Զարկերակային գերճնշումն ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը զարգացման սկզբնական փուլերում որևէ կերպ չի դրսևորվում և կարող է բավական երկար ժամանակ աննկատ մնալ: Պատշաճ բուժման բացակայության դեպքում այս խանգարումը կարող է հանգեցնել գլխուղեղի կաթվածի, ուստի հարկավոր է շատ զգոն լինել։ Զարկերակային գերճնշման դեպքում կան սննդամթերքի տեսակներ, որոնցից հարկավոր է խուսափել լուրջ բարդությունների չբախվելու համար: Մասնագետները ներկայացրել են դրանցից մի քանիսը:
Վերամշակում անցած միս․ Մասնագետները խորհուրդ են տալիս առհասարակ հրաժարվել վերամշակում անցած մսամթերքից, քանի որ այն հարուստ է մեծ քանակությամբ աղով: Նման մսամթերքը նախապես ապխտում են, մշակում և պահածոյացնում, որից հետո այն հայտնվում է վաճառասեղաններին երշիկեղենի, նրբերշիկի և նմանատիպ այլ մթերքի տեսքով: Դրանցում չափազանց մեծ քանակությամբ աղ, ճարպեր ու կոնսերվանտներ են պարունակվում, ուստի նման մթերքը խիստ վնասակար է զարկերակային գերճնշման դեպքում:
Սառեցված պիցցա․ Պանրի, տապակած մսի, տոմատի մածուկի և այլ վնասակար մթերքի համադրության ու մեծ քանակությամբ աղի առկայության պատճառով նման պիցցան շատ վնասակար է օրգանիզմի համար: Ընդամենը մեկ բաժին պիցցան կարող է պարունակել ավելի քան 700 գրամ նատրիում:
Պահածոներ․ Պահածոյացման համար մեծ քանակությամբ աղ է հարկավոր, քանի որ այն թույլ չի տալիս, որ մթերքը փչանա: Այս դեպքում աղն օգտակար է մթերքի համար, սակայն ոչ մարդու: Ընդ որում՝ այն հատկապես վնասակար է զարկերակային գերճնշման դեպքում, ուստի մասնագետները հորդորում են հրաժարվել նման մթերքից:
Հավի կաշի և փաթեթավորված պատրաստի ուտեստներ․ Յուղոտ մսամթերքում և փաթեթավորված պատրաստի ուտեստներում պարունակվում են տրանսճարպեր, որոնք բացասաբար են անդրադառնում սրտամկանի առողջության վրա, ուստի զարկերակային ճնշումը վերահսկողության տակ պահելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս խուսափել նման մթերքից: