«Ամեն մեկդ ձեր տաք տեղաշորն ունեք». մանկատան շրջանավարտները բանակից զորացրվել՝ փողոցում են մնացել

2003 թվականից ՀՀ կառավարությունը մանկատան երեխաներին ապահովում է բնակարաններով: Սակայն ոչ բոլորին է հաջողվում ստանալ իրենց հասանելիք բնակարանը: Այսօր այս խնդիրներով կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Ծաղիկ» մանկատան շրջանավարտները. «Ես մեղավոր չեմ, որ ինձ բարուրից տարել-հանձնել են մանկատուն, հիմա էլ դրսում եմ մնացել ու առողջական լուրջ խնդիրներ ունենալով հանդերձ, չեմ կարողանում նորմալ աշխատել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հավաքված երիտասարդները պնդում են, որ «Ծաղիկ» մանկատանը 18 տարին լրանալուց հետո անցել են պարտադիր զինվորական ծառայության, սակայն զորացրվելուց հետո մնացել են դրսում և ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում: Նրանք պահանջում են վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում՝ իրենց բնակարաններով ապահովելու կամ խնդրին որևէ լուծում տալու  համար։

Ակցիայի մասնակիցները հավաստիացնում են, որ իրենց նման դրսում մնացած մանկատան նախկին սաները շատ են, իսկ աշխատանք գտնելը բավականին դժվար է, քանի որ«մանկատան երեխա լինելը բոլորի մոտ կյանքից դժգոհ մարդու տպավորություն է թողնում»:

Հարցին, թե որտեղ են գիշերում, տղաներից մեկը պատասխանեց. «Ա՛յ, այնտեղ, նստարանին, այգում», այնուհետև մյուսը հավելեց. «Ամեն մեկդ էլ ձեր տներն ու տաք տեղաշորներն ունեք, ու ոչ ոք այսօր չի պատկերացնի մեր վիճակը: Ոստիկանը որ մոտենում ա ու իմանում ա՝ մանկատան երեխա ես, այնպես ա վերաբերվում, որ քեզ իրոք մանկատան երեխա ես զգում, ու բոլորն են այդպես վերաբերվում»:

2003թ.-ից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը: Ծրագրի նպատակն է 18 տարին մանկատանը լրացած երեխաների համար ձեռք բերել բնակարաններ, ինչպես նաեւ տրամադրել կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական եւ այլ բնույթի աջակցություն: Չնայած այս ծրագրի մի շարք շրջաավարտներ տասնյակ տարիներով իրենց բնակարանն ստանալու հերթի մեջ են. իսկ այդ ծրագիրն էլ, պատասխանատուները, կարծես թե, չեն շտապում իրագործել: 

Մի կարևոր հանգամանք ևս, մանկատան շրջանավարտն իրավունք ունի օգտվել այս ծրագրի հնարավորություններից, եթե 7-8 տարի ապրել է մանկատանը, չունի սեփականություն իր անունով, և նրա 18 տարին պետք է լրացած լինի մանկատանը: 

lurer.com

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS