«Քոչարյանը կանգնեց ասաց մեր կողմից էլ զոհեր կան, մեկ ժամ հետո իմ որդուն սպանեցին»

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի մեկի գործով կալանավորելու որոշում է կայացրել: Մարտի մեկի զոհերի հարազատները զանգում են իրար, աչքալուսանք տալիս, երկար են սպասել այս օրվան։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասել է 2008-ի մարտի 1-ին զոհված ոստիկանական զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը՝ հավելելով, որ այս օրվան ամբողջ ժողովուրդն է սպասել։

«Շատ ենք ուրախացել, որ վերջապես արդարությունը կարող է բացահայտվի։ Լսեցի Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ որևէ զինվորի բան չի եղել, որևէ մեկը չի վիրավորվել, չի զոհվել, ես շատ խիստ վիրավորվել, վրդովվել էի»,- ասել է տիկին Ռուզաննան, հավելելով, որ հիմա էլ մտավախություն ունի, որ հանկարծ վերջում շոու չսարքեն։ Նա նշել է, որ հավատում և վստահում է Նիկոլ Փաշինյանին. «Նիկոլը միշտ մեր կողքին է եղել, նա հույս է ներշնչում, որ կարող է ինչ-որ բան ստացվի։ Տասը տարի ես դեպրեսիայի մեջ եմ եղել, վստահ էի, որ ոչինչ չի լինի, չի բացահայտվի, բայց հիմա ոգևորություն կա մեջս, որ գոնե մեկը կպատժվի, պատասխանատվություն կկրի այդ ամենի համար։

Անդրադառնալու Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների գնահատականներին, որ առաջադրված հոդվածի և կոնկրետ արարքների միջև կապը չեն կարողանում հասկանալ, տիկին Ռուզաննան նշել է. «Ինչո՞ւ է կալանավորված… թող գան ինձ հարցնեն, կասեմ ինչու է կալանավորված։ Իմ որդին իր զորքի հետ կանգնած էր Լեոյի փողոցում, որտեղ ցուցարար չկար, ժամը իննին Քոչարյանը կանգնեց ասաց մեր կողմից էլ զոհեր կան, մեկ ժամ հետո իմ որդուն սպանեցին, որ իր խոսքը ճիշտ դուրս գար»,-ասել է Տիգրան Աբգարյանի մայրը։

Նրան հիմա մի բան է հետաքրքրում՝ այնպես չլինի, որ Ռոբերտ Քոչարյանը կարողանա դուրս պրծնել այս ամենից։

«Անցած տասը տարիների ընթացքում մենք միայն անտարբերություն ենք տեսել, կոծկել են գործը, այնպես որ մարտի մեկը իրենց կոկորդին կանգնած է մնալու։ Եթե հիշում եք, խանութների կոտրված ապակիների համար արագ փոխհատուցում տվեցին, բայց ութ ընտանիքներին, ես մեզ չեմ հաշվում, իմ որդին զինվոր էր, մյուսները արդեն երեխաներ ունեին, իրենք ընտանիքների հենասույնն էին, ոչ մեկի մտքով չանցավ ասեին սրանց երեխաները մնացին անտեր-անտիրական», ասել է տիկին Ռուզաննան։

Նա պատմել է, որ ամուսինը որդու կորստին չի դիմացել, մեկ տարի հետո մահացել է, ինքն էլ տասը տարի հազար հիվանդություն ունի և հիմա պատրաստ  է դատարան գնալ, նայել աչքերի մեջ և սրտի կուտակվածը ասել։

Ովքեր մեղավոր են մարտի մեկի գործով, լինի Գրիգոր Գրիգորյան, Տեր-Պետրոսյան, Միքայել Հարությունյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան և այլք, նրանք բոլորը պետք է պատասխան տան։

«Ճիշտ է, իմ որդուն հետ չեմ բերի, բայց ես կիմանամ սնայպերով ո՞ր խփեց իմ որդուն, և ամենակարևորը` ինչի համար։ Այս ամենը աթոռի համա՞ր… Ինչքան թանկ արժեր այդ աթոռը, որ իմ որդու աթոռից թանկ արժեր..»

Նյութի աղբյուրը՝ Lragir.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS