Որոնք են ճակատային մասի ցավերի հիմնական պատճառները

Գլխացավը շատ տարածված խնդիր է և ծանոթ է բոլորին, սակայն քչերն են մտածում դրա առաջացման պատճառների մասին: Ցավի այս տեսակը կարող է անհանգստացնել գլխի տարբեր հատվածներում, սակայն ճակատային հատվածի ցավն, ի տարբերությունը մյուս հատվածների, կարող է ունենալ առաջացման բազմաթիվ պատճառներ, որոնց թվում են միգրենը, հիվանդ ատամը, սթրեսը, նևրոզը, ալերգիան, հայմորիտը, սինուսիտը և այլն: Այս տհաճ խնդրից ազատվելու համար հարկավոր է ժամանակին պարզել դրա առաջացման պատճառն ու առաջին հերթին ազատվել դրանից:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճակատային հատվածի ցավի առաջացման հիմնական պատճառները.

Հոգեհուզական գերլարվածություն

Հոգեբանական լարվածությամբ պայմանավորված գլխացավը սկսում է պարանոցային հատվածից, այնուհետև տարածվում է նաև ծոծրակի, քունքերի և աչքերի հատվածում: Ուղեկցող ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, հավասարակշռության օրգանների աշխատանքի խանգարումը: Ցավի այս տեսակի պատճառը կարելի է հեշտությամբ հայտնաբերել պարանոցի և ծոծրակի շոշափման միջոցով: Հոգեբանական լարվածության դեպքում ցավը լինում է ճնշող ու մղկտուն և առաջանում է ճակատի սեղմվածության զգացողություն:

Ճակատաբորբ ու հայմորիտ

Հայմորիտի դեպքում ճակատային հատվածի ցավից բացի, անհանգստացնում է նաև քթի խոռոչի ցավը, վատ շնչառությունն ու քթային արտադրությունը: Այս դեպքում ցավը սովորաբար նույն ժամերին է անհանգստացնում: Ընդ որում՝ բարձրանում է նաև մարմնի ջերմաստիճանը: Եթե բորբոքվել է ճակատային ծոցը, ապա ճակատի ցավը շատ ուժգին է և գրեթե անտանելի: Սա է պատճառը, որ հարկավոր է հնարավորինս շուտ դիմել բժշկին:Ճակատաբորբի դեպքում առաջացած գլխացավը սովորաբար անհանգստացնում է առավոտյան ժամերին, իսկ լույսը շատ տհաճ է լինում աչքերի համար: Հիվանդի վիճակը մի փոքր մեղմվում է քթի խոռոչները մաքրելուց հետո: Այս դեպքում մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում և քթային արտադրություն չկա: Հարկ է նշել, որ ճակատաբորբի բուժման համար անոթները նեղացնող դեղամիջոցները կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ:

Ներգանգային ճնշման բարձրացում

Գլխի ճակատային հատվածի ցավը կարող է հաջորդել ծոծրակի ու քունքերի ցավին: Այս դեպքում խնդիրը պայմանավորված է լինում սթրեսով կամ նյարդային գերլարվածությամբ:

Ճակատային և ծակոտկեն մաղոսկրային ծոցերի բորբոքում, եռորյա նյարդի նյարդացավ կամ նևրիտ

Այս դեպքում ճակատային հատվածի ցավն ուժգին է, նոպայանման և ի հայտ է գալիս անսպասելի, սակայն մարմնի ջերմաստիճանի բարձրացում ու քթային արտադրություն չի նկատվում: Ժամանակ առ ժամանակ կարող է նկատվել արցունքահոսություն ու ճակատի կարմրություն, ինչպես նաև ցավոտ զգացողություններ հոնքերի հատվածին սեղմելիս:

Տարատեսակ վարակներ

Նման դեպքերում ցավը լինում է բութ ու մղկտուն և ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ: Սովորաբար նման վիճակը պայմանավորված է լինում օրգանիզմի սուր ինտոքսիկացիայով: Ճակատի ցավի առաջացման պատճառ կարող է դառնալ տիֆը, սուր մենինգիտը, մալարիան, գրիպը կամ տենդը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS