Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կդատի՝ բոլոր երեք նախագահներին

Lurer.com-ը գրում է՝

ՀՔԾ-ում Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակը  երեկ շատ արագ փոխվել է՝ նա վկայից դարձել է մեղադրյալ. Երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը պետական ծանր հանցագործություն է: Դատարանը Քոչարյանի կալանավորման հարցով նիստ կանցկացնի և վճիռ կկայացնի միայն այսօր։

Մյուս կողմից հարկ է նշել , որ 1996-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծումը եւ նույն թվականի սեպտեմբերի 26-ի դեպքերը, երբ ԱԺ տարածք մտած ցուցարարների դեմ ուժ կիրառվեց՝ նույնպես սահմանադրական կարգի բռնազավթում էր, այսինքն՝ այն, ինչի մեջ այսօր մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին:

Այդ նույն տրամաբանությամբ արդյո՞ք ՀՔԾ-ն պատրաստվում է հրապարակել այն հրամանը, որով 1996թ. սեպտեմբերին քաղաքական հարցեր լուծելու համար բանակը Երևան մտցվեց՝ ճնշելու համար նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերը, և որն էլ հիմք դարձավ, որ այն ժամանակվա Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարի. «Եթե Վազգեն Մանուկյանը 100 տոկոս էլ ձայներ հավաքած լիներ, բանակը չի ընդունելու նրան»։

Եթե այո, ՀՔԾ֊ն պատրաստվո՞ւմ է քրեական գործ հարուցել այդ կապակցությամբ և այն ժամանակվա Գերագույն գլխավոր հրամանատար Լևոն Տեր֊Պետրոսյանին կանչել հարցաքննության ու մեղադրանք առաջադրել։

10 տարի ընդդիմադիր գործիչները բարձրացնում էին մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցը, և այսօր, երբ ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իշխանության է եկել, խոստանում է բացահայտել այն, սակայն նույն Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը թեև ներկայացվում է որպես արյունոտ Մարտի 1֊ի գործի մաս, այսուհանդերձ, այն անմիջականորեն սպանություններին չի վերաբերվում, նա մեղադրվում է բանակը Երևան մտցնելու մեջ, այսինքն՝ այն նույն բանի համար, որն 2008-ից 12 տարի առաջ 1996-ին արել է Լևոն Տեր֊Պետրոսյանը:

Եթե 2008-ին սահմանադրական կարգը բռնազավթվել է, ակնհայտ է, որ դա նորանկախ Հայաստանի պատմության մեջ նման առաջին դեպքը չէր:

2008-ից հետո իշխանության եկած Սերժ Սարգսյանը 10 տարվա ընթացքում չի հաջողացրել անցկացնել անգամ մեկ անթերի և թափանցիկ ընտրություն: Կեղծվել են 2013-ի նախագահական, 2015-ի սահմանադրական փոփոխությունների և 2017-ի խորհրդարանական ընտրությունները:

Այսինքն, այս նույն տրամաբանությամբ, տաս տարի շարունակ Սերժ Սարգսյանը իշխանությունը բռնազավթված է պահել: Ընդ որում, նրա իշխանության լեգիտիմությունն էլ ամեն անգամ «սրբորեն» հաստատվել է Սահմանադրական դատարանի կողմից, և ընդդիմության բոլոր փորձերը վիճարկել ընտրությունների լեգալությունը և Սարգսյանի լեգիտիմությունը այդ բարձր ատյանում՝ անօգուտ են եղել:

Սերժ Սարգսյանն էլ արել է նույնը, ինչ արել են Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ անգամ բանակը մայրաքաղաք մտցնելու ժամանակ՝ 2008-ին, ընդդիմության ցույցերին մասնակցում էին այսօր իշխանության եկած գործիչներից շատերը: Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ մեկ տարի փախուստի մեջ էր, ապա դատվեց և 2 տարի բանտ նստեց։

Եվ եթե նա վարչապետի պաշտոնում հավատարիմ է իր նախընտրական խոստմանը, որ վենդետաներ չեն լինելու, և եթե Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը բռնազավթելու հոդվածով մեղադրանք առաջադրելը վենդետա չէ, ապա պետք է քրեական գործ հարուցվի նաև ՀՀ երկու նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով:

Աղբյուր՝ Lurer.com

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS