Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, այս ի՞նչ ենք անում. սա ռումբ է պետականության համար. Ռոբերտ Քոչարյան

Ինձ մեղադրանք առաջադրելուց առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները հիմա պետք է նստած լինեին, այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով, Մարտի մեկի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ռումբ է՝ դրված երկրի տակ։

«Սա վտանգավոր պահ է հենց երկրի համար։ Ռումբ է՝ դրված մեր պետականության տակ։ Սահմանադրական դատարանի որոշման այս ձևով վերանայումը մի ռումբ է, որը հաստատ պայթելու է, հնարավոր չի, որ սա չպայթի։ Իրավական համակարգը շատ մեծ վտանգի տակ է», — հայտարարել է Քոչարյանը։

Պաշտոնաթող նախագահի կարծիքով, ներկայիս իշխանությունը հավերժական չէ և ամեն նոր եկած իշխանություն իր հերթին վերանայելու է քրեական գործը, ինչի հետևանքով «մարտի մեկը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին, եթե այս ձևով փորձեն բացահայտել»։

«Սա բացահայտում չէ, իրենք նշանակել են մեղավորներին և այդ նշանակման համար ձևակերպումներ են ընտրում, թե ինչ ձևով դրանք իրար կցեն, որ այդ մեղադրանքը ապահովեն», — հավելել է Քոչարյանը։

Նա կարծում է, որ նման քրեական գործը բանակի պախարակում է. «Երկրի համար վտանգավոր է, պատկերացրեք՝ ամբողջ բանակի վերնախավը մեղադրվում է, բանակն է մեղադրվում։ Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, այս ի՞նչ ենք անում։ Այս կարգի պախարակումը բանակին ինչի՞ է բերելու։ Պատերազմի հարցը լուծված է, սահմանները հանգիստ են, անելիք չունե՞նք»։

Նախկին պաշտոնյան նկատեց, որ հարցաքննությունից եզրակացրել է, որ մարտի մեկի քրեական գործով այլ նախկին բարձրաստիճան զինվորականներ ևս կանցնեն։

«Մեր ամբողջ բանակը հանցավոր է դառնում, մարդիկ, որոնք մեր փառավոր հաղթանակների հեղինակներն են», — նկատեց Քոչարյանը։

Աղբյուր՝ Aysor.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS