Անտերության միամսյակ. Խեղդվողի փրկությունը խեղդվողի գործն է. Այլ կերպ ասել չեմ կարող

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանն արձակվեց ժամկետից շուտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ մարդկային զանգվածներ խորհրդարանի դեմ տանելով եւ ապա իր հրաժարականով հասունացրեց ԱԺ լուծարման հարցը, իսկ օրենսդիր մարմինն իր մեջ ուժ չգտավ ընդդիմանալու: Փաստորեն, ԱԺ-ն ընդունեց, որ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը:

Ըստ էության, խորհրդարանն ընդունեց, որ ժողովրդի կամքն արտահայտում է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ ԱԺ-ն ողջ կազմով` համախոհությամբ, ընդդիմության եւ իշխանության ջերմ կոնսոլիդացիայի պայմաններում, երկու անգամ վարչապետ չընտրեց: Խարակիրին այլ կերպ չի լինում: Վեցերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովը միահամուռ ինքնասպան եղավ: Աստված հոգին լուսավորի:

Իսկ առջեւում ընտրություններ են: Մոտ մեկ ամիս ժամանակ ունեն քաղաքական ուժերը` նախապատրաստվելու այդ ծանր արարողությանը: Խոսքը Փաշինյանի ներկայացրած ուժի մասին չէ: Այն, հավանաբար, կկոչվի «Իմ քայլը» դաշինք: Այս դաշինքը քայլելով կմտնի ապագա խորհրդարան, որովհետեւ մեկ ամսում հազիվ թե ժողովուրդը մոռանա, թե ինչ կատարվեց իր ընտրած խորհրդարանի հետ, ու ինչպես իրենց ընտրյալները զենքը վայր դրեցին Փաշինյանի դեմ մարտում: Նրանք մեկ ամսում այդ ի՞նչ պետք է անեն, որ կարողանան հաղթել Փաշինյանին, որը, ցանկության դեպքում, նույնիսկ «հատակի խոզանակին» կարող է պաշտոնյա դարձնել այսօր: Փաստորեն, պայքարը գնալու է խորհրդարանի 30 տոկոսի համար, այն էլ` Սահմանադրության մեծահոգության շնորհիվ:

Կգտնվեն մարդիկ, որ չեն համաձայնի այս մտքի հետ` վկայաբերելով Կապանի քաղաքապետի ընտրությունները: Ի՞նչ խոսք, բացառություններ կարող են լինել, եթե կուզեք` նույնիսկ վրիպումներ, բայց սպասել, որ մեկ ամսում կարող է ձեւավորվել լուրջ ընդդիմություն, մեղմ ասած, միամտություն է: Լավ գիտենք մեր քաղաքական ուժերին: Նրանցից շատերն առաջիկա օրերին ամեն կերպ կփորձեն «հետեւից հաճոյանալ» Փաշինյանին, իսկ եթե չստացվի` քարոզարշավի վերջին օրերին կսկսեն «ղրղզել», կոկորդ ճղել, կուրծք ծեծել` բա չեք ասի, ժողովուրդ ջան, մենք ենք իսկական ընդդիմությունը: Չի ստացվի: Ո՛չ ժողովուրդը, ո՛չ էլ Փաշինյանը արցունքների չեն հավատում: Հայաստանում ընդդիմադիր լինելու համար բոլորովին այլ որակներ են պահանջվում այլեւս:

Ի դեպ` Փաշինյանն արդեն խոստացել է, որ ԱԺ-ում կոալիցիա չի կազմելու որեւէ ուժի հետ: «Լուսավոր Հայաստանից» այն երիտասարդի ցատկը դեպի «ՔՊ» շատերին պետք է ինչ-որ բան հուշի: Ըստ երեւույթին, Փաշինյանի նախընտրական ցուցակը բավականին հետաքրքիր է լինելու խայտաբղետության տեսանկյունից եւ բավականին սոլիդ` «անծանոթ եւ լուրջ» դեմքերի առումով: Այդ ցանկով իշխանության են գալու միանգամայն այլ «ձյաձյաներ եւ ծյոծյաներ»:

Տա Աստված, որ ամեն ինչ վերջանա նույն թավշյա ձեւով, ինչպեսեւ սկսվել էր: 100 հազար մարդու ներգրավմամբ այս օպերացիան իր հետ բերել է բազմաթիվ վտանգներ, որոնք կարող են ահագնանալ այնքան, որ նույնիսկ ամենաարհեստավարժ թիմը չկարողանա դիմագրավել դրանց: Նկատի ունենք Արցախի հարցով անցանկալի հայտարարությունների հանդգնությունը, Հայ առաքելական եկեղեցու դեմ չդադարող ոտնձգությունները, հայկական ավանդական բարոյական արժեքների ոչնչացման դեմ քայլեր ձեռնարկելու` իշխանությունների անզորությունը:

Եվ այս վտանգների դեմ մենք ունենք ընդամենը մեկ ուժ, որի ղեկավարը խոսում է Ադրբեջանի հասարակության իրավունքները հարգելու անհրաժեշտության, Իրանի հետ «կիսաբաց» (ինչո՞ւ կիսաբաց) սահմանի հնարավոր փակման վտանգի, վրացական ճանապարհների անհուսալիության, հայ-թուրքական սահմանի բացմանը երկընտրանք չլինելու մասին: Իսկ ամենավտանգավորն այն է, որ Փաշինյանն արդեն այսօրվանից հող է նախապատրաստում, որպեսզի այդ ամենը դիտվի որպես ժողովրդի կամքի արտահայտություն:

Հայտնի խոսք կա` խեղդվողի փրկությունը խեղդվողի գործն է: ԱԺ լուծարումից հետո «անտեր» մնացած ժողովուրդն ինքը պետք է փրկության դուռ գտնի` ապավինելով իր իմաստնությանն ու պատմությունից քաղած դասերին: Փառք Աստծո, ունենք Սահմանադրություն, որը երբեք էլ որեւէ մեկի հագով չէ, ինչպես սխալմամբ ասում էինք ամիսներ առաջ: Պարզապես անհրաժեշտություն չկա գնալ ընտրությունների «սուրուի» հոգեբանությամբ եւ ձայն տալ երեւակայական փրկիչների, որոնք նպատակ ունեն միանձնյա ղեկավարել երկիրը` իրենց սխալների քավության նոխազ դարձնելով ժողովրդին:

Այն հայտարարությունը, թե Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել առանց ժողովրդի կամքը հարցնելու, քաղաքական «ֆռթոն» է, ուրիշ ոչինչ: Ժողովրդին «ճիշտ» մշակելուց հետո կարելի է ամեն հարց էլ լուծել նրա «կամքով»: Իսկ մեզ արդեն մշակում են: Հայաստանում մի բուռ չե՞նք: Ի՞նչ մի դժվար գործ է հակազդեցության բացակայության պայմաններում մի բուռ ժողովրդի, կասկածելի փողերով եւ համապատասխան ճարտասանությամբ, ԼԳԲՏ համայնք ներքաշելը, աղանդավոր եւ թմրամոլ դարձնելը: Խորհրդարանում ջախջախիչ մեծամասնություն ստացած ուժը կարող է օրինականացնել թվարկված հիմարությունները, եւ Իրանն ինքը կփակի Հայաստանի հետ սահմանը:

Ինչ էլ լինի, առաջիկա ընտրությունները կարեւորվելու են առաջին հերթին մեկ ուժի իշխանությունը չվստահելու տեսանկյունից: Այս առումով մեծ անելիք ունեն մյուս քաղաքական ուժերը, մամուլը, հեռուստատեսությունը, սոցցանցերում ակտիվություն ցուցաբերող մտավորականներն ու անհատ գործիչները: Պետք է խոսել ընտրողի հետ, պետք է ազնիվ լինել եւ մանրամասն ներկայացնել այն ամենը, ինչ տեղի ունեցավ 2018թ. գարնանը, պետք է բացել մեկ ուժի միահեծան իշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը, պետք է ցույց տալ այն ճանապարհները, որոնք մեզ կհանգեցնեն իշխանափոխության նվաճումները երկրի ու ժողովրդի շահերին ծառայեցնելու նպատակակետին:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS