Պե՞տք է անցնել 10-ամյա կրթության, թե՞ ոչ. փորձագետներ

Պե՞տք է անցնել 10-ամյա կրթության, թե՞ ոչ. փորձագետներ

Կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս Սերոբ Խաչատրյանը 10-ամյա կրթությանը վերադառնալը նպատակահարմար չի համարում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նա նշեց, որ դա բազմաթիվ խնդիրներ կհարուցի:

«Եթե արդեն գնացել ենք 12-ամյա կրթության, ապա ետ դառնալը ճիշտ չի լինի, որովհետև բազմաթիվ խնդիրներ են առաջանալու՝ սկսած մարդկանց կրճատումներից, վերջացրած այն հանգամանքով, որ այդ 10 տարվա մեջ պետք է խցկենք հսկայական ծրագիր: Դրանից բացի, 10-ամյա կրթությանը վերադառնալը կարող է խնդիրներ ստեղծել արտերկրում Հայաստանի ատեստատի ճանաչման համար»,-ասաց Սերոբ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ իրականում կարևոր չէ, թե կրթությունը քանի-ամյա է, կարևորը կրթության բովանադակությունն է, ընթացքը: Նա նկատեց, որ աշխարհի տարբեր երկրներում 13-ամյա կրթություն էլ կա:

«Միգուցե մենք ունենանք 10.5 կամ 11-ամյա պարտադիր կրթություն, որից հետո 1.5 կամ 2 տարուն աշակերտներին հնարավորություն տանք իրենց նախընտրած ծրագրով սովորելու: Որոշակի ճկունություն տանք, որ իրենց համար կարևոր ծրագրերը սովորեն: Մեկը, միգուցե, օտար լեզու է ցանկանում սովորել, մյուսը բանակ գնալուց առաջ մեքենա վարել է ուզում սովորել»,-ավելացրեց Սերոբ Խաչատրյանը: Նա կարծում է, որ ամբողջությամբ պետք է փոխվի ավագ դպրոցում ուսուցման մոտեցումը: Պետք է ուսուցումը լինի կիրառական, նախագծային, հետազոտական:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի համար կրթական տևողությունը կարևոր է: Նրա խոսքով, ոչ մի վատ բան չկա, երբ երեխան 12 տարի կրթության մեջ է: Այլ հարց է, որ բովանադակությունը, ձևը փոխվի:

«Պետք է հնարավորություն տալ, որ երեխան ընտրի, թե ինչ սովորի վերջին տարիներին: Այդքան ժամանակ կրթության մեջ լինելն աշակերտին հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել ինքն իրեն, իր կարողությունները, ինչպես նաև ձեռք բերել հմտություններ»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Փորձագետներն ընդգծեցին, որ կրթությունը պետք է շարունակվի նաև բանակում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS