Պարտավոր ենք երկրում առկա խանդավառ տրամադրությունը կապիտալիզացնել.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկայի ոլորտում առկա դրական միտումները առավել զարգացնելու կողմնակից է: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում նորանշանակ նախարարին աշխատակիցներին ներկայացնելիս նա նշեց, որ պետք է գործադրել դրամատիկ ջանքեր, որպեսզի ոլորտն ի վիճակի լինի սպասարկել ապագայի վերաբերյալ տեսլականը: «Այլընտրանքային էներգետիկայի զարգացումը վերջին 1.5 տարվա ընթացքում բավականին լավ տեմպերով զարգանում է, պետք է սա շարունակել ու հնարավորինս մեծ թափ հաղորդել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց մի քանի ծրագրեր, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել:

Դրանցից է Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը, որը, ըստ վարչապետի, հայկական ու իրանական կողմի համար անհասկանալի պատճառներով չի իրականանում: «Իրանի գործընկերների հետ պետք է սերտորեն համագործակցենք, բոլոր փաստաթղթերը ստորագրված են, բոլոր կողմերը համաձայն են, նույնիսկ ֆինանսավորման խնդիրն է լուծված, բայց գործընթացն առաջ չի շարժվում, պետք է ախտորոշել ինչն է պատճառը»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը կարևորեց նաև ատոմային էներգետիկայի զարգացումը՝ այս իմաստով կարևորելով Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների հանդեպ նախանձախնդրությունը: Բացի այդ, ըստ նրա, պետք է հասկանալ, թե ինչու մինչև այսօր չի հաջողվում որևէ կոնկրետ արդյունք արձանագրել նոր ատոմակայանի կառուցման գործում: «Ես հույս ունեմ, որ այլընտրանքային էներգետիկայի զարգացումը չի մեկնաբանվում որպես Հայաստանում ատոմային էներգետիկայի վերացման գործընթաց: Մենք պետք է այս հարցում ամբիցիոզ լինենք»,-հավելեց վարչապետը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ պատրաստ է այս ընթացքում իր կուտակած փորձը գիտելիքները, հմտությունները կիսել նախարարության ու նախարարի հետ: «Վստահ եմ, որ այս ոլորտում ծրագրերի շարունակականությունը կարևոր նախապայման է զարգացման համար»,-ասաց նա։ Նախկին նախարարի խոսքով՝ Հայաստանում առկա է խանդավառ տրամադրվածություն, որը պետք է կապիտալիզացնել:

Նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Անկեղծորեն հասկանում եմ ինչ պատասխանատու ոլորտի ղեկավարումն եմ ստանձնել, մեկ-երկու օրվա ընթացքում փորձում եմ հնարավորինս տիրապետել ոլորտի խնդիրներին: Համոզված եմ, որ հմտություններս ու կարողություններս կկարողանամ ծառայեցնել գործին՝ ապահովելու ոլորտի կայուն զարգացումը, էներգետիկ անվտանգությունը»,-ասաց Արթուր Գրիգորյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS