպես հետևանք, կյանքի նկատմամբ դժգոհության զգացողություն: Նևրոզի ախտանիշերը կարող են չափազանց բազմազան լինել: Բայց որպես նևրոզը բնութագրող հիմնական ախտանիշ՝ հանդես է գալիս ներանձնային կոնֆլիկտը, որը չի գիտակցվում մարդու կողմից:
Նևրոզի բուժումը
Նևրոզի բուժման համար անպայման պետք է հաշվի առնել սրտանոթային և մարսողական համակարգերի վիճակը: Ախտորոշումը կատարելուց հետո կարող են նշանակված լինել բարդ թերապևտիկ միջամտություններ, այդ թվում՝ այնպիսի դեղանյութեր, որոնք կարգավորում են օրգանիզմի կոնկրետ համակարգերը: Որոշ դեղամիջոցների միջոցով նևրոզի բուժումը գործնականում անհնար է: Նևրոզի բուժման հիմնական մեթոդը հոգեթերապիան է: Պետք է ընդգծել, որ նևրոզի բուժմամբ պետք է զբաղվի ոչ թե հոգեբանը, այլ հենց հոգեթերապևտը, ով տիրապետում է հոգեմետ դեղամիջոցների ազդեցության մասին տեղեկատվությանը: Նևրոզը պահանջում է բուժման կուրս: Ճիշտ ընտրված դիետան, մերսումը, զբոսանքները բնության մեջ, ջրային պրոցեդուրաները տալիս են լավ արդյունք: Բայց մենք պետք է հիշենք, որ նևրոզի բուժման ժամանակ ամենակարևորը հիվանդի՝ առաջացած խնդիրները հաղթահարելու ցանկությունն ու մտադրությունն է:
