ԱԺ արտահերթ ընտրություններն այլևս պատմություն են: Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ ձայների բացարձակ մեծամասնությունը: Վարչապետի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է գնա իր կաբինետի կտրուկ փոփոխության ճանապարհով, եթե, իհարկե, իր նպատակը երկրի տնտեսական առաջընթացն ու անվտանգությունն են:
Դեռ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր կառավարության անդամներից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ճակատագրերն են հայտնի` նրանք կշարունակեն պաշտոնավարել նաև նոր կառավարության կազմում:
Փաշինյանի նոր կառավարությունը բանիմաց կադրերի կարիք ունի, ու հասկանալի է, որ փոփոխություններ պետք է լինեն տնտեսական բլոկում: Մամուլի հրապարակումների համաձայն՝ առաջին փոխվարչապետի պաշտոնը կլքի Արարատ Միրզոյանը. նա գնալու է ԱԺ՝ որպես խոսնակ:
Փաշինյանի կառավարության վերջին 7 ամսիների ամենաաղմկոտ գործերը կապված են ԱԱԾ-ի հետ: Այս կառույցը հատկապես երկրի ղեկավարների գաղտնալսումից հետո ամուր ձեռքի կարիք է զգում: ԱԱԾ ներկա ղեկավար Արթուր Վանեցյանը, կարծես, չկարողացավ իր առաջ դրված խնդիրը կատարել, ու, ամենայն հավանականությամբ, հրաժարական կտա հունվարից հետո:
Վանեցյանը ևս հասկանում է, որ իր՝ ԱԱԾ ղեկավար լինելուն քիչ ժամանակ է մնացել, և այս առումով պատահական չէր մամուլում կազմակերպված տեղեկատվության այն արտահոսքը, որ Արթուր Վանեցյանը դառնալու է առաջին փոխվարչապետ:
ԱԱԾ պետին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, Վանեցյանը առաջին փոխվարչապետ դառնալու մեծ նպատակ ունի: Վերջին մի քանի շաբաթներին նա ամեն կերպ ցանկանում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հասցնել, որ ինքը տնտեսությունից ավելի լավ է գլուխ հանում, և օրինակ է բերում իր ընտանիքի հաջողված բիզնեսները, որոնք հեռակա կարգով ինքն է ղեկավարում:
Այս պահին դեռ հստակ չէ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ում իր առաքելությունը տապալած Արթուր Վանեցյանին կվստահի առաջին փոխվարչապետի պաշտոնը: Դեռ պարզ չէ՝ Փաշինյանը ռիկսի տակ կդնի՞ երկրի տնտեսությունը, թե՞՝ ոչ: