Հենց սկսեն Հայաստանին ճնշել Նիկոլը միանգամից կվազի Պուտինի մոտ

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը քարոզարշավի երկրորդ օրն անցկացրեց Արարատի մարզում` հանդիպելով տարբեր համայնքների բնակիչների հետ։
Սուրենավան համայնք այցի ընթացքում կուսակցության անդամները տեղի բնակիչների հետ խոսեցին իրենց այն հայտարարությունների մասին, որ այս խորհրդարանը պետք է լինի 1,5-2 տարվա Ազգային ժողով։

Կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը հավաքվածներին բացատրեց, որ այս խորհրդարանը կարճ կյանք պետք է ունենա, քանի որ ներկայիս Ընտրական օրենսգրքով հնարավոր չէ լավ խորհրդարան ունենալ՝ կլինի կիսալավ խորհրդարան։

«Մենք պետք է լավ խորհրդարան ունենանք, Նիկոլ Փաշինյանն ասում է, չէ՞, լեգիտիմ լինի, թող հինգ տարի լինի, մենք հարգում ենք այդ կարծիքը։ Բայց մեր կարծիքն էլ այն է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է հավասար պայմաններում լինեն։ Մենք կանցնենք, և մեզ ձեռնտու է, կասենք` շատ լավ է, գնանք հինգ տարի նստենք խորհրդարանում, բայց մենք մտածում ենք ոչ միայն մեր մասին, մտածում ենք մյուսների մասին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ «Սասնա ծռերը» գնում են աջակցելու կառավարությանը, ուստի կարող են լինել և տարաձայնություններ, որից չպետք է վախենալ։

Ըստ նրա՝ ժողովրդավարությունը հենց կարծիքների բախումն է, և միայն այս դեպքում հնարավոր կլինի պետության կառուցումը։

«Մենք գնում ենք Ազգային ժողով աշխատելու համար, նաև գնում ենք կանխելու անցանկալի զարգացումները։ Երբ սկսեն Հայաստանին ճնշել, Նիկոլ Փաշինյանը «կթռնի» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ ու կասի՝ Պուտին ջան, իմ հարցը չես լուծի, ուրեմն այս տղերքը գալիս են իշխանության, ուզո՞ւմ ես իրենց հետ գործ ունենալ, Սէֆիլյանի հետ ուզո՞ւմ ես գործ ունենալ, Պուտինը կասի՝ այ ցավդ տանեմ, չէ։ Հիմա Նիկոլը միայնակ է, և գիտեք՝ ինչպես ընդունեցին վերջին անգամ Աստանայում՝ կատաստրոֆիկ վատ, բայց մենք կասենք՝ Նիկոլ ջան, դու պետության սուվերենությունը պահի, մենք քեզ հետ ենք։ Հարցին չպետք է մոտենալ էմոցիոնալ»,- նշեց Ստեփան Գրիգորյանը։

Նշենք, որ նոյեմբերի 28-ին «Սասնա ծռերը» քարոզարշավ կիրականացնեն Արմավիրի մարզում։

Զվարթ Խաչատրյան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS