«Հասկացա, որ մոռացվում եմ ժողովրդի կողմից». Աշոտ Ղազարյանը` սերիալում խաղալու մասին

«Միայն կոշկակարի չէի մարմնավորել, այս դերն էլ խաղացի». ռեժիսորի «ստոպ»–ից հետո ասաց Աշոտ Ղազարյանն ու հանեց գոգնոցը։ Այսօր Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի Դիանա Գրիգորյանի նոր` «Անհասցե ծնվածերը»  հեռուստասերիալը, որտեղ բավականին անսպասելի էր դերասան Աշոտ Ղազարյանի մասնակցությունը։

Tert.am Life–ը եղել է հեռուստանովելի նկարահանման հրապարակում, լուսանկարել կոշկակարի կերպարով ներկայացող Աշոտ Ղազարյանին ու նրա հետ զրուցել նոր ամպլուայում ներկայանալու մասին։

Թե ինչու և ինչպես ստացվեց մասնակցությունը Դիանա Գրիգորյանի հեռուստասերիալում, դերասանն անսպասելի պատասխան տվեց` չի ուզում մոռացվել։ Նա շեշտեց, որ նախագիծն էլ իրեն հետաքրքրել է։

«Մինչև այս առաջարկներ շատ են եղել, բայց միշտ հրաժարվել եմ։ Պատճառն այն չէր, որ սերիալներն ինձ դուր են գալիս կամ ոչ։ Շատ հետաքրքիր սերիալներ կան, պարզապես ժամանակի խնդիր ունեի։ Սերիալում նկարահանվելը ժամանակատար է, կարող են գիշերն էլ կանչել նկարահանման, ցերեկն էլ, իսկ ես ամբողջ աշխարհում ելույթներ եմ ունենում։ Սակայն մտածեցի՝ ես Աշոտ Ղազարյանն եմ, այսքան մերժում եմ առաջարկները, բայց մոռացվում եմ ժողովրդի կողմից. ոչ ֆիլմերում կամ, ոչ սերիալներում, ոչ էլ հեռուստահաղորդումներում։ Այդ փուլում հանդիպեցի Դիանայի հետ ու համագործակցելու միտք հղացավ»,– պատմեց դերասանը։

Պարզվում է` նրա և Դիանա Գրիգորյանի մտերմությունը վաղեմի պատմություն ունի։ Աշոտ Ղազարյանի ընտանիքը մտերիմ է եղել Դիանայի մայրիկի հետ, երբ սցենարիստը դեռ երեխա էր։

«Դիանային շատ եմ հավանում թե՛ որպես մարդ, թե՛ որպես տաղանդավոր ու աշխատասեր աղջիկ։ Ես իրեն մանկուց գիտեմ ու հավատում եմ իրեն։ Նա շատ փոքր էր, երբ մենք իր ընտանիքի հետ շփվում էինք, հրաշալի մայր ունի։ Ուրախացա, որ հրավերը եղավ Դիանայի կողմից։ Մի գրամ չեմ կասկածում արդյունքի հարցում, որովհետև ստեղծագործական շատ լավ կազմ է հավաքված։ Դիանայի մասին չեմ խոսում, աստվածային գործ է անում։ Հեշտ չէ այդքան գրել, մի ֆիլմ չես գրում, երկար սերիալ ես գրում ու պետք է հասցնես թե՛ ժամանակի, թե՛ մտքի, թե՛ երևակայության առումով։ Դաժան գործ է անում, ես իրեն շատ եմ հավանում, ապրի ինքը»,– ասաց դերասանը։

Քննադատություններից Աշոտ Ղազարյանը չի վախենում։ Դիտարկմանը, որ իր մասնակցությունը հեռուստասերիալում միանշանակ չընդունվեց, եթե լսարանի մի մասն ուրախացավ սիրելին դերասանին էկրանին տեսնելու հնարավորության համար, մյուս մասը տարակուսեց, որ նա խաղալու է սերիալում, դերասանն արձագանքեց. «Ինձ համար սա ռիսկային չէ։ Ես չեմ հասկանում` սերիալում նկարահանվելը վիրավորակա՞ն է։ Ինձ հետ խաղում են նորմալ դերասաններ, նորմալ սյուժե կա, նորմալ ռեժիսոր… սա ֆիլմ է։ Հիմա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ընդունված է սերիալ նկարահանելը։ Եթե սերիալը լավը լինի, ժողովուրդը կնայի։ Ես արդեն տեսնում եմ, որ սա շատ լավ սերիալ է լինելու»

Ինչ վերաբերում է հումորային ժանրից անցմանը` դերասանը նկատեց, որ իրեն հետաքրքիր ու հոգեհարազատ են դրամատիկ կերպարները, լսարանն էլ կսովորի իրեն նոր ամպլուայում տեսնել։

«Ես միշտ սիրել եմ դրամատիկ դերեր։ Եթե ներկայացման մեջ դրամատիկ, լիրիկական պահեր եմ ունեցել, հաճույքով եմ խաղացել։ Ես դա ավելի շատ եմ սիրում, թեև, ինչ խոսք, մարդկանց ծիծաղեցելն ավելի դժվար է։ Ոչինչ, լսարանը կսովորի, սա էլ է պետք։ Ես չեմ համեմատվում Մհեր Մկրտչյանի հետ, իր հետ ոչ ոք չի կարող համեմատվել, բայց իրեն էլ բոլորը գիտեին որպես «կոմիկ» դերասան, չնայած իր պես ողբերգակ դերասաններ քիչ կան»,– ասաց նա։

Կոշկակարի կերպարն Աշոտ Ղազարյանին հետաքրքիր է։ Այս կերպարը բոլորիս բակից ու իրականությունից վերցված հերոս է։ «Շատ բարի մարդ է, որը բավականին դժվար իրավիճակների մեջ է ընկնում։ Բոլորիս բակում էլ կան կոշկակարներ, ես էլ շփվել եմ մեր բակի կոշկակարի հետ, այս կոշկակարանոցի տերն էլ հրաշալի մարդ է, անունը` Արմեն։ Երբ իր մասնագիտության մասին հարց եմ ունենում, դիմում եմ, որպեսզի ճիշտ խաղամ։ Կոշկակարի խաղալն իմ մասնագիտության մի մասն է։ Դերասանի գործն է այդպիսին, ես ֆիլմում կին էլ եմ խաղացել։ Առավոտյան արթնանում էինք, կնոջս հետ վիճում էինք, թե շրջազգեստն ո՞վ է հագնելու` ի՞նքը, թե՞ ես»,– իրեն բնորոշ հումորով ասաց Աշոտ Ղազարյանը։

Դերասանն այս տարի տոնում է 70–ամյակը, ինչ առթիվ Կրեմլում մեծ համերգ ունեցավ։ Այս փուլում պատրաստվում է համերգային նույն ծրագրով ներկայանալ նաև Հայաստանում և ԱՄՆ–ում։ Տարիքը դերասանին չի խանգարում լինել ակտիվ գործունեության մեջ։ Հակառակը, ասում է, որ իրեն կարող է հոգնեցնել անգործությունը։

«Ես սիրում եմ աշխատել, կարող եմ գիշեր–ցերեկ աշխատել։ Ես հոգնել չունեմ։ Երբ հարցնում են` պարոն Ղազարյան, չե՞ք հոգնել, ասում եմ` ես հո ջահել չեմ, որ հոգնեմ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ այսքան էներգիա է տվել ինձ»,– ասաց նա, ապա հավելեց, որ հաճույքով է գալիս նկարահանման հրապարակ, կարոտել էր աշխատանքը։

tert.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS