Ռուբեն Շուխյանի գրառումը ֆեյսբուքյան էջում. «Կարծում եմ, հիմա արդեն անիմաստ է «չուզողի» նման սրտատրոփ սպասել, թե այս նոր, սերնդափոխված ու հին մտածելակերպից վերջապես ազատված կառավարությունն ահա շուտով ձախողվելու է՝ այդ բոլոր սպասումներն անիրատեսական են:

Պետք է խոհեմ գտնվել և ընկալել, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների գործընթացներն այլևս անդառնալի են, և եթե պետք լինի՝ այս նորերին էլ փոխարինելու կգան կրկին էլի նորերը, և հաջորդ հնարավոր վարչապետի պարագայում էլ նույնպես՝ այլևս չի կարող լինել անցյալի գիրկն անցած հին համակարգի գաղափարախոսությունը կրող որևէ անձ:

Հասկանանք, որ Հայկական թավշյա հեղափոխությունը ոչ թե կոնկրետ մեկ անձի է բերել իշխանության, այլ ամբողջությամբ իշխանության է եկել շատ կենսունակ ու լրիվ այլ մտածողություն ունեցող մի նորագույն սերունդ, որը մեծացել, կրթվել ու հասունացել է արդեն Հայաստանի անկախության պայմաններում, և այս սերունդը լի է իր երկրում բարեփոխումներ իրականացնելու և օրենքի գերակայություն հաստատելու վճռականությամբ:

Պարզ է նաև, որ այդ գործընթացը բնավ էլ դյուրին չի լինելու, և մոտակա մի քանի ամիսների ընթացքում հնարավոր չէ այն ամբողջությամբ իրականացնել՝ դրա համար տարիներ են պետք, բայց մի բան հաստատ է, որ այս սերունդը կանգ չի առնի ու երբևիցե այլևս չի կարող հանդուրժել նախկին կառավարման համակարգի հին արատները՝ կեղծված ընտրություններ, անօրինականություն, հովանավորչություն և կոռուպցիա»: