Այն, ինչ արեց վարչապետը մինչ 100 օրը լրանալը, եւ համոզված եմ դեռ անելու է, մինչ օրս ոչ ոք չէր արել։ Ամեն ինչն առաջին անգամ է

lragir.am-ը գրում է․

Մեր զրուցակիցն է երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը

Պարոն Զորիկյան, առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, և արդեն որոշակիանում է՝ որ քաղաքական ուժերն են մասնակցելու։ Որքանո՞վ է, ըստ Ձեզ, քաղաքացին այսօր պատրաստ ծրագրերից ելնելով ընտրություն կատարել, թե դարձյալ անձերի շուրջ է պտտվում ամեն ինչ։

Ծրագրերն, անշուշտ, կարևոր են։ Ի վերջո, ծրագրերին ծանոթանալով պիտի հասկանանք, թե քաղաքական ուժերից որ մեկն ինչ խնդիր է հետապնդում։ Բայց կարևոր են նաև անձինք։ Ի վերջո, առաջադրված բոլոր անձինք ճանաչված մարդիկ են՝ իրենց անցած ուղով, հայացքներով, մարդկային որակով և նախկինում դրսևորած քաղաքացիական կեցվածքով։ Կարծում եմ, որ քաղաքացին, ընտրություն կատարելիս պիտի առաջնորդվի վստահելու սկզբունքով։ Ի վերջո, մենք այս կամ այն քաղաքական թիմին և նրա կողմից առաջադրած թեկնածուին պիտի վստահենք մեր քաղաքը՝ Երևանը։

Տեսակետ կա, որ բոլորը պատրաստվում են ԱԺ ընտրություններին, և Երևանի ավագանու ընտրությունները լինելու են նախաքաղաքական պայքարի փորձադաշտ: Համամի՞տ եք։

Եթե բացառենք ինչ-ինչ հարցերի շուրջ, քաղաքական ուժերի միջև նախապես ինչ-ինչ համաձայնություններ ձեռք բերելու գործընթացը, ապա կստացվի, որ նրանք խնդիրները պիտի լուծեն ըստ ժամանակացույցի՝ սկզբում քաղաքապետարան, հետո՝ ԱԺ։ Փորձադաշտ չէի ասի, բայց, անշուշտ, առաջիկա ընտրությունները նրանց համար փորձություն են, ինչի ընթացքում ժողովուրդը բոլորի մասին կարծիք է կազմելու։

Պարոն Զորիկյան, հակահեղափոխության վտանգ այսօր տեսնո՞ւմ եք, թե ոչ։ Մասնավորապես 45 ստորագրություններից հետո տեսակետներ էին հնչում, որ հակահեղափոխականները մոբիլիզացվում են։ Ի՞նչ կարող են նրանք անել։

Իհարկե, միշտ էլ կարող են դիմել, նույնիսկ մեր մտքով չանցած, կտրուկ, ահավոր քայլերի։ Ես դա չեմ բացառում։ Բայց նրանց խորհուրդ կտայի նման բան ծրագրելիս մտածեին հետևանքների մասին։ Այդ «ուժերը» պիտի հիշեն, որ այսօր այդ «կռիվը» լինելու է ոչ թե քաղաքական ուժերի կամ նրանց առաջնորդ անհատների միջև, այլ հակահեղափոխականությանը դիմողների և ժողովրդի միջև, փոխված իրավիճակում՝ համայն հայության և այսպես ասած մի քանի տասնյակ ընդվզողների միջև։ Կարծում եմ, որ ցանկացած նման գործողություն կանխավ դատապարտված է պարտության, ուստի այդ ուժերին խորհուրդ կտայի հիմք ընդունեին փոխված իրավիճակն ու օրինականության դաշտում զրոյից սկսեին կերտել նոր դիմագիծ։

Գնալո՞ւ եք հանրահավաք ամսի 17-ին, և ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը ամփոփում 100 օրը։ Ձեր սպասելիքներն արդարացե՞լ են։

Իհարկե, գնալու եմ։ Կարծում եմ, որ օգոստոսի 17-ին Հանրապետության Հրապարակում լինելու է ողջ հայությունը՝ ֆիզիկապես ներկա, կամ օնլայն ներկա, ներառյալ այն 45-ը։ Այն, ինչ արեց վարչապետը մինչ 100 օրը լրանալը, եւ համոզված եմ դեռ անելու է, մինչ օրս ոչ ոք չէր արել։ Ամեն ինչն առաջին անգամ է։ Առաջին անգամ ասվեց, որ փողով ճամպրուկներն այլևս չեն ընդունվելու, որ ՀՀ-ում այլևս քաղաքական բանտարկյալներ չեն լինելու, որ ՀՀ քաղաքացիները, բոլոր առումներով, հավասար են լինելու, որ դատական համակարգն անկախ է գործելու, որ ոստիկանը քաղաքացու իրավունքի երաշխավորն է դառնալու, որ իր որդին, մյուսների հետ հավասար, ընդհանուր հիմունքներով ծառայելու է, որ բյուջեն չի գրպանվելու, որ բանակը հատուկ ուշադրության ներքո է լինելու, որ հոկտեմբեր 27-ի և մարտի 1-ի ոճրագործությունները բացահայտվելու են, որ ՀՀ քաղաքացին արժանապատիվ է ապրելու, որ, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը վերականգնելու է կորսված սուվերենությունը։ Այս երկու շաբաթների ընթացքում, համոզված եմ, ևս ինչ-որ նոր գործընթացների ականատեսը կլինենք։ Նիկոլ Փաշինյանը, իր պաշտոնավարության 100 օրը լրանալիս, վերը թվարկածի մասին հաշվետու է լինելու մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս և աշխարհասփյուռ հայությանը։ Առողջ սերմերը ցանած են, առաջին ծիլերն արդեն տեսանելի են, ուստի իմ և կարծում եմ ողջ հայ ժողովրդի սպասելիքները, 100 օրվա կտրվածքով, լիովին արդարացվել են։

Պարոն Զորիկյան, տեսակետ կա, որ հակահեղափոխականները կարող են աջակցություն ստանալ Ռուսաստանից։ Հաշվի առնելով ՌԴ պաշտոնյաների՝ վերջին օրերի գնահատականները, արդյոք Մոսկվան կփորձի՞ միջամտել ներքին գործերին։

Հակահեղափոխականները, բոլոր առումներով, «գրքի» ընթերցած եջերն են։ «Գրքի» այդ էջերը մեր ժողովուրդը վերընթերցելու ցանկություն այլևս չունի։ Մենք արեցինք մեր քայլն ու գրեցինք նոր էջ։ Ռուսաստանն արդեն իսկ կարդացել է այդ էջը։ Եթե նա փորձի ինչ որ բան խմբագրել, մենք, որպես հեղինակ, պիտի ընդվզենք ու պաշտպանենք մեր հեղինակային իրավունքը։ Ինչևէ, չեմ կարծում, որ բանը հասնի հեղինակային իրավունքի միջազգային դատական ատյաններին։ Կարծում եմ, որ լեզու կգտնենք՝ հարգելով միջազգային, ուստի՝ միմյանց իրավունքը։

Նյութի աղբյուրը՝ lragir.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS