Աղոթքը խաղաղություն է պարգևում. Աղոթեք առ Աստված

Աղոթքը փրկարար դեղամիջոց է, որ խոչընդոտում է մեղքերին և դրանց զարգացմանը, բժշկում հոգու և մարմնի հիվանդությունները: Այնուամենայնիվ, մարդու համար դժվար է կենտրոնանալ և աղոթել: Շատ հեշտ է ասել, դատել, քննադատել, թե մարդիկ չեն աղոթում, կամ աղոթել չի ստացվում:

Շատ հաճելի է ինչ-որ լավ բանի մասին մտածել և խոսել, սակայն շատ դժվար է հաղթահարել մտքերը, ցրվածությունը ու նայել հոգուց դեպի ներս` մի կողմ թողնելով ամեն ինչ, թե՛ մտածումներ, թե՛ ցանկություններ և լինել Աստծո ներկայության մեջ` հաղորդակցվելով Երկնավոր Հոր հետ:

դա արդեն աղոթք է` հաղորդակցություն առ Աստված` շրջանցելով մտքերդ և խնդիրներդ ու թափանցել անտեղ, որտեղ Աստծո ներկայությունն է, հոգու խորքում գտնվող աղոթքի տարածությունը, այսինքն` այն վայրում, որտեղ դադարում ես մտածել, թե ինչ հասակ ունես, արդյոք գեղեցիկ ես, ամուսնացած ես, գումար ունես, թե չունես և այլն: Թափանցում ես այնտեղ, որտեղ մտքերն այլևս պատնեշ չեն ստեղծում քո և Աստծո միջև, որովհետև մուտք ես գործում հոգուդ խորքը:

Եթե մենք կարողանանք աղոթել այդպես, այդժամ մեզ որևէ խնդիր չի անհանգստացնի և տագնապ, տառապանք պատճառի: Նույնիսկ ամենածանր հիվանդություն ունեցող անձը կկարողանա հոգու խաղաղություն, ինչպես նաև բժշկություն և առողջություն ունենալ, եթե Տերն այլ ծրագիր չունի տվյալ մարդու հավիտենական փրկագործության համար հիվանդության միջոցով իրագործելու:

Այդպիսի աղոթքի ժամանակ մարդը զբաղված չի լինում մտքերով ու մտահոգությամբ, թե հիվանդ է, թե գումար չունի, թե խնդիրներ կան, այլ զգում է Աստծո ներկայությունը` Ով կյանք է, լույս, առողջություն, սեր, զորություն: Սակայն մենք այլ կերպ ենք աղոթում: Աղոթում ենք, բայց աղոթքից հետո մեր անհանգստությունը չի վերանում: Աղոթում ենք, բայց մեծ մասամբ շարունակում ենք մտահոգ, անտրամադիր, վհատ ու նյարդային մնալ: Վիճում ենք, բողոքում, և այս բոլորը՝ աղոթքից հետո:

Ինչպե՞ս հասկանալ: Ինչ-որ տեղ տարօրինակ է. մտնել եկեղեցի, աղոթել, որպեսզի խաղաղություն ունենալ, բայց հետո շարունակում ենք լարված վիճակում մնալ: Անշուշտ, այս ամենում կարող ենք մեղադրել չար ոգիներին, որոնք մտքերի հարձակում են տեղում մարդու վրա` շեղելու և անարդյունավետ դարձնելու համար աղոթքը, և դա իրականություն է, սակայն նախքան որևէ մեկին մեղադրելը, պիտի նայենք մեր հուգուց ներս և տեսնենք, թե ինչու է այդպես: Եթե մենք առիթ չտանք, որևէ մեկը չի կարող խաթարել մեր հոգու անդորրը:

Երբեմն մարդ մտածում է, թե Տերը չի լսում իր աղոթքները: Սակայն իրականում լսում է և եթե հարկ է՝ իրականացնում է խնդրանքը այլ կերպով, որը մենք չենք նկատում: Երբ անհատը աղոթքից հետո շարունակում է մնալ անհանգստության և մտահոգությունների մեջ, նշանակում է նրա հոգին չի հաղորդակցվել Աստծո հետ, նրա աղոթքը չի ստացվել, որովհետև մնացել է արտաքին երևույթների հարթության մեջ` իր մտքերի, մտածումների, հոգսերի մեջ, և դա հոգնեցնում է մարդուն, ու նա նույնիսկ չի ցանկանում աղոթել, թեպետ գիտի, թե ինչ կարևոր արժեք է քրիստոնյայի համար աղոթական կյանքը:

Բայց պետք է հասկանանք, որ մենք մեր մտքերը չենք. հոգեբանորեն ակամայից մեզ չպետք է նույնացնենք մեր մտքերի հետ: Աղոթքը կամենում է վերջ դնել այդ ամենին, իսկ երևակայությունը ստիպում է տառապել:  Աղոթքը երևակայություն չէ, այլ մեր սրտում բնակվող Աստծո հետ հաղորդակցություն, քանի որ Տիրոջով ապրում ենք, շարժվում ենք և կանք (Գործ. 17.28):

Եվ որտեղ էլ լինենք, կարող ենք զգալ Աստծո ներկայությունը: Երբ մարդ Աստծո հետ հաղորդակցության մեջ լինի, նա ամենքի հանդեպ սեր կզգա: Երբ մարդ աղոթում է՝ մարմնավորը նվազում է, հոգեղենը՝ բազմապատկվում: Երբեմն աղոթքին մոտենալու միջոցներից մեկը ինչ-որ մեկի համար աղոթելն է: Եվ աղոթքի ապացույցն այն է, որ աղոթքի ժամանակ և հետո խաղաղությամբ ես զգեստավորվել: Եթե խաղաղ ես աղոթքից հետո, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ես: Բայց փոխանակ հանդարտվենք, խաղաղություն ունենանք, փորձում ենք մեր անհանգստությունը փոխանցել Աստծուն: Երբ ծովի վրա փոթորիկ բարձրացավ, նավակի մեջ Հիսուս քնած էր, իսկ առաքյալները տագնապած էին:

Այդ փոթորկի ժամանակ Հիսուս քնած էր, որովհետև իրեն ամբողջովին Երկնավոր Հորն էր հանձնել: Իսկ աշակերտները փոխանակ վստահեին Աստծուն, արթնացրեցին Հիսուսին և փորձեցին նրան նույնպես փոխանցել իրենց տագնապն ու վախը: Սակայն Հիսուս չընդունեց այդ ամենը, այլ իր հանդարտությամբ խաղաղեցրեց ծովը (Մատթ. 8.23-27): Հավատքը կատարյալ վստահություն է առ Աստված, ինչպիսի  խնդիրներ էլ լինեն: Այդ վստահությունը բերում է ներքին հանդարտություն և զորություն: Հակառակ դեպքում մեր աղոթքի արդյունքից ոչինչ չենք հասկանում և ինքներս մեզ հոգեպես ու ֆիզիկապես վնաս ենք հասցնում:

Այդ ապրումները ցույց են տալիս, որ չենք հաղորդակցվել Աստծո հետ, այլ մնացել ենք մեր խնդիրների շրջապտույտի մեջ: Այնպես որ իրական աղոթքի ապացույցը հոգու հանդարտությունն է: Մեծագույն հավատքի մեկ այլ դրսևորում կարող ենք տեսնել, երբ Հիսուս բժշկեց տասը բորոտներին: Նախքան բժշկելն ասաց՝ գնացեք ձեզ ցույց տվեք քահանաներին: Եվ նրանք գնացին առանց հարցադրում անելու, թե ինչու մեզ չես բժշկում, այնուհետև ուղարկում (Ղուկ. 17.14):

Եվ նրանք հավատացին, գնացին ու բժշկվեցին ճանապարհին: Բայց մենք, երբ մեր խնդիրը ներկայացնում ենք, ուզում ենք, որ այն իրականանա, որպեսզի ասենք՝ այո՛, հավատում ենք և դրանից հետո մեր գոհաբանությունը հայտնենք: Իսկ ի՞նչ արեցին այս բորոտները: Նրանք հավատացին և գնացին, թեև տրամաբանորեն պիտի ասեին, թե մեզ բժշկիր, որ գնանք և ցույց տանք քահանաներին, որ բժշկվել ենք: Սակայն նրանք վստահեցին Հիսուսի խոսքին և բժշկվեցին: Իսկ մենք, երբ որևէ բան ենք խնդրում, հավատո՞ւմ ենք, որ Տերը կիրագործի, վստահո՞ւմ ենք, թողնո՞ւմ ենք Իր կամքին: Ահա, թե ինչ մեծ խորհուրդ է հավատքը՝ վստահել, անվերապահորեն Աստծուն հավատալ, անպես, ինչպես  խաչված ավազակը մեծ հավատք ցուցաբերեց` իր կողքին տեսնելով խաչյալ Քրիստոսին:

Նա կարող էր մտածել, թե խաչի վրա տառապողն ի՞նչ կարող է անել: Արդյո՞ք ունենք այդ ավազակի պես հավատք, որ տանջվում էր խաչի վրա, բայց միևնույն ժամանակ հավատում խաչված Քրիստոսին: Դրա համար բժիշկները վկայում են, որ այն հիվանդը, որն իսկապես հավատում է Աստծուն, շատ ավելի արագ է կազդուրվում, որովհետև նրա հոգին ծաղկում է հավատքի միջոցով և ունակ է լինում պայքարելու հիվանդության դեմ ու Աստծո միջոցով բժշկվում:

Աղոթքի մեջ կարևոր է փառաբանությունը, գոհաբանությունը և մեղքերի համար թողություն հայցելը: Աղոթելիս անհրաժեշտ է հեռացնել բոլոր բողոքները, տրտունջները: Եվ երկնային խաղաղությունը կիջնի մեզ վրա և դրան հաղորդակից կդարձնենք մեր շրջապատին: Ով իսկապես աղոթում է Աստծուն՝ գոհ է ամեն ինչից: Եթե մարդ անշահախնդիր հավատում է Աստծուն, նա արդեն երջանիկ է:

Եթե երջանիկ է՝ սեր, խնդություն և խաղաղություն է ճառագում նրանից: Եթե այդ խնդությունն ունես, ուրեմն Աստծո հետ հաղորդակցության մեջ ես: Իսկ եթե հոգևոր այդ ուրախությունը չես գտել, բնականաբար կշարունակես տրտնջալ, բողոքել, վհատվել, մռայլվել՝ այդպիսով չընկալելով աղոթքի էությունը և հոգևոր կյանքը:

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS