«Չեմ խուսափում իմ բիոլոգիական տարիքից». Լուիզա Ներսիսյանի տարեդարձի խնջույքը

Life.tert.amը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը։ Լուիզան բոլորել է 41 տարին, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։  Tert.am Life–ը ներկա է եղել դերասանուհու տարեդարձի խնջույքին ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները։

«Շատ ուրախ օր եմ ունեցել։ Խնջույքին երկար չէի նախապատրաստվել, քանի որ ամեն տարի հենց ծննդյանս օրն եմ որոշում` ինչպես նշել այն։ Օրվա ընթացքը պայմանավորված է պահի  տրամադրությամբ։ Չեմ սիրում պլանավորել»,– ասաց Լուիզան։

Օրվա անակնկալներ առանձնացնել դերասանուհին դժվարացավ։ Նրա խոսքով` իր համար անակնկալ է այն, ինչ մատուցում է կյանքը, ոչ թե այն, ինչ մատուցում են հատուկ օրերին։

«Տարեդարձի առթիվ հատուկ ինչ-որ բան անելն ինձ համար անակնկալ չէ։ Անակնկալն այն է, ինչը  մատուցում է կյանքը։ Իմ կյանքում անակնկալներ լինում են ամեն պահի. կյանքն ինքնին անակնկալ է »,– ասաց Լուիզան, ապա հավելեց, որ իրենց ընտանիքում գործում է այս մեխանիզմը։

Ամուսինը` Հրանտ Թոխատյանն էլ կնոջն առանձնահատուկ նվեր կամ անակնկալ չի մատուցել։ Դերասանուհու խոսքով` իրենք չեն սպասում հատուկ առիթների, որպեսզի ուրախացնեն միմյանց։ «Մեզ չենք սահմանափակում կարևոր ու տոնական օրերով։ Չենք սպասում հատուկ տոն լինի, որ իրար ինչ–որ նվեր մատուցենք։ Ինքը հաճախ է հատուկ ինչ–որ բան անում ինձ համար»,– ասաց դերասանուհին։

Այնուամենայնիվ, տոնի զգացողություն Լուիզան ունեցել է. «Ծննդյանս օրն ինձ համար կարևոր է, որ առավոտյան արթնանամ  ու հասկանում, որ այդ օրն ինձ համար հատուկ է։ Մնացյալը ընթացիկ է։ Մեր աշխատանքի բերումով մենք ավելի շատ սովոր ենք տոն պարգևել մարդկանց, քան ստանալ»։

Տարիների ընթացքում իր ամենամեծ ձեռքբերումը դերասանուհին համարում է կյանքի փորձը։ 41–ամյա Լուիզան, որը միշտ աչքի է ընկնում ժամանակակից հագուկապով, շեշտում է` իր տարիքից չի վախենում։

«Չեմ վախենում մեծանալ, ուղղակի փորձում եմ ադեկվատ լինել, ճիշտ գնահատել տարիքս ու սիրել այն։ Իհարկե, դա չի նշանակում հանձնվել։ Ես չեմ խուսափում իմ բիոլոգիական տարիքից, սակայն եթե ունեմ էներգիա, տարիքն ինձ չի ստիպի ինչ-որ բան սահմանափակել։ Ամենակարևորը ներքին էներգիան է և ինքդ քեզ չդավաճանելը։ Եթե ինչ–որ պահի հոգնեմ, կեղծ ճիգ չեմ գործադրի հակառակը ցույց տալու համար։ Իմ ֆիզիկական վիճակն ինձ դեռ թույլ է տալիս աշխույժ լինել, հենց զգամ, որ չեմ ուզում աշխույժ լինել, ինձ չեմ դավաճանի ցույց տալու համար, թե աշխույժ եմ, չեմ մեծանում»,– նկատեց նա։

Նյութի աղբյուր՝ life.tert.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS