Ֆրшնսիшյի шռшջին զգու շшցումը՝ բшցեք Հшդրութն ու Շուշին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը չի ճանաչում Արցախի անկախությունը եւ իբրեւ Մինսկի խմբի համանախագահ միակողմանի ճանաչումը չի համարում արդյունավետ ճանապարհ: Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը հաջորդում է Ֆրանսիայի Սենատի հայտնի բանաձեւին, որով կառավարությանն առաջարկվում է քննարկել Արցախի անկախության ճանաչումը:

Գործադիր իշխանությունը փաստորեն անհամաձայնություն է հայտնում Սենատին: Ինչ է դա, հակասությու՞ն, թե՞ ներդաշնակ քաղաքականություն օրենսդիր-գործադիր ձեւաչափով, ինչի միջոցով էլ Փարիզն առաջին զգուշացումն է անում նոյեմբերի 9-ի համաձայնագրի առնչությամբ: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ներկայում առաջնայինը հակամարտության հետեւանքով տեղահանված անձանց վերադարձի խնդիրն է:

Ֆրանսիան դնում է Շուշիի եւ Հադրութի խնդիրը, որովհետեւ տեղահանվածների վերադարձի առումով ադրբեջանական շահերը կարծես թե նոյեմբերի 9-ի համաձայնագրում արտացոլված են հստակ: Բացակայում են հայկական շահերը, առաջին հերթին հենց Հադրութի շրջանի եւ Շուշիի առումով, որոնք հայտնվել են օկուպացիայի ներքո եւ չեն հայտնվել եռակողմ համաձայնագրում:

Նոյեմբերի 10-ին Փարիզը հայտարարեց, որ համաձայնագրում պետք է արտացոլվի նաեւ հայկական շահը: Այսինքն, Ֆրանսիան նոյեմբերի 10-ին ազդարարեց հայկական շահի բացակայությունը: Այդ արձանագրումով Փարիզն անշուշտ փորձում է լուծել գործընթաց իր վերադարձի հարցը: Բայց այդ հարցի լուծումը բխում է հայկական շահից, ինչի ուղղությամբ պետք է անել առավելագույնը:

Նոյեմբերի 27-ին Երեւան է ժամանել Ֆրանսիայի հումանիտար օգնության նոր խմբաքանակը, որը ուղեկցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Երեւանում հանդիպելու է Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:

Արդյոք Փարիզն ունի առաջարկներ կամ դիտարկումներ, թե ինչ է ակնալում Հայաստանի քաղաքականությունից՝ մասնավորապես հայկական իրավունքների եւ շահերի առաջմղման հարցում, կամ փորձելու է պարզել այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը:

Վերջին հաշվով, այն չի կարող մնալ լոկ Ֆրանսիայի վրա: Ֆրանսիան կարող է լինել էական գործընկեր ու աջակից, բայց Հայաստանը նախ ինքը պետք է հստակ կանգնի հայկական շահերի եւ իրավունքի դիրքերում:

Ճանաչման հարցը գործադիր իշխանության մակարդակ տեղափոխելը Փարիզի համար լինելու է չափազանց լուրջ քայլ, հետդարձի կետից անդին: Ֆրանսիան ըստ այդմ պետք է շոշափի բոլոր հանգամանքները, եւ Հայաստանն այստեղ առաջնային է:

Աղբյուր՝ Lragir.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS