Հայ բժիշկները բառի բուն իմաստով ՛՛կպցրել են՛՛ երիտասարդի պոկված թևը…

«Հերացի» համալսարանական կլինիկայում տրավմատիկ անդամահատումից հետո հիվանդի աջ թեւը կարել են: Արագածոտնից 29-ամյա Ժորա Խաչատրյանը ծանր վնասվածք էր ստացել արտադրության մեջ:

Վերջույթը հաջողվեց վերականգնել ռեանիմատոլոգների, անեսթեզիոլոգների, տրավմատոլոգների եւ նեյրովիրաբույժների համակարգված աշխատանքի շնորհիվ:

Ինչպես լրագրողներին հայտնեց պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, վիրահատությունը կատարվել է սեպտեմբերի 3-ին եւ տեւել է 7,5 ժամ:

«Նախ կատարվում է վերքի առաջնային մշակում, ճիշտ է գնահատվում հիվանդի եւ կորցրած վերջույթի վիճակը, որից հետո որոշում է ընդունվում՝ այն վերականգնման ենթակա է, թե ոչ:

Սա բարդ դեպք էր: Նման վնասվածքները դժվար է վերականգնել: Մեր վնասվածքաբանները ժամանակին ամրացրին մկանները, որից հետո սկսվեց վերաիմպլանտացիայի պրոցեսը, որը հաջող անցավ»,- հայտնեց նա:


Նրա խոսքով՝ վիրահատությունը սկսելուց արդեն 2-2,5 ժամ հետո վերականգնվել է արյան շրջանառությունը: «Հիվանդը գիտակցության մեջ է, նրա վիճակը համապատասխանում է ստացած վնասվածքին եւ տարած վիրահատությանը:
Մենք ճիշտ որոշում ենք ընդունել՝ նրա թեւը վերականգնելով»,- նշեց վիրաբույժը:

«Համակարգված աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք վերջույթը լիովին վերականգնել, եւ լրացուցիչ միջամտության անհրաժեշտություն չի լինի, քանի որ վիրահատության ժամանակ մենք ստիպված էինք թեւը 5 սմ-ով կարճացնել»,- տեղեկացրեց Սահակյանը:

Ինչպես նշվեց, սովորաբար վերականգնման ժամանակահատվածը տեւում է 1-1,5 տարի:

Մինչդեռ բժիշկները վստահ են, որ Ժորա Խաչատրյանը կկարողանա վիրահատված ձեռքն օգտագործել եւ նույնիսկ գրել:

«Հիվանդը լավատեսորեն է տրամադրված, իրեն քաջասիրտ է պահում:

Սա կօգնի նրա հետագա վերականգնման գործին, քանի որ շատ կարեւոր է, որ հիվանդը վստահի բժշկին եւ լավատես լինի»,- շեշտեց վիրաբույժը:

Աղբյուր՝ Med.news.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS