Մանվել Գրիգորյանի եղբոր որդին հայտնվել է զինվորի սպանության գործի կիզակետում. Նոր սենսացիոն բացահայտում է սպասվում…

1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը նոր ընթացք է ստացել. թիրախում Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանն է, որի դեմ օրեր առաջ հաղորդում է ներկայացվել:
25 տարի առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում հրազենի կրակոցից սպանվել էր Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը: Այս գործով Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մհեր Պետրոսյանին մահ պատճառելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով)։
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հաղոդագրություն տարածեց, որում մասնավորապես նշված է, որ 2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել Է. Պ.-ի դիմումն այն մասին, որ 1994թ. ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մհեր Պետրոսյանին դիտավորյալ սպանել է Հրանտ Գրիգորյանը, սակայն դեպքի իրական հանգամանանքները խեղաթյուրվել են եւ արդյունքում վերջինս ենթարկվել է ընդամենը 1 տարվա ազատազրկման:

Ներկայացված հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տված բացատրությամբ Է.Պ.-ն վերահաստատել է հայտնած տեղեկությունը՝ հավելելով, որ այդ մասին իրեն պատմել են նաեւ դեպքին ականատես կոնկրետ անձինք, իսկ հետագայում Հրանտ Գրիգորյանի հորեղբայրը՝ Մանվել Գրիգորյանը, եկել է իրենց տուն եւ ահաբեկել իր պապիկին, որպեսզի վերջինս բողոք չներկայացնի, ինչից վախենալով՝ իրենք ընտանիքով հեռացել են Հայաստանից:

Այս աղմկահարույց սպանության եւ Հրանտ Գրիգորյանի առնչության մասին մամուլը բազմիցս գրել էր: Ավելին՝ դատախազության տարածած հաղորդագրությունից հաստատվում է այն տեղեկությունը, որ սպանության մասին իմացել եւ լռել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունում. մասնավորապես, ՊՆ-ից կեղծ փաստաթուղթ են տվել այն մասին, թե իբր Մհեր Պետրոսյանը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի ստորագրությամբ 1993թ. մարտի 13-ի ամսաթվով տեղեկանք է տրվել առ այն, որ Մ. Պ.-ն զոհվել է 1994թ. ապրիլի 16-ին՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելին՝ նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունից առգրավվել է Մհեր Պետրոսյանի արխիվային գործը, որի զննությամբ պարզվել է, որ նրան տրվել է զոհվածի կարգավիճակ՝ չնայած այն հանգամանքին, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Մ.Պ.-ն զինվորական ծառայության հետ բացարձակապես կապ չի ունեցել եւ մարտական գործողությունների մասնակից չի հանդիսացել:

Զննված գործում առկա է եղել նաեւ Մանվել Գրիգորյանի կողմից տրված տեղեկանք առ այն, որ Մ.Պ.-ն զոհվել է 1994թ. ապրիլի 16-ին՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, ինչը հակասում է քրեական գործում առկա այլ փաստական տվյալներին, մասնավորապես՝ դատավճռին:

«Ավելին՝ պարզվել է, որ 2002թ. հունիսի 1-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից թիվ ՆՀ-1106 հրամանագրով Մ. Պ.-ն հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության եւ խիզախության համար հետմահու պարգեւատրվել է արիության մեդալով»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ՝ փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ Էջմիածին քաղաքի «Տոչ պրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պետրոսյանը 3 անձանց հետ 1994թ. ապրիլի 16-ին գնացել են Ակնալիճ գյուղի լճի տարածքում գտնվող ռեստորան: Ճաշելուց հետո ռեստորանի բակում նրանց մոտեցել են մի քանի անձինք, որոնց թվում՝ Հրանտ Գրիգորյանը:

Տեղի է ունեցել վիճաբանություն եւ քաշքշոց, որի ընթացքում Հ. Գ.-ն հանել է ատրճանակը, օդ կրակել, այնուհետեւ կրակել Մհեր Պողոսյանի ուղղությամբ եւ արագ հեռացել դեպքի վայրից: Մ. Պ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն, ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:

Այժմ ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանել 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով կայացված դատավճիռը ու եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Բողոքի դատական քննությունը ներկայումս ընթացքի մեջ է:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS