Նիկոլ Փաշինյանը հաղթել է այսօր և հավերժ, Քոչարյանի վերադարձ չի լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ, Նորքի զինված խմբի գործով անցնող մեղադրյալ Գառնիկ Մարգարյանը։

– Պարոն Մարգարյան, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո խոսվում է Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելու մասին, և որ այդ հակահեղափոխության առաջնորդը կարող է լինել հենց ինքը՝ Քոչարյանը։ Ի՞նչ եք կարծում՝ դա ինչքանո՞վ է հնարավոր։

– Չպետք է այդքան մտահոգվել, հասարակությանն ու ժողովրդին ահաբեկել, թե Ռոբերտ Քոչարյանին ժամանակավոր բաց թողնելով՝ հնարավոր է հակահեղափոխություն։ Հեղափոխությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի ու իր համախոհների գլխավորությամբ, հաղթանակել է այսօր և հավերժ։ Վերադարձ չի լինելու։ Ժողովուրդը 20-25 տարվա ընթացքում հոգնել է անմարդկային վերաբերմունքից։ Ես չեմ ուզում խոսել դեմոկրատական նորմերից, որ խախտվել են և գոյություն չունեն։ Երկրորդ՝ մարդու իրավունքները 25 տարի ոտնահարված են, մարդն արժեզրկվել է մեր երկրում, դրա համար մասսայաբար փախել է մեր երկրից, լքել այնպես, ինչպես 1918-1920 թվականներին։ Այս ամենը երկրորդ և նրան հաջորդած երրորդ նախագահի հակաժողովրդական, հակազգային քաղաքականության պատճառով է եղել։ Եկեք մանրամասն նայենք՝ ընտրություններ գոյություն չեն ունեցել, մի մասին իրենք սնանկացրել են, հասցրել ծայրաստիճան քաղցի ու 10 հազար դրամով գնել։ Երկրորդ՝ արտագաղթը սպիտակ ցեղասպանություն է, երբ որ հանրապետության բնակչության մեծ մասը լքել է, երրորդ՝ արտաքին քաղաքականության հարցում բացարձակ դրական քայլ չի արվել՝ ո՛չ Արցախի հարցում, ո՛չ մեր հաղթանակի իրավական, բարոյական ամրապնդման հարցում։ Թուրքերի հետ ֆուտբոլ են նայել կամ Մեղրին փորձել փոխանակել Լաչինով։ Մեր ժողովրդի կամ առանձին քաղաքական գործիչների հիշողությունը շատ կարճ է, բայց այս ամենը չպետք է մոռանանք։

Վերջապես ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահներ չեն եղել։ Բացի արդեն իսկ առաջադրված մեղադրանքներից՝ պետք է ավելացնել բոլոր կեղծված ընտրություններին մասնակցելու հարցը. ո՛չ առաջին, ոչ էլ երկրորդ անգամ նա նախագահ չի ընտրվել։ Նույնը՝ Սերժ Սարգսյանը, և այս բոլորը եթե հիշեցնում ենք՝ սկսած 2004-ի ապրիլի 13-ի, «Պապլավոկի», Հոկտեմբերի 27-ի դեպքերից մինչև էլի շատ բազմաթիվ հարցեր, ապա մեր ազգի, քաղաքացիների, բնակչության մոտ ցանկության նշույլ անգամ չի մնացել միանալու, օգնելու ու գնալու հակահեղափոխության։ Չկա այդպիսի օբյեկտիվ պատճառ, դա պրիմիտիվ պրոպագանդայի արդյունք է, ես անգամ ունեմ տվյալներ, որ նա շարունակում է տրանսպորտային միջոցների, արտադրամասերի գնումը, մեծ մասն իր ու իր համախոհների ձեռքերում է, և անընդհատ՝ սկսած փողոցից, գնում է պրոպագանդա, թե ինչ է արել Նիկոլը 100 օրվա ընթացքում։ Ուզում են ազդել խաղաղ ժողովրդի ենթագիտակցության վրա ու դրանով կեղծ մթնոլորտ են ստեղծում, թե պատրաստվում են հակահեղափոխության։ Ինձ նման մարդիկ հազարավոր են, նա բացարձակ ինձ չի ահաբեկել, չի նսեմացրել, ու ես ցույց եմ տվել, որ մեր տեսակին կոտրելը շատ դժվար է՝ մեզանից այնպիսի հակահարված կստանան, որ ոչ միայն իրենք, այլև իրենց մերձավորները հնարավորություն չեն ունենա հանրապետությունում ապրելու։

– Իր ահռելի ֆինանսական ռեսուրսները ինչ-որ դեր կխաղա՞ն։

– Այսօր ֆինանսական ռեսուրսներով հնարավոր չէ հակահեղափոխություն իրականացնել, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները վայելում են բոլորի աջակցությունը։ Ես դեռ կալանավայրում ասել եմ, որ ես և իմ ընկերները Նիկոլի բռնած գործին օգնելու ենք։ Այստեղ մտածել, որ ֆինանսական ռեսուրսներով հակահեղափոխություն է հնարավոր՝ տեղին չէ։

– Ակնհայտ է, որ Քոչարյանի հետ տեղի ունեցողը այնքան էլ Մոսկվայի սրտով չէ, կարծում եք՝ իր ապագա ծրագրերում Քոչարյանը կունենա՞ Մոսկվայի աջակցությունը։

– Գաղտնիք չէ, որ Մոսկվայում կան գործիչներ, որոնք օգնել են իրեն և օգնելու են։ Դիմեմ մեր ժողովրդին, որպեսզի նրանց հիշողությունն արթնանա։ Ի՞նչ կատարվեց «ՀայՌուսգազարդի» հետ, ինչո՞ւ 300 միլիոնանոց գազատարը իր բոլոր սարքավորումներով 145 միլիոնի դիմաց նվիրվեց Ռուսաստանին։ Դա վերաբերում է նաև մի շարք այլ ռազմավարական օբյեկտների։ Չպետք է մոռանանք, որ բարձրագույն իշխանության կողմից լրջագույն գործ է արվում Ռուսաստանում՝ հատկապես հակակոռուպցիոն շրջանակներում: Չմոռանանք՝ գործող նախարարներից մեկը դատապարտվեց, ու իր նման տասնյակ գուբերնատորներ դատապարտվեցին։ Ոզում եմ ասել, որ բարձրագույն իշխանությունը քնած չէ և լրջագույն հակահարված է տալու կոռումպացված էլեմենտներին։ Հիմա հույս ունենալ, որ Ռուսաստանը հերթական անգամ կօգնի՝ բլեֆ է։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ ինչ-որ էժան, պրիմիտիվ հնարքներ են փորձում ցույց տալ՝ Ռուսաստան զանգելով, բայց դրա ժամանակներն անցել են, ու այդ ուժերը Հայաստանի ու հայ ժողովրդի հետ ոչինչ անել չեն կարող։ Հայտարարված է, որ հայ ժողովուրդն է Հայաստանի տերը, ինքն է անցկացնելու սահմանադրական փոփոխություններ, ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ միջամտելու. սա վերաբերում է այն չակերտավոր չինովնիկներին, ում վրա հույս է դրել Քոչարյանը։

– Անցումային արդարադատության գաղափարը շատ քննադատվեց այս օրերին։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք դատական այսպիսի համակարգի առկայության պայմաններում դա անհրաժեշտություն չէ՞։

– Ես նախկինում իմ կարծիքն ասել եմ, հիմա էլ հիմնավորեմ՝ եթե ես իրավասու լինեի, և գոնե մեր բարձրագույն իշխանությունները լսեին իմ ձայնը, ապա կասեի՝ դա անգամ ուշացած գործընթաց է, վաղուց պետք է արվեր, բայց նախորդ ռեժիմի ժամանակ հնարավոր չէր՝ դատավորն էլ են իրենք նշանակել՝ սկսած շարքայինից մինչև ամենաբարձր ատյաններ, և կա որոշակի ազդեցություն, դրանց մեծ մասը նշանակված է վերջին երկու նախագահների կողմից, ուրեմն ազդեցությունը չի սպառվել։ Երբ նայում եք պետությունների պատմության անցյալը, միշտ հեղափոխություններից հետո սա արվել է, կարելի կլիներ դատական համակարգը լուծարել, բայց այդքան ռեսուրս չունի մեր պետությունը, պետք է լրջագույն աշխատանք տանել: Նրանք, ովքեր դադարել են լինել կոռումպացված՝ թողնել իրենց տեղերում, նրանք, ովքեր շարունակում են՝ պետք է ամենախիստ միջոցների դիմել։ Հայ մարդն այսօր զրկված է այդ իրավունքից՝ ինչո՞ւ, որովհետև դատական համակարգը չի աշխատում։ Իսկ դատավորների մեծ մասը նրանց ազդեցության տակ է, իրենք իրենց երազանքներում տեսնում են նախկին իշխանությունների վերադարձի հիմքեր՝ այդպիսի բան չկա ու հնարավոր չէ։ Այդտեղ վերջակետ է դրված, այդ մասին թող մոռանան։

«Առաջին լրատվական»

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS