Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը վերադարձրին ամենակարեւորը

Փանիկի միջադեպը խթանեց հայ-ռուսական տիրույթում որոշակի պարզաբանումներ, որոնցում էական էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եւ Պնախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը: Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, որ Փանիկի միջադեպը սադրանք է ընդդեմ հայ-ռուսական  բարեկամության ու Հայաստանի ինքնիշխանության:

Իսկ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ կարող է առաջանալ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման վերաբերյալ պայմանագրի որոշ դրույթների վերանայման անհրաժեշտություն: Այդ դրույթները քարի վրա գրված չեն, ասել էր նա:

Փանիկի միջադեպը բացատրվեց փոխադարձ փնթիությամբ, երբ կողմերը վերջնականապես չէին ճշտել վարժանքների տեղը եւ այլ մանրամասներ: Սակայն վարչապետի ու Պնախարարի հայտարարությունները «համարժեք» չէին այդ փնթիությանը եւ վկայում են խորքային որոշակի հանգամանքների մասին, ինչն էլ խթանել էր Փանիկի միջադեպը:

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում անդրադարձել էր Արցախի խնդրում հնարավոր զարգացումներին: Նա ասել էր, որ Ռուսաստանը, որպես գերտերություն, ունի բոլոր լծակներն ու հնարավորությունները Ադրբեջանի ագրեսիան զսպելու եւ պատերազմ թույլ չտալու համար: Նա ասել էր, որ չի հավատում, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, միաժամանակ ակնարկելով պատերազմի դեպքում աշխարհքաղաքական պայմանների փոփոխության մասին: Այսպիսով, նա հնարավոր պատերազմի պատասխանատվությունը դրել էր Մոսկվայի վրա:

Նա ասել էր նաեւ, որ փոխզիջումների սահմանը որոշելու է ժողովուրդը, «մենք ունենք այդ նախադեպը, երբ հավաքվում ենք հրապարակում եւ որոշում կայացնում»:

Իր հերթին, Դավիթ Տոնոյանը իր հարցազրույցում ասել էր, որ նոր պատերազմի դեպքում չի կրկնվելու երկու տարի առաջվա իրավիճակը, եւ հայկական կողմը կարող է եւ չդիմանալ ողջ ուժով հակահարված տալու գայթակղությանը:

Դավիթ Տոնոյանին շարունակեց Արցախի պաշտպանության նախարարը, երեկվա ասուլիսում հստակ հայտարարելով Ադրբեջանի թիրախների եւ այդ երկիրը կաթվածահար անելու հնարավորության մասին:

Արդյոք այս ուղղությամբ կոնկրետ վտանգներ կան, եւ հատկապես Ռուսաստանի դերակատարության մասով: Դրա փորձը կա՝ երկու տարի առաջ ապրիլյան պատերազմը: Թե՞ սա պարզապես կանխարգելիչ հարված էր այդ ուղղությամբ, նկատի ունենալով հնարավոր զարգացումները եւ Ռուսաստանին զգուշացնելով հնարավոր հետեւանքների մասին՝ աշխարհքաղաքական պայմաններից՝ այսինքն ռեգիոնում Ռուսաստանի դիրքերի կորստից մինչեւ բազայի տեղակայման պայմանների վերանայում:

Հարցերը հռետորական չեն, ռուսական տարբեր շրջանակներում այս ուղղությամբ կան նկատելի ու թերեւս նաեւ «ներքին խողովակներով» շանտաժ ու սպառնալիքներ: բացի այդ, խոսվում է ինչ որ պայմանավորվածությունների մասին, ըստ որոնց հայկական կողմը պետք է գնա միակողմանի զիջումների Արցախի խնդրում:

Հայաստանը, չփոխելով արտաքին քաղաքական կուրսը, ձգտում է փոխել դրանց բովանդակությունը եւ բարձրացնել հավասար գործընկերության, իսկ Ռուսաստանի դեպքում՝ նաեւ դաշնակցային պարտավորությունների կատարման մակարդակ: Նոր մոտեցումներն առկա են թե Արցախի խնդրում, թե երկկողմ հարաբերություններում, ինչը հնարավոր է նյարդայնացնում է արտաքին գործընկերներին:

Այսինքն, Հայաստանը փորձում է միջազգային ասպարեզում հանդես գալ ինքնիշխանության դիրքերից: Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը վերադարձնում են ամենակարեւորը՝ ինքնիշխան որոշումների կայացման իրավունքը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը պետք է եւ կարող է գործոն եւ միջազգային հարաբերությունների սուբյեկտ դառնալ, ինչը շատ կարեւոր է նոր աշխարհակարգում, որտեղ խնդիրները լուծվելու են միջազգային հարաբերությունների «օբյեկտների» հաշվին:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS