Բազմաթիվ հանքեր պետությանը չեն վճարել մի քանի միլիոն դրամ. վարչապետ (տեսանյութ)

Մետաղական հանքերի գործունեությունը պետք է համապատասխանեցնել բնապահպանական նորմերին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նշեց, որ համապատասխան տեսչություններին հանձնարարել է, որ այս ոլորտում ստուգումներ իրականացնեն:

«Լինելու ենք սկզբունքային եւ հետեւողական: Պետք  է լինի հստակ բալանսավորված մոտեցում։ Մենք չենք կարող ասել, թե Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը փակելու ենք, բայց մյուս կողմից չենք կարող թույլ տալ, որ հանքարդյունաբերությունը լինի այն պայմաններով, ինչ այսօր է լինում»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով, բնապահպանական կանոնները պատշաճ մակարդակով չեն պահպանվում եւ պետք է օգտագործեն բոլոր լծակները՝ բոլոր շահագործվող հանքերի գործունեությունը խստիվ համապատասխանեցնելու բոլոր կանոններին եւ ՀՀ օրենսդրության պահանջներին։

«Բազմաթիվ հանքեր չեն կատարել պետության առջեւ պարտավորությունները, չվճարումները հասնում են մի քանի միլիոն դրամի։ Պետք է ապահովենք, որ այդ բոլոր վճարումները պատշաճ ձեւով իրականացվեն»,-

Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը վճռական է մետաղական հանքերում ստուգումներ իրականացնելու հարցում՝ հույս հայտնելով, որ այդ գործընթացում իրենք ամբողջովին կընդգրկեն մամուլին:

«Մեր բոլոր գործողությունները պետք է լինեն պրոֆեսիոնալ, առանց նեգատիվ հետեւանքների թե՛ միջազգային ատյաններում, թե՛ տեղական ներդրումային պոզիտիվ միտումների հետ կապված»,- ընդգծեց վարչապետը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS