Գազը գնացած լիմոնադ Է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, որը վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում։

– Պարոն Մովսիսյան, ինչպիսի՞ն է Սփյուռքի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման և քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին։

– Ես չգիտեմ՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրե՞լ է, թե՞ ոչ։ Ես չեմ կարծում, որ նա կվերադառնա քաղաքականություն։ Նա հիմա ավելի շատ իր կաշին փրկելու հարցերով պետք է զբաղված լինի։ Ի՞նչ բազայով կարող է նա վերադառնալ քաղաքականություն, ովքե՞ր են լինելու իրեն սատարողները, իր փեսա՞ն՝ մեկ տասնյակ մարդու հետ, որ վարչապետի նստավայրի դիմաց ցույց էր անում։ Չէ՛, իր ժամանակն անցել է, գազը գնացած լիմոնադ է, և պետք է հիմա մտածի՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից։ Իսկ որ իր գլխին սև ամպերը կուտակված մնում են, դա միանշանակ է։ Նրան կալանքից ազատ արձակելը դեռ ոչինչ չի նշանակում։ Հասարակությունը լարված, էլեկտրականացած է դատարանի այդ որոշումից հետո։ Շատ կասկածելի թեզով է ազատ արձակվել Քոչարյանը, այսինքն՝ մարդը կարող է իր նախագահ եղած ժամանակ մարդակերությամբ զբաղվել, հետո ասեն՝ նորմալ է, ինքն անձեռնմխելի է։ Մոտավորապես նույն վիճակն է՝ ինքն է եղել գերագույն գլխավոր հրամանատարը, հրամանն ինքն է տվել, մարդիկ են սպանվել: Դրա համար էլ չեմ կարծում, թե Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու շանս ունի:

– Քոչարյանի տապալված ասուլիսից հետո նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը քննադատել է իշխանություններին խոսքի ազատության սահմանափակման համար՝ մեջբերելով ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի արտահայտությունը, թե Հայաստանում մտքի տեռոր է։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ որոշ քաղաքական ուժերի մոբիլիզացիա տեղի ունենա Քոչարյանի շուրջը։

– Չեմ կարծում, որ նման բան լինի։ Բազմաթիվ հարցեր կան, ՀՅԴ-ն իր ներքին հարցերը պետք է լուծի, ընտրություններ են գալիս, անհասկանալի է, թե ինչ ընտրազանգված ունի ՀՅԴ-ն։ Ասենք, մի 10-20 հոգի պլակատներ պարզած հավաքվեն, կամ նրանց միանան նախկին իշխանավորները։ Այստեղ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ ում ձեռքերը մաքուր չեն, պատասխանատվությունից չեն խուսափելու։ Այդ շարքը սկսվեց Մանվել Գրիգորյանի տուշոնկաներով, և բոլորը զարմացած էին, որ կպան մի մարդու, որը թվում էր՝ անձեռնմխելիների մեջ է։ Հանկարծ պարզվեց, որ նա սովորականների մեջ է, և պարզվեց, որ այդ սովորականների մեջ է նաև նախկին նախագահը, որը մեղքեր ունի և պետք է պատասխան տա։ Այնպես որ, ամեն բան նորմալ է, և անհիմն են հայտարարությունները, երբ, ասենք, Իսագուլյանը խոսում է քաղաքացիական պատերազմի վտանգի մասին։ Հիմարություններ է ասում, ու դա ինձ ծիծաղելի է թվում։ Այդ 11-րդ կարմիր բանակի սինդրոմով, բուդյոնովկեքով տղաներից նվազագույնը վախ ու խառնաշփոթ սերմանելու մտայնություն է։ Իսկ ավելի ուշադիր զննելուց՝ հակապետական մաղձով հիվանդ մարդկանց անիրականանալի ցանկություն: Սա ինքնիշխան երկիր է, որն ունի իր պահանջներն իր իշխանավորից։ Բոլորը պետք է լավ գիտակցեն, որ  ինքնիշխան պետության իրավունքն է կարգուկանոն հաստատել իր երկրի ներսում օրենքի ուժով, որի առջև հավասար են բոլորը։

  -Տեսակետ կա, որ այն, ինչ տեղի է ունեցել մայիսին, իշխանափոխություն է, իսկ իրական հեղափոխությունը հիմա է սկսվում, որի առաջին քայլը գուցե դրվի օգոստոսի 17-ին, երբ կա հեղափոխության դեմ կանգնած հստակ ուժ և հակահեղափոխության առանցք ու լիդեր։ Համամի՞տ եք նման տեսակետին։

– Իհարկե, համամիտ չեմ, Հայաստանում չկա հակահեղափոխության ռեալ ուժ։ Կան ապօրինի հարստացած մի փոքր մասսա և իրենց կերակրատաշտից կերակրված ավելի կասկածելի մասսա, որն իրականության մեջ ուժ չի դառնա։ Եթե այլ կերպ ձևակերպենք՝ հեղափոխությունը ժողովրդի, համայն հայության պահանջն էր։ Դրան հակադրվող իրական ուժ չեմ տեսնում։ Իհարկե, իրենց հայտարարություններով փորձում են միրաժ ստեղծել, թե էստեղ կան անձինք, գրպանային կուսակցություններ, 37 թիվն են վկայակոչում, բայց անգրագիտության կամ հատուկ մտացածին լռում են այն փաստի մասին, որ 37-ին 5 րոպեում տրոյկան որոշում էր մարդու ճակատագիրը՝ մի ժամից գնդակահարում. ավելի շատ՝ իբր մտահոգ, բայց բնույթով կարոտախտով ու հարմարվողականությամբ հիվանդ ուժերը իրենց երազանքը ներկայացնում են իրականության տեղ, բայց ես չեմ տեսնում, որ կա հզոր, կենտրոնացված բազայով իրական հակահեղափոխություն։ Կլինեն, իհարկե, փոքր կսմթոցներ, կփորձեն դրանք մեծ երևույթ ներկայացնել, բայց իրականում օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանն ուզում է հաշվետու լինել իրեն վստահություն տված ժողովրդին իր 100 օրվա կառավարության աշխատանքի վերաբերյալ։ Այս կառավարությունը 100 օրվա ընթացքում շատ ավելին է արել, քան Փաշինյանին նախորդած բոլոր վարչապետերն իրար գումարած։ Այսինքն՝ մարդն ուզում է հաշվետու լինել, որ այսքան բան է արել։ Բացի այդ, ևս մեկ անգամ կվերահաստատի ամեն ինչ օրինականության դաշտ բերելու իր գիծը։ Կփաստի, որ այդ վստահության մանդատը իրեն տվել է ժողովուրդը: Անշուշտ, ազդեցիկ հանրահավաք կլինի։ Երևի ավելի հզոր կլինի, քան մինչ այս եղած բոլոր հանրահավաքները։ Սա կոնսոլիդացիայի ցուցադրություն է լինելու բոլոր թվացյալ հակահեղափոխականներին, որ իրենք կարող են ընդամենը մի սրճարանում հավաքվել ու սուրճ խմել՝ իրենց պլակատներով։ Ժողովուրդը վերջին հաշվով այսօր վստահում է վարչապետին, համակրում, իր ճնշող մեծամասնությամբ մտահոգ է և կուզենա, որ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը կարողանա երկիրն  օրինավոր դաշտ բերել։

– Նախկին իշխանությունները այս փուլում որևէ հաջողելու շանս չունեն ու չեն էլ ունենալո՞ւ արտահերթ ընտրությունների նախաշեմին։

– Իրենք մտավախության մեջ են, կորցնելիք ունեն, բոլորն էլ երկար պոչեր ունեն, որոնք այսօր խոսում են նեղացած տոնով ու 37 թվականի հիշեցումներով։ Նրանք բոլորը մարդիկ են, որոնք նախորդ ժամանակաշրջանում պոչեր են թողել և մարդկային վախ ունեն, որ կարող են հասնել նաև իրենց պոչերին։ Կյանքը ցույց է տալիս, որ իրավապահները հասնում են այդ պոչերին։ Ժողովրդի մեծ մասը ցանկանում է հենց վաղը հասնել արդարության, դա էլ հասկանալի է։ Անօրինության 27 տարիները մարդիկ ծանր են տարել, բայց նաև հասկանալի է, որ մեկ օրվա մեջ դա չի լինի։ Մյուս կողմից՝ Քոչարյանի ազատ արձակումը ցույց տվեց, որ չկա ճնշում վարչապետի կողմից դատական համակարգի վրա, և որ խոսում են, թե 37 թիվ է, չկա նման բան։ Եթե դատավորը կարողանում է անօրեն որոշում կայացնել, որով իր իշխանության ժամանակ հանցագործություններ գործածը մնում է ազատության մեջ։ Սա ի չիք է դարձնում իրենց պնդումները, թե Հայաստանում 37 թիվն է, այդ փուչիկներն էլ են պայթեցին։ Իհարկե, հեղափոխության մի կողմը կոչ է անում ավելի խիստ միջոցներ կիրառել հանցագործների նկատմամբ, հակառակ կողմն էլ ասում է՝ 37 թիվն է, բայց նման բան չկա։ Ասում են՝ չթողեցին Ռոբերտ Քոչարյանին ասուլիս տալ։ Բա ի՞նչ էին սպասում, սպասում էին, որ այդ մարդասպանին պետք է տորթերով ու ծաղիկներո՞վ դիմավորեին։ Մարդիկ լցված են, զոհերի հարազատները կան։ Այդ մարդու նախագահության ժամանակ ձայնի ազատության լուրջ պրոբլեմ կար, հեռուստաալիքներ էին փակվում, արտակարգ դրություն էր հայտարարվել, հարյուրավոր մարդիկ էին ձերբակալվել, բանտերն էին լցվել, ծեծ ու ջարդ էր եղել։ Դրանից հետո ի՞նչ էին սպասում։ Չեմ կարծում, թե այսօր նախկինները շանս ունեն, այդ էջը արդեն թերթված է: Ես միայն հասարակությանը կոչ կանեի ներողամիտ գտնվել դատապաշտպանների նկատմամբ։ Ես համարում եմ, որ այդ մարդիկ անում են իրենց գործը, անձնական համակրանքի հարց չկա, կա դատապաշտպանի ինստիտուտ, մեղադրողի ինստիտուտ: Պարզապես դատավորը պետք է ներկայացված փաստերի հիման վրա կայացնի արդար որոշում։ Այստեղ է մեր ամենամեծ խնդիրը, որ այդ ոլորտում մեծ խնդիրներ ունենք, հին ռեժիմից եկած կադրերը, փաստորեն, դեռ չեն կարողանում զգալ իրենց անկախության չափը։ Սա նշանակում է, որ այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել և հնարավորության դեպքում կատարել կադրային փոփոխություններ, որպեսզի իսկապես ունենանք իշխանական նժարին ծանրակշիռ, հավասարակշռող դատական համակարգ։ Հիմա դեռ այդ համակարգն է ամենածանր վիճակում, և դեռ դատավորները չեն հասկանում, թե ինչ առաքելություն ունեն, ինչ զենք է իրենց ձեռքին, ինչ հակակշիռ է պետականության կայացման ու երկրի առաջընթացի համար։ Բայց դա էլ ժամանակավոր դժվարություն է, կլուծվի։ Այդ առումով, կրկնեմ, Քոչարյանի ազատ արձակումը լավ էր, քանի որ բոլորը տեսան, որ դատավորն անկախ է գործում։ Ժամանակի ընթացքում դատական համակարգը կդառնա անկախ ու նաև՝ անաչառ։ Կադրերը կփոխվեն, ավելի վստահելի ու հարգարժան մարդիկ կգան։ Սրա համար ժամանակ է պետք, եկեք չշտապենք։

Առաջին լրատվական

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS