Հայկ Մարությանը հայտարարեց, որ իրենց նախընտրական ծրագիրը կազմված է շուրջ 50 կետից

Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ Քայլը» դաշինքի թեկնածուներ Հայկ Մարությանի, Սրբուհի Ղազարյանի, Սերգեյ Սարգսյանի, Գայանե Աբրահամյանի և Հրաչյա Սարգսյանի մամուլի ասուլիսը:

Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարեց, որ իրենց նախընտրական ծրագիրը կազմված է շուրջ 50 կետից և որ Երևանի կարևորագույն խնդիրները լուծվելու են միայն հանրաքվեի միջոցով: «Նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ստեղծել հանրաքվեի բաժին, որտեղ մարդիկ մտնելու են ու քվերակելու են այս կամ այն հարցի օգտին, իսկ առավել կարևոր հարցերի դեպքում կլինի իրական հանրաքվե»,- ասաց Մարությանը:

Նա խոսեց նաև Երևանի տրանսպորտի խնդրի մասին. «Գծվելու է տրանսպորտի նոր ցանց և լինելու է երթևեկության տոմսերի միասնական համակարգ: Երկարացվելու է երթևեկությունը՝ մինչև 24:00-ն: Լինելու են նաև գիշերային երթուղիներ, որոնք աշխատելու են գիշերվա ժամը 3-4-ը»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Նրա խոսքով՝ նախատեսվում է մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել: «Մետրոյի 1 կայարանի 1 կմ-ն կառուցելու համար նախատեսվում է 50-100 մլն ԱՄՆ դոլար:

Կամ գոնե կավելացնենք ուղևորների հոսքը գոյություն ունեցող կայարաններում», օրինակ, «Գործարանային» կայարան։ Խորհրդային տարիներին այն արդյունաբերական գոտու համար է կառուցվել։ Սակայն հիմա գրեթե ոչ ոք քաղաքի այդ հատված չի գնում։ Պետք է պայմաններ ստեղծել, որ քաղաքի այդ մասում նոր ձեռնարկություններ, կրթական կենտրոններ լինեն»

«Իմ Քայլը» դաշինքի ծրագրում առկա են լուծումներ նաև աղբահանության, համատիրությունների ինստիտուտի ճիշտ կիրառման հետ կապված:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը կկայանան 2018թ-ի սեպտեմբերի 23-ին։ Ընտրությանը կմասնակցեն 4 դաշինք և 8 կուսակցություն։ Նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 2011 թվականի նոյեմբերից, հուլիսի սկզբին հրաժարական է տվել։ ՀՀԿ-ն որոշել է ընդհանրապես չմասնակցել այս ընտրություններին։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS