Իրականում ինչու պետք է բոլորը օգոստոսի 17-ին լինեն Հանրապետության Հրապարակում

Ժողովուրդ ջան, ես Նիկոլապաշտ կամ Նիկոլական չեմ ու կարծում եմ, որ ոչ մի գիտակից մարդ չպիտի պաշտի մեկ այլ մարդու` անկախ նրա կատարած գործից, կարգավիճակից և այլն: Երբ ասում եմ, որ օգոստոսի 17-ին պիտի ազգովի անսանք վարչապետի կոչին ու լինենք Հանրապետության Հրապարակում, դա իմ համոզմամբ միայն ու միայն մեր պետականությանն այսօր այնքա՜ն անհրաժեշտ գործողություն է մեր ժողովրդի կողմից:

Կարծում եմ` մեզանից ոչ ոք չի կարող չտեսնել, որ Հայաստանը (որքան էլ պաշտոնապես հայտարարվի, թե արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի կատարվել ու չի կատարվելու), այդուհանդերձ, սեփական շահերն ու ինքնությունը սկսել է ներկայացնել ու պաշտպանել շատ ավելի նպատակասլաց և իրապես սուվերեն պետության դիրքերից: Բոլորիս էլ հասկանալի է, որ ոչ մի դաշնակից կամ <<ոխերիմ բարեկամ>> երկրի դա դուր չի գալու:

Հատկապես ոխերիմ բարեկամները պիտի սկսեն գռմռալ ու տարբեր լծակներ օգտագործել` մեզ նախկին հլու-հնազանդ ու ձայնազուրկ կարգավիճակին վերադարձնելու համար: Եվ դա նրանց հեշտությամբ կհաջողվի միայն այն դեպքում, երբ համոզվեն, որ մեր ազգն իր սովորության համաձայն հերթական անգամ թուլանալու է ու քնով անցնի,իր հաղթանակը թողնելու է անտեր, հոգնելու է կեսճամփից, պառակտելու է սեփական միաբանությունը, չի կարողանալու միասնական ու հավաք մնալ սեփական նպատակի ու գաղափարի շուրջ: Հավատացեք, որ մենք չունենք առավել ազդեցիկ ու հաղթական ուժ, քան մեր միասնական կամքն է ու սա շատ լավ գիտակցում են բոլոր մեր թշնամիներն ու չուզողները` արտաքին, թե ներքին դաշտում:

Հայեր ջան, որքան էլ վարչապետը ներկայացնի օգոստոսի 17-ի հավաքը որպես 100 օրվա հաշվետվություն կամ հավատացնի, թե կարոտել է ժողովրդի հետ այդ ձևաչափով շփումներին, այդ հավաքի իրական նպատակները շատ ավելի արժեքավոր ու խորն են: Մենք այդ օրը ողջ ժողովրդով լուրջ ներքին ու արտաքին հղումներ ունենք անելու ոչ միայն ակնառու, այլ նաև աներևույթ թշնամիներին, մեր հաղթանակի տապալմանը շունչները պահած ուժերին, մեզ ու մեր երեխաների ապագային չհավատացող-չարախնդացողներին… Այս հանրահավաքն իր ենթատեքստով ու ասելիքով թերևս շատ ավելի կարևոր ու բազմաբովանդակ է, քան նույնիսկ բոլորիս մեջ դեռ թարմ ու պատկերավոր մայիսի 8-ը:
Մի խոսքով, իմ թանկ ու սիրելի ժողովուրդ, օգոստոսի 17-ին անպայման լինել Հանրապետության Հրապարակում, լինել ժպիտով, լինել միմյանց հետ հաշտ ու ներող`անկախ քաղաքական տարբեր հայացքներից, լինել միաբան ու ամենակարևորը` մնալ ԱՐԹՈՒՆ…

Հավերժորեն Հպարտին

Քեզ մեռած են կարծել կամ չորացած մի բույս,
Տապանաքար դրել վերադարձի ճամփիդ,
Բայց հառնել ես կրկին կրակներից անհույս,
Մոխիրներում անթաղ գտել երակ կյանքի:

Դու սովոր ես զարթնել հենց անդունդի եզրին,
Երբ անկումդ անթիվ տենչողներ կան վիհում,
Դու սովոր ես զարթնել լոկ օրհասի պահին,
Քեզ կենաց ու մահու խենթացումն է գերում:

Դու ապրում ես ասես մի հերթական վեպի
Հերոսական էջին փառք հղելու համար,
Դու ելնում ես կարծես լոկ խելահեղ երթի,
Որ գալիքին հանձնես մի քարակերտ կամար:

Արդ այժմ էլ, ահա, դու կռիվդ տվիր,
Ելար ահեղ մարտի, անհավասար`ոնց միշտ,
Քեզ խորտակող ճահճում անհնարինն արիր,
Եվ գալիքի գրքում հավերժացար ընդմիշտ…

Բայց փառապանծդ իմ, մի՞թե դու չես հոգնել`
Մեռնել և հառնելու վտանգավոր վազքից,
Քեզ կարող է դարը այնպե՜ս դաժան հեգնել.
Ոչ մի Ձենով Օհան էլ չարթնացնի քնից:

Ուրեմն գեթ մի անգամ գոնե արթուն մնա,
Ազատության շունչդ`սերունդներին պատգամ,
Հաղթությանդ մանուկ` Ծնող ու Տեր մնա,
Թեկուզ այս մի անգամ` թեկուզ միա՛կ անգամ:
Ռ.Քամալյան

Ռուբեն Քամալյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS