2016-ի այս օրն Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքեց Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրեց այն գրաված ու արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա ծռերին»։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա Ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա:
Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չստացավ և բարեհաջող կերպով սնունդը տեղ հասցրեց»։
2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։
Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։
2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից: 2017 թվականի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց` փետրվարի 3-ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով:
Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ և, նրա փաստաբանների կարծիքով, պատճառ դարձավ մահվան։
Երևանում այսօր միջոցառումներ կանցկացվեն՝ ի հիշատակ «Հաց բերողի»:
Հիշեցնենք՝ նախորդ տարի այս օրը «Հայ կանանց ճակատը» հաց և քաղցրավենիք էր բաժանում քաղաքացիներին, Արթուր Սարգսյանի մասին թռուցիկներ տալիս անցորդներին: