«Իսկ որ դու ցուցում էիր տալիս անմեղ մարդուն 12 տարի նստացնել, դա հանցագործությո՞ւն չէր». Նախկին դատավորը՝ Ռոբերտ Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ դատավոր աշխատած Պարգև Օհանյանի համար զարմանալի է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատավորի վրա ճնշում գործադրելու, արդարադատության ու արդարությունից է խոսում: Օհանյանը, ով դատավոր է աշխատել 1999-2008 թվականը, հիշում է՝ ինչ բարքեր էին Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ:

«Դատավորներին պատվերները սկսվել են հենց Քոչարյանի ժամանակ: Բավական է հիշենք, հենց Հյուսիսային պողոտայի հետ կապված պատվերները: Նախագահականից կամ զանգում էին՝ օգնականը կամ աշխատակազմի ղեկավարը, կամ կանչում էին նախագահական: Զանգել են դատարանի նախագահին, դատարանի նախագահն էլ կանչել է դատավորներին, ասել է՝ Հյուսիսային պողոտայի հետ կապված գործերը պիտի լուծվեն հօգուտ իրացնողների: Սա նորություն չի»,-պատմեց նախկին դատավորը:

Ըստ նրա՝ դատավորին պատվերը միշտ միջնորդավորված է եղել: «Կարող է ուղիղ դատավորին զանգելու դեպքեր լինեն, չգիտեմ, ինձ հետ չի եղել: Կոնկրետ ինձ ոչ ոք չի զանգել: Ասվում էր դատարանի նախագահին, դատարանի նախագահն էլ կանչում էր, հրավիրում էր բոլորին՝ ասում էր՝ սենց-սենց: Նման արատավոր բաներ է եղել Քոչարյանի իշխանության ժամանակ»,-բացահայտեց Օհանյանը: «Հիմա ո՞վ է խոսում օրենքից, արդարությունից, զավեշտ է: Անձը, ով ստեղծել է պատվերով արդարադատության, կաշկանդված, կոռումպացված համակա՞րգը»,-հարց է ուղղում նախկին դատավորը:

Նրա խոսքով՝ այսօր ահռելի կարողության տեր Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ժամանակ ամբողջ երկիրը վերածել էր «իր շահի բոստանի», ամեն ինչ ծառայեցնում էր իր շահերին ու իրեն ոչ ոք չպետք է խանգարեր. «Ամեն հարաբերության մեջ իր շահն էր: «Ռոյալ Արմենիայի» գործով գործարան կար, մի քանի շահ էր համընկել…, հողեր, տարածքներ, Հյուսիսային պողոտա, բիզնես էր ու էդ բիզնեսում պիտի իրանց խանգարող չլիներ: Դատավորն ո՞վ էր, դատավորը պիտի նոտարի պես հաստատեր վճիռները, որ մարդանց հանեն, որ էնտեղ շենքեր կառուցեն, իրանք միլիոններ, միլիարդներ աշխատեն: Հիմա էդ մարդը նստել, խոսում է ԱԱԾ ու ՀՔԾ պետերի կենցաղային խոսակցությունունից ու դա որակում հանցագործությո՞ւն»,-տարակուսեց Օհանյանը:
Ինչ վերաբերում է ԱԱԾ ու ՀՔԾ պետերի խոսակցությանը դատավորի զանգի մասով, ապա Պարգև Օհանյանի խոսքով, այդ մասով խոսակցությունը չպետք է լիներ: «Ակնհայտ է, որ էդ երևույթը միշտ եղել ա ու էդ երևույթը ձևավորվել է հենց Քոչարյանի իշխանության կողմից կարելի է ասել: Դատավորն էլ մարդ ա, կաշկանդվում ա, հա, հիմքերը նայում ա, բայց նրա առաջ հանրապետության նախկին նախագահն ա»,-ասաց նախկին դատավորը՝ շարունակելով. «Այդ զրույցը չպիտի լիներ, եթե խորանանք դատավորի, պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների մեջ, բայց մեր իրականության մեջ նման երևույթ կա և գալիս է հենց Քոչարյանի իշխանության օրերից սկսած»:

Միևնույն ժամանակ Պարգև Օհանյանը ուղղակի պարտադրանք դատավորին այդ խոսակցության մեջ չի տեսնում: «Նրբությունն ինչում է. Կալանքի հիմքերի մասին է խոսքը, այսինքն ԱԱԾ պետն ասում է՝ էդ հիմքերի պարագայում դու ուզես-չուզես պիտի կալանքը տաս: Փաստացի սա ցուցում չի կարա լինի, որովհետև եթե չտար էլ, ԱԱԾ-ն ի՞նչ պիտի աներ, ԱԱԾ-ն լծակ չունի դատավորի վրա: Ես ճնշում կհամարեի, որ ուղղակի ասեր՝ պարտադիր պիտի տաս: Ես պարտադրանք չեմ տեսնում»,-ասաց Օհանյանը:
Նշենք, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը գաղտնալսված խոսակցության մեջ ՀՔԾ պետին ասել է. «Ինձ դատավորը նոր զանգեց: Դե մի քիչ վախեցած ա: Ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը: Հրա՞չ, հա՞: Հրա՞չ ա անունը դատավորի: …Մի խոսքով՝ դատավորը, ով որ պետք ա կալանքը տա: Ասել եմ՝ դուխով: Բա, մի հատ հիմքերը պրոստո նայեմ, պարոն Վանեցյան, հետո զանգեմ, զեկուցեմ, էս անեմ, էն անեմ: Ասեցի նայի հիմքերը, հետո կզանգես: Բա կալանքը ուզես չուզես, պիտի տաս»:

Ըստ Օհանյանի՝ պատվերի դեպքում ոչ թե դատավորը կզանգեր, այլ դատավորին պիտի զանգեին: «Ես որպես նախկին դատավոր ասեմ, որ ԱԱԾ պետը երբեք դատավորին ուղղակի չի ասի: Մի քիչ անուղղակի հուշվում է միջնորդությունը ներկայացնող անձի կամ դատախազության միջոցով»: Ըստ Օհանյանի՝ նախկինում դատարանի վրա ճնշումները եղել են տարբեր ձևերով: «Ամենասովորական քրեական գործը քննելիս դատախազն ընկալվել է որպես պետության, ուժային կառույցի ներկայացուցիչ, և դատավորները, չասեմ վախեցել են, միշտ հաշվի են նստել մեղադրողի հետ: Սա նաև եկել է նաև խորհրդային տարիներից»,-նշեց Օհանյանը:

Նա նաև մանրամասնեց, որ դատավորները միշտ էլ կաշկանդված ու երկյուղած են եղել, որ վայ, ԱԱԾ-ի գործ է, զգույշ լինենք. «Բայց եթե դատավորը հեռու լինի կոռուպցիոն անգամ մտքից, մաքուր լինի, ոչ մեկից էլ չի կաշկանդվի: Դա էլ կա, բայց դա էլ միանշանակ չի, որովհետև եթե անգամ դատավորը կաշառք չի վերցնում, էլի վախենում է իր պաշտոնը կորցնել»:
Yerevan.Today-ին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանցագործություն է որակել ԱԱԾ ու ՀՔԾ պետերի խոսակցությունը. «Բովանդակությունը միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, շատ կոնկրետ հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա, և ընդհանրապես, մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել: Սա է այդ գործի էությունը, և ակնհայտ է ևս մի բան, որ որևէ, ընդհանրապես որևէ վստահություն չի լինելու այն քրեական գործերի նկատմամաբ, որոնք քննվում են կամ վերահսկվում են այդ մարդկանց կողմից»,-ասել է նա:

Պարգև Օհանյանն այսօր հարց է ուղղում Ռոբերտ Քոչարյանին. «Իսկ որ դու դատավորին ցուցում էիր տալիս 12 տարի նստացնել անմեղ մարդուն, հանցագործություն չէ՞ր: Հենց «Ռոյալ Արմենիան» ի՞նչ էր, ուղղակի ցուցումով էր գործը եկել, որ պիտի դատապարտվեն 12 տարի ազատազրկման»: Ո՞վ է ցուցումը տվել մեր հարցին ի պատասխան՝ Օհանյանն ասաց. «Նախագահականից: Հիմա անուն չտամ»:

Օհանյանի խոսքով՝ «հանցագործն այսօր խոսում է հանցագործության մասին»: «Իսկ որ դու քո ախրաննիկներին ասում էիր՝ սատկացրեք էսինչին, որովհետև ասել ա՝ «պրիվետ, Ռոբ»: Դա հանցագործությո՞ւն չէր»,-կրկին հարց է ուղղում նախկին դատավորը: Ըստ նրա՝ Քոչարյանն իր պաշտոնավարման ժամանակ վերահսկել է անգամ քաղաքացիական գործերը, եթե իր կամ շրջապատի շահն է եղել մեջտեղում:

«Եղել է տասնյակներով անգամ էնպիսի գործեր, որ հասարակ քաղաքացիական գործ էր, բայց որտեղ շահ կար տարածքի հետ կապված, կարար էդ հարցը միչև հասներ իրեն, և եղել է տենց դեպք, երբ կանչել են նախագահական, թե ինչի եք էս վճիռը կայացրել»,-պատմեց դատավորը, ով «Ռոյալ Արմենիայի» տիրոջ արդարացման վճռից հետո Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ հեռացվեց դատավորի պաշտոնից:

Ըստ Օհանյանի՝ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի խոսակցության էությունը պետք է քննութամբ պարզվի: Ինչպես հայտնի է՝ զրույցի բովանդակության առթիվ գլխավոր դատախազությունն արդեն քրգործ է հարուցել՝ բացահայտելու պաշտոնեական լիազորությունները գերազանցելու հիմքեր կան, թե ոչ: Ինչ վերաբերում է «Մարտի մեկի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Ազարյանի որոշմանը, Պարգև Օհանյանը սխալ է համարում այն.

«Չի կարող անձը, ով ուզում է լինի, լինել բացարձակ անձեռնմխելի: Վճռաբեկը հուսով եմ, կբեկանի այդ որոշումը»:
Մարինե Խառատյան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS