Լարվածություն դպրոցներում՝ սեպտեմբերի 1-ի շեմին

Կրթության եւ գիտության նախարարությունում սեպտեմբերի 1-ին ընդառաջ լարված իրավիճակ է առաջացել՝ պայմանավորված տարրական դպրոցների ընդունելությամբ։ Դեռ օրեր առաջ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունները՝ Չեխովի եւ Պուշկինի անվան դպրոցների տարրական հատվածի լիցենզիա չունենալու հետ կապված, կանգնեցրել են առաջին դասարանցիների ընդունելությունը։ Եվ խոսքը միայն այս երկու դպրոցի մասին չէ, այլ Երեւանում 4-5 դպրոցի։ Նման խնդիր կա նաեւ Աբովյան քաղաքի դպրոցներում, որտեղ դպրոցների սղություն կա։

Մեզ ներկայացրին խնդիրը, որը, ի դեպ, նոր չէ։ Բանն այն է, որ 2009 թվականին օրենքի փոփոխությունից հետո տարրական դպրոցների լիցենզավորման անհրաժեշտություն է առաջացել․ մինչ այդ լիցենզավորվում էին հիմնական դպրոցները՝ 1-ից մինչեւ 9-րդ դասարան։ Օրենքի փոփոխությամբ սահմանվեց, որ տարրական դպրոցներն առանձին լիցենզիա պետք է ունենան։ Երբ տարրական դպրոցների լիցենզիա ստանալու հարցը ծագեց, պարզվեց, որ որոշ դպրոցներ չեն համապատասխանում լիցենզավորման համար ներկայացվող պահանջներին՝ հիմնականում դասասենյակների, մեկ աշակերտին հասնող քառակուսի մետրերի, այսինքն՝ պայմանների առումով։ Եվ որոշ դպրոցների չեն տրամադրվել այդ լիցենզիաները, սակայն դրանք, բնականաբար, շարունակել են գործել՝ երբեմն գերազանցելով աշակերտների թույլատրելի քանակը եւ աշխատելով երկու, անգամ երեք հերթով։

ԿԳՆ-ն պարբերաբար փորձել է լուծել այս հարցը՝ սահմանելով, որ տարրական դպրոցում չեն կարող երկու հերթով, առավել եւս՝ երեք հերթով դաս անել։ Դա երեխայի իրավունքների ոտնահարում է եւ խանգարում է նորմալ դասապրոցեսին։ Սակայն քանի որ ծնողներն իրենց երեխաներին տանում են, այսպես կոչված, «պրեստիժ» ունեցող դպրոցներ, ինչպիսիք են Չեխովի կամ Պուշկինի անվան դպրոցները, եւ դպրոցներն էլ ֆինանսավորվում են աշակերտների թվով, այսինքն՝ դպրոցի տնօրենները շահագրգռված են մեծ թվով աշակերտներ ընդունել, ուստի ստացվում է, որ որոշ դպրոցներում երկու հերթով են դաս անում, իսկ կողքի դպրոցը թերբեռնված է աշխատում։

ԿԳՆ-ում կարծում են, որ երկհերթ դասապրոցեսին եւ տարրական դպրոցներում ստեղծված այս խնդրին լուծում տալու եղանակը հին սովետական համակարգին վերադառնալն է, երբ յուրաքանչյուր դպրոց ուներ իրեն ամրագրված տարածք՝ ինչ-որ շառավղով, որտեղ բնակվող երեխաներն ունեին առաջնահերթություն՝ տվյալ դպրոցում սովորելու համար։ Երբ տարածքի երեխաներին ընդունում էին, դպրոցը կարող էր երեխա ընդունել նաեւ այլ տարածքներից։ Սա մի քանի հարց էր լուծում․

  1. երբ դպրոցի սովորողների սահմանված քանակը լրանում էր, այլեւս երեխա չէին ընդունում
  2. աշակերտների քանակը համեմատաբար համաչափ էր բաշխվում, եւ դպրոցների միջեւ որակական ու ֆինանսական մեծ տարբերություններ չկային
  3. որոշ դպրոցներում սովորող երեխաները չէին տուժում՝ երկհերթ կամ 40 աշակերտով դասավանդման դատապարտված։

Ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը։ Չեխովի անվան դպրոցում, որքան տեղյակ ենք, նոր մասնաշենք են արագ կառուցում, որ մետր-աշակերտ խնդիրը լուծեն եւ սեպտեմբերին կարողանան իրենց սովոր քանակի աշակերտներ ընդունել։ Որոշ դպրոցներ, կարելի է ասել, շանտաժ են անում նախարարությանը՝ առհասարակ դադարեցրել են ընդունելությունը եւ ծնողների բողոքող զանգվածին ուղղորդել դեպի նախարարություն։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունն այս հարցերում համաձայն չէ ԿԳՆ-ի հետ՝ նա դպրոցների կողմից է։ Ինքը՝ նախարարը, առաջարկում է մտցնել ռուսական համակարգը՝ էլեկտրոնային եղանակով երեխային դպրոցում գրանցելու։ Երբ որոշակի թիվ կլրանա, դպրոցն այլեւս նոր հայտեր չի ընդունի։ Բայց ամբողջ հարցն այն է, որ այս դեպքում պետք է հրաժարվել նաեւ աշակերտ-թվով ֆինանսավորման համակարգից։

Որովհետեւ եթե դու դպրոցին ասում ես՝ ազատ մրցակցային դաշտ է, եւ քո ֆինանսատնտեսական վիճակը կախված է նրանից, թե դու քանի աշակերտ կներգրավես, ուրեմն չես կարող սահմանափակել աշակերտներ ընդունելու նրա պլանը։ Կամ էլ՝ պետք է հնարավորություն տաս դպրոցներին, գրեթե մասնավոր դպրոցների նման, պայմաններ ապահովել, նոր մասնաշենքեր կառուցել, բիզնես գործունեություն ծավալել՝ մասնաճյուղեր բացել եւ այլն։ Մյուս տարբերակը սովետական տարբերակն էր՝ դու չես անհանգստանում քո դպրոցի ռեյտինգով ու աշակերտների թվով, ես քեզ տալիս եմ իքս գումար, դու պետական ծառայող ես եւ կատարում ես բացառապես պետական պատվերը՝ առանց աշակերտներ գրավելու կամ գրավիչ դպրոց ստեղծելու հոգսի։

Աղբյուր՝ Hraparak.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS