Նիկոլ Փաշինյանը բանակում չի ծառայել՝ թեև ուներ նման հնարավորություն. Ազատամարտին չի մասնակցել՝ թեև կարող էր.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am-ի խնդրանով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին.

«Նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական ելույթներից մեկում հնչեցրել էր հետևյալ միտքը․ «Մի անգամ ասել եմ դեռ պատգամավոր ժամանակ, ասել եմ, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, տեսեք իրենք 99 թվականին Վազգեն Սարգսյանից ստացել են որպես ժառանգություն մի բանակ, որը ընդունված կարծիքի համաձայն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր: 

Հիմա դուք ասեք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և առավել ևս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին որևէ մեկը լսելա, որ Հայաստանի որևէ իշխանության ներկայացուցիչ ասի, որ Հայաստանի զինված ուժերը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, ոչ չեն ասել»

Այս առիթով խնդրեցինք երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին մեկնաբանել Փաշինյանի խոսքերը․

Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև։

«Նիկոլ Փաշինյանը բանակում չի ծառայել` թեև ուներ նման հնարավորություն: Ազատամարտին չի մասնակցել` թեև կարող էր: Այս երկու իրողությունները արդեն բավարար են, որպեսզի նա իրեն իրավունք չվերապահի բանակի ու դրա մարտունակության վերաբերյալ դատողություններ անի ու գնահատականներ տա բանակի զարգացման այս կամ այն պատմական փուլին: Սա առաջինը:

Երկրորդը: Նիկոլ Փաշինյանը բանակաշինության գործում դեռ մատը մատին չի խփել (և դեռ հայտնի չէ` ինչպես դա կանի), բայց իրեն թույլ է տալիս քննադատել մարդու, որը պաշտպանության բանակի ստեղծողներից մեկն է եղել:

Ղարաբաղյան փառահեղ հաղթանակների ժամանակ ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահն է եղել:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին հայկական բանակը աննախադեպ զարգացում է ապրել, և դա պատմական փաստ է: Ընտրարշավին բնորոշ դատարկաբանությունն ու զրպարտանքն էլ պետք է չափ ունենա»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS