Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին սպանել են 57-ամյա կնոջը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դաժան ծեծի ենթարկված հավաքարարուհուն չեն հասցրել տանել հիվանդանոց, և նա ճանապարհին մահացել է:
«Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Կատարվում են բազմածավալ օպերատիվ աշխատանքներ դեպքի հանգամանքները, ինչպես նաև նշված հանցանքը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ասել է, որ վարկածները չի կարող բացահայտելև այս պահին չկա ոչ մեղադրյալ, ոչ կասկածյալ:
Հարցին, թե Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայո՞ղ է կասկածվում կնոջը ծեծի ենթարկելու մեջ, Գաբրիելյանը ոչ հերքել է և ոչ էլ հաստատել:
«Վարկածներ շատ կան: Դրանք ստուգվում են: Այս պահին ես որևէ բան չեմ կարող ասել»,- նշել է Կարեն Գաբրիելյանը:
Ճշտող հարցադրմանը, թե այդ դեպքում որտեղի՞ց է շրջանառվում այդ տեղեկությունը, որ կնոջը Սլաբոդկա թաղամասում ծեծի է ենթարկել ռուսաստանցի զինծառայող, Կարեն Գաբրիելյանը պատասխանել է, թե ինքը չի կարող ասել: