Եթե մի օր պարզվի՝ Մարությանի սենյակից Փաշինյանը հրահանգներ է տալիս «Չեմ զարմանա,» Խաժակյան

Ազգային ժողովի շենքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի»  կուսակցական հավաքից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում  վարչապետ Փաշինյանի միջամտությունն են արձանագրում երկրի ՏԻՄ-օրենսդիր-գործադիր իշխանության  փոխհարաբերություններում:

«Իշխանության որոշ օղակներում ինստիտուցիոնալ մոտեցումները խաթարվել են, և սա վերաբերմունք է արտահայտում պետական համակարգի հանդեպ:  ԱԺ-ում վարչապետի հրավիրած փակ հանդիպումը վկայությունն է այն բանի, որ «Իմ քայլը» դաշինքի մասով օրենսդիր և գործադիր մարմինները հստակ տարանջատված չեն, հետևապես՝ խաթարված է այս ուժի ներսում  փոխզսպման և հակակշռման մեխանիզմները»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով փետրվարի 2-ին՝ ԱԺ-ում վարչապետի կողմից կուսակից պատգամավորների,  նախարարների և մարզպետների հետ հրավիրած փակ հանդիպմանը:

Դ. Խաժակյանը հիշեցնում է այս հավաքին նախորդած մյուս երկու դեպքերը՝  ԱԺ նիստերի դահլիճում  ընտրված կուսակիցների հետ Փաշինյանի առաջին ոչ ֆորմալ հանդիպումը, իսկ հունվարի 8-ին՝ ուշ երեկոյան, Երևանի քաղաքապետարան   կատարած նրա այցը: Քաղաքապետարանում ավագանու հետ  «գաղտագողի հանդիպումն» ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը  գործադիրից ՏԻՄ-ի աշխատանքներին միջամտություն է որակում:

«Հեղափոխությունից հետո այնքան է փոփոխվել պետական ինստիտուտի ներկայացուցիչների  վարքագծում, որ այլևս դրա վրա զարմանալ հնարավոր չէ:  Մոռացե՞լ եք, թե ոնց էր վարչապետը Երևանի ընտրություներին քարոզչական հարթակից ի  պաշտոնե  հանձնարարականներ տալիս  ուժային կառույցների ղեկավարներին՝ ասֆալտների պառկեցնելու, մարդկանց պատերին ծեփելու և այլն…:

Մենք մի քանի անգամ ասացինք, որ՝ պարո՛ն Վարչապետ, կներեք, բայց սա Երևանի քաղաքային իշխանության դրսևորման հարթակ է, Դուք հանդես եք գալիս քաղաքապետի թեկնածուի փոխարեն… Ուզում եմ ասել, որ  այս դեպքերով  ռուբիկոնն արդեն հատված էր, այնպես որ, զարմանալ պետք չէ, երբ խորհրդարանում են կուսակցական ժողովներ հրավիրվում:

Եթե նախկինում երկրի ղեկավարն ասում էր՝ «Տարոն ջան, սիրուն չի», երբ պուրակում տաղավարներ են տեղադրված, ու սա տիրաժավորվում էր,  դառնում էր հասարակական քննարկումների թեմա, ապա այսօր երկրի ղեկավարի միջամտությունը քաղաքային իշխանության գործին ավելի ուրիշ կերպ է ցուցաբերվում:

Եվ եթե հաշվի առնենք, որ  Երևանի ավագանու  ընտրություններին քաղաքապետ Հայկ Մարությանի  քարոզարշավն ամբողջությամբ իր վրա վերցրեց Նիկոլ  Փաշինյանը,  ապա չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ նա եկել- նստել է Մարությանի աշխատասենյակում ու աշխատակազմին հրահանգներ է տալիս: Ընտրություններին ստացած ձայները Հայկ Մարությանինը չէին, նա այդպես էլ չներկայացավ հանրությանը՝ որպես քաղաքապետի թեկնածու,  քաղաքապետի քարոզարշավ չունեցավ դասական առումով: Եվ այս մոտեցումը շղթայական կապով  նկատվում է պետական մյուս օղակների ինքնուրույնությանը միջամտելու դեպքում»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև իշխանական ուժը ներկայացնող ՏԻՄ ղեկավարները, նախարարները 4-ժամյա փակ հանդիպում-քննարկում են անցկացրել Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ շենքում։ Այս փաստը շատերի օբյեկտիվ քննադատությանն էր արժանացել մի քանի պատճառով։ Նախ, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին թույլ չէին տվել մուտք գործել շենք և լուսաբանել՝ պատճառաբանությամբ, որ շաբաթ օր է՝ ոչ աշխատանքային։

Նիստի ավարտից հետո մասնակիցների մեծ մասը հեռացել էր Դեմիրճյան փողոցի մուտքով, իսկ Բաղրամյան փողոցի անցակետից դուրս եկող մյուս մասնակիցները հրաժարվել էին մանրամասներ հայտնել նիստի վերաբերյալ։ Եվ ամենակարևորը, շատերին զայրացրել էր այն փաստը, որ Ազգային ժողովը վերածվել էր Փաշինյանի գլխավորած կուսակցության գրասենյակի։ Մինչ քննարկվում էր հարցը, թե ով և ինչ իրավունքով է նրանց թույլ տվել օրենսդիր մարմնի տարածքը վերածել կուսակցական գրասենյակի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին տեղեկացրել էր, որ այդպիսի հանդիպումները հաճախակի են լինելու։

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS