Այս ընտրություններն աչքի ընկան մեկ այլ առանձնահատկությամբ։ Քրեաօլիգարխիայի իշխանության տարիներին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն առաջինը շնորհավորական հեռագիր էին ստանում Վլադիմիր Պուտինից, որն այդպիսով «լեգիտիմացնում» էր Հայաստանի «մենթալիտետային» ընտրությունների արդյունքները։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններից անցել է երկու օր, Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Եվրամիությունից, Անգելա Մերկելից, Վրաստանից։ Մոսկվայից ոչ մի ուղերձ չկա, ու եթե նույնիսկ Պուտինն առաջիկա ժամերին կամ վաղը շնորհավորի Փաշինյանին, ապա նրա ուղերձն այլևս կորցրել է իր քաղաքական նշանակությունը։
Երկօրյա լռությամբ՝ Պուտինն արդեն արտահայտեց իր վերաբերմունքը ու այլևս էական չէ, թե նրա ուշացած ուղերձում ինչպիսի արտահայտություններ կլինեն դաշնակցային հարաբերությունների կամ հայ և ռուս ժողովուրդների «եղբայրության» մասին։
Ի դեպ, ուշագրավ է, որ միջազգային մամուլը շեշտված անդրադառնում է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծված դրական տոնայնությամբ, իսկ ռուսական առաջատար կայքերը, մեկը մյուսին ձայն տալով, խոսում են ընտրություններին ընտրողների «աննախադեպ ցածր» մասնակցության մասին։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ռուսական ԶԼՄ-ները գտնվում են Կրեմլի տոտալ վերահսկողության ներքո, ապա ակնհայտ է, որ Մոսկվան ցանկանում է հնարավորինս նսեմացնել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը։
Մեծ հաշվով՝ Մոսկվայի նման վերաբերմունքը կանխատեսելի էր, որովհետև դեկտեմբերի 9-ի ընտրությունները կապիտալիզացնում են հայկական հեղափոխության արդյունքները, իսկ ռուսաստանյան իսթեբլիշմենթը կորցնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդեցության իր լծակները։
Մոսկվայում, մասնավորապես, ցավագին են ընդունում այն փաստը, որ խորհրդարանում ներկայացված չէ ՀՀԿ-ն, որն ավանդաբար եղել է մեր երկրում հիմնական «ռուսական» կուսակցությունը, իսկ հեղափոխությունից հետո ակնհայտորեն դարձել է ռուսական շահերի սպասարկուն։
Մոսկվան ակնհայտորեն ձախողեց երկբևեռ քաղաքական համակարգ ստեղծելու իր մտադրությունը, որի միջոցով վերահսկելի պետք է պահեր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ու հարցն ամենևին էլ միայն այն չէ, որ ՀՀԿ-ն ներկայացված չի լինելու յոթերորդ գումարման ԱԺ-ում։
Ընտրությունների նախօրեին կալանավորվեց Վլադիմիր Պուտինի ընկերը՝ Ռոբերտ Քոչարյանը, որի միջոցով Մոսկվան փորձում էր առարկայական դարձնել երկբևեռ համակարգի իր մտադրությունը։
Այս ամենին գումարվում է նաև ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, որտեղ Նիկոլ Փաշինյանի որդեգրած սկզբունքային դիրքորոշումը հունից պարզապես հանում է Պուտինին։ Եթե անգամ մարտավարական առումով Պուտինին ձեռնտու է, որ Փաշինյանն այս պահին «նեղն» է գցում Լուկաշենկոյին ու Նազարբաևին, ապա գլոբալ հարթության վրա Ռուսաստանի նախագահը հասկանում է, որ նոր Հայաստանն ամենևին էլ իր սատելիտը չէ։
Ի դեպ, գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որ կալանավորվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մի զինծառայող, որը մեղադրվում է քաղաքի 57-ամյա բնակչուհու սպանության մեջ։ Սա կարծես Մոսկվայի «յուրահատուկ շնորհավորանքն» է Փաշինյանին։
Աղբյուր՝ 1in.am