Հարգելի ժողովուրդ, գիտե՞ք, թե ով է Քոչարյանի գործով հայտնի դատավոր Դավիթ Գրիգորյանը

Ո՞վ է իրականում Քոչարյանի գործով հայտնի դատավոր Դավիթ Գրիգորյանը, անսպասելի՞ էր արդյոք նրա կայացրած որոշումը: Դատելով դեպքին հաջորդած իշխանության կտրուկ արձագանքներից, պարզ է դառնում, որ նրանց համար իրոք զարմանալի էր, իսկ ինձ համար` խիստ կանխատեսելի:

Դավիթ Գրիգորյանի հայրը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի տխրահռչակ դեկան Մարատ Գրիգորյանն է, ով համարվում է ՀՀ կրթական համակարգում ամենահին, ամենակոռումպացված և ամենավարկաբեկված մարդկանցից մեկը: Նա ՀՅԴ անդամ է, սակայն, անկախ տվյալ պահի քաղաքական իրավիճակից, «շանտաժների վարպետը» մշտապես և անվերապահորեն աջակցել է նախկին հանցավոր իշխանություններին, որի համար վարձատրվել է դեկանի անձեռնմխելի աթոռով և անկաշկանդ անօրինականություններ գործելու մանդատով: Իսկ ահա նրա հարազատ եղբայրը` Սոկրատ Հովսեփյանը, արդեն ՀՀԿ անդամ է, նույնպես եղել է նախկին իշխանությունների ամենահավատարիմ և կարկառուն ծառայողներից մեկը, 1985-2007թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում (դատախազ), իսկ 2008թ.-ից մինչ այսօր` Այգեստան համայնքի ղեկավարն է:

Այս երկու «ծեր աղվեսների» համար բնականաբար բարդ չի եղել ապահովել նաև Դավիթ Գրիգորյանի աշխատանքային առաջխաղացումը` սկզբում դատախազությունում (1991-2010թթ.), ապա նաև դատական համակարգում (2010թ.-ից մինչ այսօր): Անգամ չխորանալով այլ` առավել հետաքրքիր մանրամասնությունների մեջ, օրինաչափ է, որ նրանք շարունակելու էին սպասարկել նախկին հանցագործների շահերը, որոնց հովանավորչությամբ են տարիներ շարունակ անարգելք գործել ամենաթողության պայմաններում և մնացել անպատիժ: Դրա մասին է վկայում նաև նրանց ջղաձիգ վարքագիծը հեղափոխության օրերին:

Ցավոք, հեղափոխական իշխանավորներն ականջալուր չեղան մեր այն հորդորներին, որ իսկապես «Նոր Հայաստան» ստեղծելու և երկրում կոռուպցիան արմատախիլ անելու համար առաջնահերթ պետք էր ձերբազատվել հենց նրանց նման հանցավոր տարրերից, որոնք, թեև նախկին համակարգերում չեն զբաղեցրել շատ բարձր պաշտոններ, բայց հանդիսացել են նրանում հանցավոր մեխանիզմների անխափան աշխատանքն ապահովող առանցքային օղակներից: Ամենահետաքրքիրն այն է, որ անգամ նրանց համար էր անսպասելի, որ նոր իշխանությունները կարող են այսքան հանդուրժող լինել իրենց նմանների նկատմամբ, որից էլ ոգևորված հանգիստ պայմաններում շարունակեցին իրենց դավադիր գործունեությունը: Հույս ունեմ, որ գոնե այս անգամ իշխանություններն իրենց սեփական սխալներից դասեր կքաղեն ու կվերանայեն իրենց մոտեցումները:

Հայկ Մանասյան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS