Սա մեր երկրի համար անցումային շրջան է, և ես հույս ունեմ, որ այն մեզ կտանի ավելի լավ վիճակի. Ալլա Լևոնյան

«Լինելով այս երկրի քաղաքացի, ունենալով շատ բարեկամներ գյուղերում եւ քաղաքներում, իմանալով բոլորի առօրյան՝ ուզում եմ, որ մեր երկրի վիճակն ավելի լավանա, մարդիկ ավելի ներդաշնակ ապրեն, ուրախ լինեն: Սա մեր երկրի համար անցումային շրջան է, եւ ես հույս ունեմ, որ այն մեզ կտանի ավելի լավ վիճակի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Ալլա Լեւոնյանը, ով, ի դեպ, վերջին շուրջ վեց ամիսների ընթացքում հարցազրույցով հանդես չէր եկել:

Երգչուհու խոսքով՝ ամեն Աստծո առավոտ ինքը աղոթում է, որ Հայաստանում խաղաղություն լինի. «Երկրի խաղաղության պահպանման վերաբերյալ մտավախությունը տարիքի հետ ավելի է սրվում, բայց ես միշտ հույսն ու լույսն եմ տեսնում, թե չէ դժվար կլինի ապրել»,-ասաց նա:

Ալլա Լեւոնյանի ստեղծագործական կյանքում այժմ բուռն շրջան չէ, թեեւ վերջերս հյուրախաղերով եղել է Ռուսաստանում, նաեւ բանակցություններ է տանում՝ առաջիկայում այլ երկրներում համերգներով հանդես գալու ուղղությամբ. «Մարդ պետք է հանգիստ լինի նոր էնտուզիազմով գրելու համար: Մեր ստեղծագործողներն էլ նոր բաներ չեն մատուցում՝ չհաշված հեղափոխության ժամանակ գրված երգերը: Ես չեմ կարող որոշել ու գրել: Դրա համար հարկավոր է, որ պահը հասունանա: Իսկ այս պահին բուռն հոգեվիճակում չեմ, չեմ էլ փորձում փնտրտուքների մեջ ընկնել: Ես ինչ-որ բանի ետեւից չեմ վազում, որ հասնեմ: 25 տարի է՝ երգում եմ, ապացուցելու բան էլ չկա: Եթե էմոցիոնալ պոռթկում լինի, անպայման մի նոր գործ կներկայացնեմ հանդիսատեսիս: Փորձում եմ ազնիվ լինել ինքս ինձ եւ լսարանիս հետ»,-շեշտեց երգչուհին:

Ամեն դեպքում, կա մի երգ, որի վրա Ալլան պատրաստվում է աշխատել եւ նույնիսկ տեսահոլովակ ներկայացնել երկրպագուներին. «Երգը հեղինակել է մի կանադահայ, խնդրել է, որ հենց ես կատարեմ այն, չեմ մերժել, քանի որ, ըստ իս, շատ գեղեցիկ ստեղծագործություն է: Ամառն անցնի, հավանաբար կսկսենք աշխատանքներ տանել այդ ուղղությամբ»,-եզրափակեց մեր զրուցակիցը: Աննա Բաբաջանյան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS