իմաստուն առակներ, որոնք պետք է բոլորը կարդան

Ժամանակ առ ժամանակ շատ օգտակար է առակներ կարդալ, որոնք ամենակարևորի մասին մտածելու հիանալի բանալիներ են:

Յուրաքանչյոր մարդ ինչոր մեկի խնդրի լուծումն է:

Այս միտքը մի անգամ հնչեց իմ իմաստուն տատիկի բերանից: Ես շատ զարմացա, ու նա, նկատելով իմ զարմանքը, կրկնեց, որ ես ինքս էլ ինչ-որ մեկի խնդրի լուծումն եմ, ապա բացատրեց իր միտքը. – Շնորհը, որ քեզ տրված է, միգուցե բոլորին չէ, որ պետք է, սակայն այն, անկասկած, պարզապես անհրաժեշտ է ինչ-որ մեկին. քո ժպիտը, քո սերը, քո ուժը:

Ինչ պատվիրում եսայն էլ ստանում ես

Մի կին լարված ու ջղային գնում է տրոլեյբուսով և մտածում. «Սա ի՞նչ կյանք է: Ուղևորները կոպիտ են ու անտաշ, ամուսինս հարբեցող խոզի մեկն է, երեխաներս՝ ծույլեր ու խուլիգաններ, իսկ ես` խեղճ ու դժբախտ»: Այս ամենը լսում է նրա հետևում կանգնած պահապան հրեշտակը, գրի առնում, ապա կրկին կարդում գրածը ու մտածում. «Եվ այս կնոջ ինչի՞ն են պետք սրանք. Դե՛, եթե չի ուզում, ինչ պատվիրում է, այն էլ կկատարենք…»: Մտածեք Ձեր ամեն մի բառի շուրջ:

Ինչո՞ւ են մարդիկ գոռում

Մի անգամ Ուսուցիչն աշակերտներին հարցնում է. – Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը: – Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը: – Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը: Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.

– Երբ մարդիկ վիճում են, և նրանց միջև դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է:

Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Մեծագույն իմաստնություն

Մի անգամ գիշերն այն նահանգում, ուր տեղակայված էր վանական համալիրը, առատ ձյուն տեղաց: Առավոտյան, երբ աշակերտները հավաքվեցին սրահներից մեկում, ուսուցիչն ասաց`ի՞նչ անենք, որ այս ձյունը մաքրվի: Աշակերտներից մեկն առաջարկեց աղոթել, որ եղանակը տաքանա, մյուսն ասաց, որ պետք չէ սենյակներից դուրս գալ մինչև ձյան հալվելը, երրորդն էլ հավելեց, թե նրա համար, որ ճանաչել է իմաստնությունը, միևնույն պիտի լինի՝ կա՞ ձյուն, թե՞ ոչ:

Ուսուցիչն ուշադիր լսեց բոլորին ու ասաց. – Իսկ այժմ վերցնում ենք գոգաթիակներն ու գնում ձյունը մաքրելու: Առակի միտքն այն է, որ չմոռանանք, որ խոսքից միշտ պետք է գործի անցնել. դա է, որ աշխատում է անխափան:

Առակ նեղվածության մասին

Աշակերտն ուսուցչին հարցրեց. – Դու այնքան իմաստուն ես, միշտ լավ տրամադրություն ունես, երբեք չես բարկանում: Օգնիր, որ ես էլ այդպիսին դառնամ: Ուսուցիչը համաձայնեց և խնդրեց, որ աշակերտը բերի մեկ կարտոֆիլ ու թափանցիկ պոլիէթիլենային տոպրակ:

– Եթե դու բարկանաս ինչ-որ մեկի վրա և նեղանաս նրանից, վերցրու կարտոֆիլը, նրա վրա գրիր այն մարդու անունը, ում հետ վիճել ես, և դիր տոպրակի մեջ: – Եվ վե՞րջ,- հիասթափված ասաց աշակերտը: – Ոչ,- պատասխանեց ուսուցիչը,- դու այն միշտ քեզ հետ պիտի տանես, ուր էլ որ գնաս, և ամեն անգամ, երբ էլի ինչ-որ մեկը նեղացնի քեզ, կարտոֆիլի վրա ավելացնես նրա անունը:

Աշակերտը համաձայնեց: Անցավ որոշ ժամանակ: Աշակերտի տոպրակը լցվեց կարտոֆիլներով և շատ ծանրացավ: Շատ դժվար դարձավ այն միշտ հետը տանելը: Բացի դրանից, առաջինը դրված կարտոֆիլը սկսեց փչանալ, ու ահավոր հոտ տարածվեց շուրջբոլորը:

Այդ ժամանակ աշակերտը եկավ ուսուցչի մոտ ու ասաց. – Սա արդեն հնարավոր չէ տանել. Նախ՝ շատ ծանր է արդեն, հետո էլ՝ կարտոֆիլը փչացել է: Մի ուրիշ բան առաջարկիր:

Ուսուցիչն ասաց.

– Լսիր, նույն բանը քեզ հետ է կատարվում: Ուղղակի դու դա միանգամից չես նկատում: Քայլերդ վերածվում են սովորության, սովորությունը` բնավորության, ինչն էլ ծնում է վատ արատներ: Ես քեզ հնարավորություն տվեցի դրան կողքից հետևել: Ամեն անգամ, երբ կորոշես նեղանալ որևէ մեկից կամ, հակառակը, նեղացնել ինչ-որ մեկին, մտածիր` արդյո՞ք քեզ պետք է այդ բեռը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS