Տարոն Մարգարյանի կոչը իրավապահներին ի դեմս ակտիվիստների

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված այգու տարածքում բարեկարգումից հետո որևէ սրճարան և ռեստորան չի լինելու. այն պատկանելու է երևանցիներին: Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ այդ այգին երկար տարիների տրված է եղել վարձակալության, որից հետո վարձակալն այն վերադարձրել է Երևանին, իսկ Վարդանյանների ընտանիքը ստանձնել է այգին բարեկարգելու աշխատանքները:

«Բարեկարգման աշխատանքներն արդեն երեք ամիս ընթանում են: Այգին որևէ առևտրային, սրճարանային տարածք չի լինելու, այն լինելու է համայնքինը, իսկ ինչ վերաբերում է ծառերի հատմանը, Վարդանյանների ընտանիքն իր ծրագրում կանաչ տարածքի ավելացում ունի: Եթե իրականում որոշ քանակի ծառեր են կտրվել, համոզված եղեք՝ մի քանի անգամ ավել ծառեր են տնկվելու:

Երբ այսօր Վարդանյանների ընտանիքը մամուլով կներկայացնի այդ ծրագիրը, այդ ժամանակ մենք պատրաստ ենք մյուս հարցերին պատասխանել»,- նշեց Մարգարյանը:
Նա անդրադարձավ նաև մայիսի 16-ին Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ընթացքում ակցիայի մասնակիցները ներխուժել են քաղաքապետարանի շենք:

«Ես դատապարտում եմ այդ գործողությունները: Հստակ երևում է, որ օրենքի խախտում է եղել, նրանք ներխուժել են քաղաքապետարանի շենք և փորձել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խանգարել: Ես կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին, որ զբաղվեն այս հարցով: Մենք որպես տեղական ինքնակառավարման մարմին անկախ ենք և իրականացնում ենք մեր ծրագրերը, նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Նա շեշտեց, որ հարգում է երևանցիների խոսքը, միշտ լսել է նրանց և հաշվի է առնելու այն խնդիրները, որոնց մասին երևանցիները բարձրաձայնում են:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS