11 տարի առաջ Սաշիկի որդի Հայկ Սարգսյանի դատական գործով վկայի ցուցմունքից նոր մանրամասներ են բացահայտվել…

Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով նիստում այսօր հարցաքննվեց նրանց հարեւան Սամվել Ասլանյանը:

Դատարանը նախորդ նիստին այս վկային բերման ենթարկելու որոշում էր կայացրել, քանի որ վերջինս երկու անգամ ծանուցվել էր, սակայն երկու անգամ էլ հետ է վերադարձվել ծանուցումը՝ չծանուցված նշումով։

Սամվել Ասլանյանը ասաց, որ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի եւ Դավիթ Սիմոնյանի հետ նորմալ հարաբերություններ ունի: Ասլանյանը դատարանում պատմեց Թումանյան փողոցի բնակարաններից մեկում 11 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին։ Նա ասաց, որ սկզբում իմացել է, թե կրակոցի հետեւանքով Արթուր Ղեւոնդյանն է մարմնական վնասվածք ստացել, սակայն հետո Հայկ Սարգսյանը իրեն կանչել է եւ ասել, որ տուժածը Դավիթ Սիմոնյանն է:

Մեղադրողի հարցին՝ իրեն ասե՞լ են, թե ինչի հետեւանքով է Սիմոնյանը մարմնական վնասվածք ստացել, վկան պատասխանեց. «Ինչ-որ զենք են գտել, խաղացել-մաղացել են, կրակել են…»:

Նա նշեց, որ որեւէ տեղեկություն չի ունեցել, որ Սիմոնյանի վրա կրակել է Հայկ Սարգսյանը։ Մեղադրողի հարցին ի պատասխան վկան ասաց, որ նախաքննության ընթացքում ինքը եւ Ալեքսանդր Սարգսյանը առերեսվել են, սակայն չի հիշում, թե ինչ ցուցմունք է տվել:

Վկան պատմեց, որ իր լսածով՝ կրակոցը դիպել է Դավիթի մեջքին։ Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը, սակայն, նկատեց, որ վկայի դատաքննության եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջեւ կան էական հակասություններ, ուստի, միջնորդեց հրապարկել նրա նախաքննական ցուցմունքը: Մասնավորապես, վկա Ասլանյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ Ալեքսանդր Սարգսյանն իրեն տեղեկացրել է, թե Դավիթ Սարգսյանի վրա կրակել եւ մարմնական վնասվածք է հասցրել Հայկ Սարգսյանը, սակայն դատաքննության ընթացքում նշեց, որ նման տեղեկություն չի ունեցել։ Նախաքննության ընթացքում վկան հայտնել է, որ Դավիթ Սիմոնյանը եւ Արթուր Ղեւոնդյանը մտերիմ հարաբերություններ են ունեցել Ալեքսանդր Սարգսյանի որդիների՝ Հայկի եւ Նարեկի հետ։ Նա նշել է, որ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի նկուղում տեղի ունեցած դեպքի մասին իմացել է Ալեքսանդր Սարգսյանից։ «2007թ. ապրիլի 1-ին ես տանն էի, երբ երեկոյան ինձ զանգահարեց Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներից մեկը եւ ասաց, որ շեֆը ուզում է տեսնել ինձ եւ որ ես իջնեմ ներքեւ։

Գնացի նրա մոտ. խոսակցության ժամանակ նա պատմեց, որ մեր կողքի մուտքի վերեւի հարկում գտնվող երիտասարդը, որը մշտապես գտնվում է իրենց նկուղում, Հայկի հետ զենքով խաղացել է նկուղում, որի ժամանակ զենքը կրակել է այդ տղայի մեջքին եւ նա վիրավորվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ես ասացի, որ խոսքը Արթուրի մասին է, նա ասաց՝ այո։ Քանի որ ինձ բակում ճանաչում են, խնդրեց հանդիպել Արթուրի ընտանիքի անդամների հետ, նրանց փոխանցել, որ ամեն ինչ լավ կլինի, նրան տիրություն կանեն։

Գնացի Արթուրենց տուն՝ ծնողների հետ զրուցելու, նրանց հետ եկանք համաձայնության։ Երեկոյան, սակայն, ինձ զանգահարեց Ալեքսանդր Սարգսյանի աներձագը՝ Աբոն, եւ ասաց, որ թյուրիմացություն է եղել եւ խնդրեց իջնեմ բակ: Բակում էին Աբոն եւ Ալեքսանդր Սարգսյանը. վերջինս ինձ ասաց, որ շփոթել է, վնասվածքը ստացել է ոչ թե Արթուրը, այլ Դավիթը, հետո խնդրեց նույն խոսքերը փոխացնել Դավիթի ընտանիքի անդամներին, ովքեր գտնվում էին հիվանդանոցում»,–նախաքննական ցուցմունքում պատմել է վկան։ Այնուհետեւ վկան հայտնել է, որ գնացել է այն հիվանդանոց, որտեղ գտնվում էր Դավիթ Սիմոնյանը։

«Գնացի հիվանդանոց, մայրը լաց էր լինում, ասում էր, որ որդին կմահանա, մայրն ու հայրն ասացին, որ իրենց տղան գնում է ձեռքից, ասացին, որ ծանր վիրահատություն է տարել եւ որ նրա օրգաններից մեկը կարող է հեռացնեն: Դուրս եկա հիվանդանոցից, բակում ինձ սպասում էր Աբոն, նրան ասացի՝ ինչու էիք ինձ խաբում եւ ասում՝ վնասվածքը թեթեւ է, այնինչ, Դավիթի ծնողներն ասում են՝ ծանր է, Աբոն պատասխանեց, որ ես էլ քո պես չգիտեմ»,- պատմել է վկան՝ հավելելով, որ իրեն չի հաջողվել զրուցել ծնողների հետ։ Հաջորդ օրն, ըստ վկայի ցուցմունքի՝ Ալեքսանդր Սարգսյանի անվտանգության աշխատակիցներից մեկը իրեն «լսեցնելու համար» ասել է, որ Դավիթին կրակել է Արթուր Ղեւոնդյանը՝ իր կողմից գտած զենքով, մինչդեռ ինքը գիտեր իրականությունը։

Սամվել Ասլանյանը նախաքննության ընթացքում նշել է, որ Ալեքսանդր Սարգսյանի ողջ շրջապատը եւ բակի բնակիչները տեղյակ են եղել, որ Հայկն է կրակել Դավիթի վրա։ Դատախազի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նախաքննության ընթացքում նշել է, որ Հայկն է կրակել Դավիթի վրա, իսկ հիմա այդ մասին չի խոսում, վկան պատասխանեց, որ հնարավոր է՝ շփոթել է եւ չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել: «Ես սրտի վիրահատությունից հետո շատ բաներ չեմ հիշում, հիպերտոնիկ հիվանդ եմ, որտեղից հիշեմ 15 տարվա բանը»,- դժգոհեց վկան՝ հավելելով, որ իրեն որեւէ մեկը չի խնդրել նման բովանդակությամբ ցուցմունք տալ:

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS