Ճտերը հաշվելու ժամանակը եկել է. Ի՞նչ սպասել վերջին եռամսյակում

Շուտով ավարտին կմոտենա նաև 2018թ.  տնտեսական տարին, և քանի դեռ աշուն է, ինչպես ասում են՝ ժամանակն է «հաշվել ճտերը». շուտով կգա ձմեռը, և ցուրտ եղանակը մեր փոխարեն կսկսի սպիտակ ձյան վրա գրել բոլոր բացթողումները, մենք էլ ստիպված ամբողջ ձմեռ կմնանք ամենօրյա «աքլորի  ծուղրուղուի» հույսին։

Վերջին ամիսներին հրապարակվող տնտեսական ցուցանիշները բազմաթիվ մտահոգություների առիթ են հանդիսացել: Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին ամիսներին կտրուկ անկում արձանագրելով՝ սեպտեմբերին մոտեցել է 0-ական մակարդակին: Կառավարության կողմից չկան հստակ քայլեր և գործողություններ, որոնք հիմք կհանդիսանան հետագա դրական զարգացումների համար, իսկ ըստ հնչեցվող բազմաթիվ գնահատականների՝ տնտեսությունը գտնվում է կանգառի վիճակում, և առաջիկայում պետք է սպասենք բացասական զարգացումների:

Այս ենթատեքստում հաջորդ երևույթը, որ պետք է արձանագրենք, վերաբերում է բյուջեի ծախսային մասի չկատարմանը: Համաձայն ՀՀ Ֆինանսների նախարարության հրապարակած ամսական հաշվետվության,  2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 15 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով իննամսյա ծրագրային ցուցանիշի (156.6 մլրդ դրամ) 9.6%-ը և 83.9%-ով կամ 77.8 մլրդ դրամով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Սա նշանակում է որ առաջին 9 ամիսների ընթացքում տնտեսությունը նախատեսվածից շուրջ 80 մլրդ դրամով պակաս գումար է ստացել, որը չի կարող իր ազդեցությունը չունենալ տնտեսական աճի վրա:

Մտահոգության հաջորդ կարևոր առիթը հանդիսանում է  այն, ինչ կատարվում է օտարերկրյա ներդրումների հետ: Եվ այստեղ մտահոգիչ է ոչ միայն այն հանգամանքը, որ օտարերկրյա ներդրումները նվազել են, այլև այն, որ ներդրումային արտահոսքը մեր երկրից գերազանցել է ներհոսքը, և սրա արդյունքում Հայաստանը ներդրումներ ընդունող երկրից վերածվել է դոնոր երկրի: Համաձայն Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից հրապարակվող վիճակագրական տվյալների,  այսպիսի երևույթ վերջին տարիներին արձանագրվել էր միայն 2015թ.  4-րդ եռամսյակում:

Իսկ ինչո՞ւ է այս երևույթը մտահոգիչ: Հարցին պատասխանելու համար բավարար է միայն հիշել, որ 2016թ. Հայաստանի տնտեսական աճը կազմեց ընդամենը 0.3 տոկոս, իսկ առավել լավ հասկանալու համար վերոնշյալ երկու երևույթների փոխկապվածությունը, անհրաժեշտ է համադրել վերոնշյալ գծապատկերը եռամսյակային ՀՆԱ-ի իրական աճի տեմպը պատկերող գծապատկերի հետ:

Ինչպես երևում է ներկայացված գծապատկերից, 2015 թվականի վերջում ներդրումների անկումն իր ազդեցությունը զգացնել է տվել 2016 թվականի ընթացքում, իսկ տարեկան արդյունքներով ՀՆԱ ցուցանիշը կարողացավ ապահովել 0-ին մոտ ընդամենը 0.3 տոկոսանոց   աճ: Ահա թե ինչու է մտահոգության առիթ հանդիսանում 2018-ի 2-րդ եռամսյակում օտարերկրյա ներդորւմների ծավալների նվազեցումը, և այս երևույթի բացասական ազդեցությունը մենք դեռ շարունակելու ենք մեզ վրա զգալ առաջիկայում:

Ինչևէ, չնայած տնտեության վերջին ամիսների անկումային վիճակին, պետք է փաստենք, որ ունենք այն, ինչ ունենք, և պետք չէ տխրել և հուսահատվել, պետք չէ ձեռքերը ծալած նստել, որովհետև առաջիկայում մեզ էլ ավելի լուրջ մարտահրավերներ են սպասվում:

Ինչ վերաբերում է արդեն սպասումներին, պետք է նշենք, որ դրանք այնքան էլ խոստումնալից չեն: Մասնավորապես, վատագույն սպասումները վերաբերում են արդյունաբերության ոլորտին: Ապրիլ ամսից սկսած չի շահագործվում Թեղուտի հանքավայրը, իսկ հոկտեմբեր ամսին էլ կասեցվեցին Ալավերդու գործարանի աշխատանքները: Ամուլսարի ոսկու հանքավայրը, արդեն վստահ կարող ենք ասել, որ այս տարի չի հասցնի թողարկում ապահովել: ԱՄՆ պատժամիջոցների  պատճառով խնդիրներ են առաջացել նաև ալյումինի արդյունահանման հետ կապված: Այս և հարակից այլ գործոններով պայմանավորված՝ վերջին եռամսյակում մենք չենք կարող ոչ միայն աճ ակնկալել, այլև ընդհակառակը, հոգեպես պետք է պատրաստ լինենք ոլորտի  անկումային ցուցանիշներն արձանագրելուն:  Սա, իհարկե, իր ետևից կբերի նաև արտահանման և, հետևաբար՝ նաև վճարային հաշվեկշռի վատթարացման:

Տարեվերջյան հաջորդ հնարավոր սպասումը, որը նաև սերտորեն կապված է նախորդ  սպասումների հետ,  վերաբերում է դրամի փոխարժեքին:  Մեր նախորդ հրապարակումներից մեկում՝ «5 պատճառ որոնք կանխատեսում են դրամի հնարավոր արժեզրկումը» խորագրի ներքո,  մենք մանրամասն անդրադարձել ենք այս հարցին՝ մատնանշելով փոխարժեքի վրա ազդող  հիմնական գործոնները:

Տարեվերջյան հաջորդ սպասումը, որ կարող ենք արձանագրել, վերաբերում է գնաճին: Ինչպես գիտենք, Կենտրոնական բանկը նպատակադրել է ունենալ տարեկան 4 տոկոս գնաճ, որն այս տարի  շատ մոտ կլինի իրականանալուն: ԿԲ նախագահի հրապարակածտվյալների համաձայն՝   տարին կամփոփվի 3,3-3,5 տոկոս ցուցանիշով:   Եթե հաշվի առնենք առաջիկայում սպասվող զարգացումները, ապա գնաճի այս տարվա նպատակադրումը, ամենայն հավանականությամբ, մոտ կլինի կատարվելուն: Սա թեև տնտեսության զարգացման համար ունի իր դրական ազդեցությունը, սակայն, եթե հաշվի առնենք, որ աշխատավարձի և թոշակների զգալի բարձրացում առաջիկայում չի նախատեսվում, ապա սպառողների համար այս ցուցանիշն այնքան էլ ուրախալի չէ:

Ամփոփելով վերլուծությունը՝ պետք է փաստենք, որ ամենադրական սպասումը տարեվերջի համար՝ տնտեսական ընդհանուր վիճակի կայունացումն է, քանզի միայն դա է այն ֆունդամենտը, որի վրա կարելի է ապահովել տնտեսական հետագա զարգացում:

 Հայկ Բեջանյան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS