Եվ արդ, դու ի՞նչ ունես ասելու, ա՛նձ իմ բազմամեղ, եթե այսքան դեղերով չես բժշկվում:
Սակայն փութա՛, մի՛ հապաղիր, զարթնի՛ր դառնանիրհ քնիցդ,
Դարձի՛ր կորստական ճանապարհիցդ, փարատի՛ր անգիտության խավարը,
Սթափվի՛ր անզգամ մոլորությունից և ուշքի՛ եկ, թոթափի՛ր մեղքերիդ սաստկությունը,
Թեթևացրո՛ւ անօրենության բեռներիդ ծանրությունը, քավի՛ր հանցանքներիդ անթիվ բազմությունը,
Բժշկի՛ր չարաչար վերքերիդ խոցվածքները և լվա՛ ամբարշտությանդ տիղմի ժանտահոտությունը,
Որպեսզի սրբված և մաքրված հոգով, լուսազարդված և մեծապայծառ մարմնով կարողանաս համարձակադեմ և զվարթերես անցնել տիեզերական ահեղ և անթիվ բանակների միջով,
Կանգնել Աստծո ահավոր ու մեծ Բեմի առաջ և լսել Նրանից երանության քաղցրալուր բարբառը և աշխարհատես հրապարակի ավետիսը, թե՝
«Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, և մտե՛ք, ժառանգեցե՛ք երկնքի բարության վայելչությունը` Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ» :
Հովհան Մանդակունի