Չինաստանի ոգևորիչ առաջարկը Հայաստանին՝ Անկախության 27-րդ տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում

Անկախության 27-րդ տարեդարձի առիթով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձների շարքում է նաեւ Չինաստանի վարչապետ Լի Կըցյանի ուղերձը: Դրանում Չինաստանի վարչապետը վերհաստատում է Հայաստանի հետ հարաբերության խորացման պատրաստակամությունը: Չինաստանի վարչապետի ուղերձը սակայն տարբերվում է ուշագրավ մի հանգամանքով՝ կոնկրետ առաջարկի մատնանշումով:

«Չինական կողմը կարևորում է Հայաստանի՝ որպես գործընկերոջ դերը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման գործում: Ես պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու՝ մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների հետագա առաջընթացն ու տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունն ապահովելու նպատակով», ասված է ուղերձում:

Չինաստանի վարչապետը անկախության տարեդարձի շնորհավորանքի ուղերձում ամրագրում է կոնկրետ առաջարկ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը:

Չինաստանը ծրագիրը առաջ է մղում վաղուց, եւ այն բազմավեկտոր, բազմաճյուղ գաղափար-նախագիծ է, որի ուղղությամբ Պեկինն աշխատում է ամենատարբեր պետությունների հետ: Ըստ տեղեկությունների, նախագիծն առաջ մղելու համար Պեկինը նախատեսել է 100 միլիարդ դոլար:

Հայաստանի համար չինական առաջարկը նոր չէ: Այդ առումով սակայն հետաքրքիր է մի հանգամանք: Նախորդ տարի Չինաստանը մեծ Վեհաժողով էր կազմակերպել այդ թեմայով, որին մասնակցում էին մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներ, այդ թվում ՌԴ նախագահ Պուտինն ու ԵՏՄ մյուս անդամները: 2017 թվականի մայիսի 14-15-ին տեղի ունեցած այդ համաժողովին ԵՏՄ անդամներից միայն Հայաստանն էր, որ մասնակցել է բավական ցածր՝ նախարարական մակարդակով:

Սերժ Սարգսյանն այդ համաժողովի օրերին մեկնել էր Քաթար՝ պաշտոնական այցով: Մյուս կողմից հետաքրքիր է, որ Երեւանը Պեկինի Վեհաժողովին չէր ներկայացել նաեւ այն ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մակարդակով: Ներկայացել էին էկոնոմիկայի եւ կապի ու տրանսպորտի նախարարները:

Ինչու՞ էր Երեւանը ըստ էության բաց թողել այդ համաժողովը: Արդյոք Հայաստանի նախորդ իշխանությունը համարում էր, որ Հայաստանի առումով Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ ծրագիրը իրատեսական չէ եւ կապված է մի շարք բարդությունների հետ, որոնք կամ հաղթահարելի չեն, կամ Երեւանը անհրաժեշտ չի համարել ջանք թափել, կարծելով, որ ստանալիք էֆեկտը համարժեք չի լինի թափված ջանքին:

Չինական Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախագծի հայաստանյան հեռանկարը կապված է թերեւս Իրանի հետ: Այստեղ իսկապես կան բարդություններ, հաշվի առնելով, որ Իրանը չունի ընդհանուր ճանապարհ Չինաստանի հետ եւ այստեղ «արանքում» են երկրներ, որոնց միջեւ կան լրջագույն կոնֆլիկտներ: Կենտրոնական Ասիայի պարագայում բավական բարդ կլինի ճանապարհը Ադրբեջանով տանելու փոխարեն անցկացնել Իրան եւ Հայաստան: Մտածել, թե Ադրբեջանից ճանապարհը կարող է անցնել Հայաստանով, իրատեսական չէ: Գործնական հնարավորությունն Իրանն է, դրանից բխող խնդիրներով հանդերձ: Կա ոչ միայն «միջանկյալ» երկրների հարցը, այլ նաեւ Իրան-Արեւմուտք հարաբերության:

Այդուհանդերձ, այն, որ Պեկինը Հայաստանի Անկախության տարեդարձի առիթն օգտագործում է Հայաստանի նոր ղեկավարությանը կոնկրետ առաջարկն անելու կամ հիշեցնելու համար, հուշում է, որ Չինաստանը ունի վերաբերմունքի փոփոխության ակնկալիք: Ընդ որում, ամենեւին պետք չէ բացառել, որ կոնկրետ հիշեցումը նաեւ ինդիկատոր է, թե Հայաստանի նոր ղեկավարությունն ընդհանրապես ինչպես է աշխատելու չինական ուղղությամբ:

Այդ իմաստով, Չինաստանից հնչել է կոնկրետ աշխատանքի առաջարկ, առնվազն հայ-չինական հարաբերության առարկայացման ճանապարհի առաջարկ, Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախագիծը դիտարկելով մեկնակետ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS