Ես ու կինս արդեն 12 տարի միասին էինք ապրում, երբ նա ցանկացավ, որ մի ուրիշ կնոջ հրավիրեմ ընթրիքի և կինո: Նա ինձ ասաց.
—Ես քեզ սիրում եմ, բայց և գիտեմ, որ մի կին կա, ով նույնպես սիրում է քեզ և ցանկանում հետդ ժամանակ անցկացնել:
Կինս խոսում էր մորս մասին: Հայրս մահացել է 19 տարի առաջ, և մայրիկս այդքան տարիներ միայնակ է ապրել:
Այդ երեկո ես զանգեցի մորս, որ նրան հրավիրեմ ընթրիքի:
—Ի՞նչ է պատահել, քեզ հետ ամեն ինչ լա՞վ է, — առաջին բանն էր, որ ասաց մայրս:
Հետո նա ասաց, որ շատ է ցանկանում ինձ հետ ժամանակ անցկացնել, ես նրա ձայնից զգացի, որ շատ ուրախացավ:
—Ես ընկերուհիներիս ասել եմ, որ որդուս հետ այսօր ռեստորան եմ գնալու, նրանք բոլորը մի քիչ նախանձեցին ինձ, -հպարտությամբ ասաց մայրիկս, երբ հաջորդ օրը մեքենայով գնացի նրա հետևից:
Մենք գնացինք ռեստորան: Երբ ես տվեցի մենյուն մայրիկիս, նա մեկ-երկու րոպե նայեց և վերադարձրեց ինձ, ասաց, որ ինքս մի բան ընտրեմ: Մորս աչքերը լավ չէին տեսնում…
Հետո մայրիկս նայեց ինձ և թախծոտ ժպտալով ասաց.
—Երբ դու փոքր էիր, մենյուն ես էի կարդում քեզ համար, դու այդ ժամանակ չգիտեիր տառերը…
Մենք տարված զրուցում էինք, այնքան կարոտ կար մեր մեջ, և մեծ տխրություն, որը պարբերաբար փոխարինվում էր ուրախությամբ: Անբացատրելի զգացմունք էր: Պատահաբար նկատեցինք, որ կինոյից ուշացել ենք:
Երբ ես նրան տարա տուն, մայրս ասաց.
—Ես քեզ հետ ևս մի անգամ կգամ ռեստորան: Բայց այս անգամ ես եմ քեզ հրավիրում:
Ես համաձայնեցի:
Մի քանի օր անց մայրս մահացավ սրտի կաթվածից…դա այնքան անսպասելի էր, որ ես նրա համար ինչ-որ բան անելու հնարավորություն չունեցա…
Մորս տանը մի երկտող գտա, որտեղ գրված էր.
—Ես այն նույն ռեստորանում սեղան եմ պատվիրել և վճարել եմ հաշիվը: Կտրոնը ծրարի մեջ է: Ես վստահ չեմ, որ կկարողանամ կրկին ընթրել քեզ հետ, այնուամենայնիվ, երկու հոգու համար եմ վճարել: Քեզ և կնոջդ համար:
Երևի չեմ կարողանա բացատրել, թե ինձ համար ինչ էր նշանակում այն ընթրիքը…
Որդիս, ես սիրում եմ քեզ…