Աննա Հակոբյանը կշարունակի մնալ «ՀԺ»-ի գլխավոր խմբագիրը, իսկ թերթը կքննադատի անգամ Նիկոլ Փաշինյանին, եթե դրա հիմքերը լինեն

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ի սկզբանե խուսափել է Առաջին տիկին տիտղոսից: Այսօր Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ա. Հակոբյանն ասաց, որ այս մեկ շաբաթվա ընթացքում հասկացավ, որ դա հանրային պահանջ է, և նա պետք է իրականացնի իր պարտականությունները:

Բազմաթիվ քաղաքացիներ հարց էին ուղղել, թե ինչպե՞ս կարող են հանդիպել Ա. Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին: Ի պատասխան՝ Ա. Հակոբյանն ասաց, որ ինքը վերջին մեկ շաբաթվա ընթացքում եղել է իրենց խմբագրությունում և բազմաթիվ քաղաքացիների հետ է հանդիպել: Այնուհանդերձ, նա նկատեց, որ այդ հարցը պետք է հստակ կանոնակարգվի:

Օգտատերերից մեկն առաջարկեց կենսաթոշակի անցած կանանց կոմիտե ստեղծել: Ի պատասխան՝ Ա. Հակոբյանն ասաց, որ ինքը նման բազմաթիվ առաջարկներ է ստացել, և անպայման կքննարկի այդ բոլոր հարցերն ու կանդրադառնա դրանց:

Հարցին՝ Ձեր թերթում կքննադատե՞ք Նիկոլ Փաշինյանին և կմնա՞ք «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիրը, Ա. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Ես կշարունակեմ լինել թերթի գլխավոր խմբագիր, ու մեր թերթը կքննադատի բոլորին, եթե դրա հիմքերը տեսնի, այդ թվում նաև՝ վարչապետին»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS