ԹՔԵԼՈՒ ԵՄ ՎՐԱՆ․ ՍԱՐԳԻՍ ՔԼՈՅԱՆ

hraparak.am-ը գրում է․

Այսօր Քոչարյանի ասուլիսի կապակցությամբ «Էրեբունի Պլազայի» առջև ներկա էր նաև 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Նրա խոսքով՝ Քոչարյանի խափանման միջոցը չեղարկելու դատարանի որոշման հիմքում որոշակի ուժերի ազդեցությունը կա, սակայն Քոչարյանին ազատող ամենամեծ ուժը դատավորն է եղել․

«Ես կարող եմ ասել, որ կային և՛ դրսի ուժեր, և՛ ներսի ուժեր, բայց ամենամեծ ուժը մեր Վճռաբեկ դատարանի Ազարյանն էր, որը տապալեց մեր Սահմանադրությունը, թքած ունեցավ թավշյա հեղափոխության վրա, Քոչարյանին ավելի բարձր դասեց, քան մեր Սահմանադրությունը։ Ես ուղղակի ապշած եմ, մենք՝ տուժողների իրավահաջորդներս, շոկի մեջ ենք, բոլորիս ճնշումները բարձրացել է, բայց մենք հույսով ենք, որ Վճռաբեկ դատարանը կանցնի իր գործին և ճիշտ դատավճիռ կկայացնի»։

— Պարոն Քլոյան, ի՞նչ եք կարծում, Քոչարյանի դատապարտմամբ Մարտի 1-ը բացահայտվո՞ւմ է։

-Ոչ, միայն Ռոբերտ Քոչարյանով չէ, եթե Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվի, իր հետևից շատ անուններ կտա, իր հետ մի ողջ խումբ կտանի։ Ես բազմիցս նշել եմ և հիմա էլ կասեմ, կա Սերժ Սարգսյան, կա այն ժամանակվա պաշտպանության նախարարը, ներքին գործերի նախարարը, ոստիկանապետը, ներքին զորքերի հրամանատարը, ԱԺ նախագահը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, շտաբի պետեր, դրանց տեղակալները և ձգանը քաշողները։

— Եթե Տեսնեք Ռոբերտ Քոչարյանին, ի՞նչ պետք է ասեք նրան։

-Թքելու եմ վրան։

— Քոչարյանը նշում է, որ տեղի ունեցողը իր նկատմամբ քաղաքական հետապնդում է։

-Քաղաքականությունը ի՞նչ կապ ունի, այս ամենն իրավական հարթության վրա է, որ պետք է ամբողջովին բացահայտվի ճշմարտությունը։ «0038» հրամանը ո՞վ արձակեց, իհարկե, առանց գերագույն գլխավոր հրամանատարի դա բացառվում է, ինչո՞ւ փետրվարի 23-ին, երբ որ դեռ 1 շաբաթ կար Մարտի 1-ին, այստեղից ի հայտ է գալիս, որ ուզեցել են զորքը ներքաշել ժողովրդի մեջ, այդպես էլ եղավ՝ Մարտի 1-ի երեկոյան՝ ժամը 6-ին, զորքերը գտնվում էին Մելիք Ադամյան, Տիգրան Մեծ փողոցների վրա։ Ես անձամբ տեսել եմ, ես անձամբ մասնակիցն եմ եղել Մարտի 1-ի։

— Այժմ հավատո՞ւմ եք, որ Մարտի 1-ը բացահայտվելու է։

-Հիմա հավատում եմ, լիարժեք հավատում եմ, ուղղակի թող խուճապի չմատնվեն, ամեն ինչ իր տեղը կընկնի, կբացահայտվի, Վճռաբեկ դատարանը իր գործը կանի, մեղավորները կպատժվեն։

Կորյուն Սիմոնյան

hraparak.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS