Ռիտա Սարգսյանը հրաժարական է տվել «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահի պաշտոնից

Ռիտա Սարգսյանը հրաժարական է տվել «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահի պաշտոնից: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը:

Հիշեցնենք, բոլորովին վերջերս, իշխանափոխությունից անմիջապես հետո հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հայտնվեց հայտարարություն այն մասին, որ հիմնադրամը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը, այնուհետ հայտնի դարձավ, որ 2010 թվականից հիմնադրամը գլխավորող նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը չի շարունակելու իր գործունեությունը, այս մասին բազմաթիվ հրապարակումներ եղան:

Այս հայտարարություններից հետո ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հրատապ հանդիպում էր հրավիրել մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ, որպեսզի այդ հիվանդություններով տառապող երեխաներն առանց օգնության չմնան: Հանդիպման ընթացքում քննարկվել էին մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները: Որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը բաց է համագործակցության եւ միանալու համար:

Այս հանդիպումից հետո «Նվիրիր կյանք»-ի ֆեյսբուքյան էջից հեռացվեց գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարությունը:

Այսօր «Նվիրիր կյանք» հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը հայտարարել է, որ հիմնադրամը հեռացրել է իր հայտարարությունը ու շարունակելու է գործել նախկինի նման, սակայն հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն, իրենք այսուհետ աշխատելու են առանց ղեկավարի, քանի որ իրենք ինքնաբավ են եւ կարող են իրենց նախկին կազմով, առանց նախագահի շարունակել աշխատել:

Հիմնադրամի խորհրդի անդամ Շուշանիկ Արեւշատյանն էլ նշել է, որ կարծում են՝ Ռիտա Սարգսյանը կմնա հիմնադրամի անդամ, սակայն տեղյակ չեն ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի դիրքորոշման մասին, թե վերջինս ցանկանո՞ւմ է մասնակցություն ունենալ հիմնադրամի աշխատանքներին:

Նշվեց նաեւ, որ իրենք ներկա չեն եղել Աննա Հակոբյանի հրավիրված աշխատանքային հանդիպմանը ու կարծում են՝ պատճառն իրենց կողմից տեղադրված հայտարարությունն է եղել գործունեության ժամանակավոր դադարի մասին: Նկատենք, սակայն, որ մինչ հրատապ աշխատանքային հանդիպում հրավիրելը Աննա Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերում հայտարարել էր, որ ամեն ինչ պետք է անել՝ քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելու ծրագրերը շարունակական դարձնելու համար:

«Նվիրիր կյանք» հայկական բարեգործական հիմնադրամը սկսել է գործել 2009 թվականից, իսկ 2010-ից այն ղեկավարում էր Ռիտա Սարգսյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS